Գագիկ Խաչատրյանն առաջարկում է մտածել՝ որ ոլորտներից ու ինչ ձևով ապահովել հավելյալ մուտքերը

Այս տարվա պետբյուջեի եկամուտների ժամանակացույցի համաձայն՝ չորրորդ եռամսյակում հարկերի և պետական տուրքերի գծով պետք է հավաքագրվի ընդհանուր առմամբ ֌50,4 մլրդ-ի լրացուցիչ գումար, ինչը բյուջեով նախատեսված հավելյալ ֌101 մլրդ-ի կեսն է։ Ժամանակացույցը ռիսկային է, եթե հաշվի առնենք, որ ամսական կտրվածքով հավելյալ հավաքագրումը պետք է կազմի մոտ ֌17 մլրդ։ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանը, սակայն, ասում է, որ բյուջեն պետք է կատարվի։

Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում «Օրակարգի» հարցին, թե արդյոք ՊԵԿ-ին կհաջողվի ապահովել բյուջեով նախատեսված ֌101 մլրդ-ի հավաքագրումը, Գագիկ Խաչատյանն ասաց. «Մենք կարծում ենք, որ պետք է հավաքագրենք, քանի որ ամեն ինչ անում ենք, որ այդ ցուցանիշը ապահովվի։ Մենք չենք ասում, որ չենք կարող հավաքագրել, մենք ասում ենք, որ ամենօրյա մտահոգություն ունենք, և ասում ենք՝ եկեք մտածենք, թե որ ոլորտներից ինչ ձևով ապահովենք այդ մուտքերը»։

Խաչատրյանը նշեց, որ ՊԵԿ-ը չի ցանկանում կոշտ վարչարարության դիմել։ Համակարգում իրականացվող միջոցառումները, մասնավորապես՝ էլեկտրոնային համակարգի ներդրումը, ուղղված է տնտեսավարողների գործունեությանն անհարկի միջամտությունների վերացմանը, որպեսզի բիզնեսն ինքը հայտարարագրի վճարվելիք հարկերը և կատարի իր պարտականությունները։ «ՊԵԿ-ի վրա օրենքով հարկեր հավաքագրելու խնդիր չի դրված, կա բիզնեսի վրա պարտավորություն, որ ինքը պետք է վճարի հարկերը, այսինքն՝ բիզնեսը ինքնուրույն վճարի։ ՊԵԿ-ը հավաքագրող մարմին չէ, այն վերահսկողություն իրականացնող մարմին է»,– ասաց Խաչատրյանը։

Ըստ նրա՝ բյուջեն պետք է կատարվի, ՊԵԿ-ում անհանգստություններ կան ամեն օր և հաջորդ տարի էլ են լինելու, չնայած տարիների կտրվածքով հավաքագրումները շարունակ աճել են։

ՊԵԿ-ի անհանգստությունը տեղին է, քանի որ պետբյուջեի հարկային եկամուտների ապահովման ժամանակացույցն անհարթ է։ ֌101 մլրդ-ի հավելյալ հարկային մուտքերի 50%-ի ապահովումը դրված է տարվա առաջին ինն ամիսների, մյուս կեսը՝ վերջին երեք ամիսների վրա։

Հոկտեմբեր-դեկտեմբերին ամսական կտրվածքով անհրաժեշտ է լինելու ապահովել միջինը ֌82 մլրդ-ի հարկային մուտքեր, այն դեպքում, երբ այս տարի ամենամեծ ծավալով հավաքագրումն արձանագրվել է հուլիսին՝ ֌80,5 մլրդ։ Բացի այդ՝ պետք է հաշվի առնել նախորդ տարիների ամսական հավաքագրումների միտումները, որոնք, համեմատած այս տարվա, էապես չեն փոխվել։

Չի բացառվում, որ այս տարվա պետբյուջեի եկամուտների ապահովումը կատարվի կանխավճարների հաշվին։ Սրա մասին թերևս վկայում են 2013թ. բյուջեի նախագծի հիմքում դրված ցուցանիշները։

Այսպես, ըստ կառավարության՝ 2013թ. տնտեսական աճը կլինի 6,2%, լրացուցիչ հարկային եկամուտները՝ ֌120 մլրդ։ Եթե հաշվի առնենք, որ այդ հավաքագրումներից ֌32,3 մլրդ-ը պետք է ապահովվի զինծառայողներին եկամտային հարկի դաշտ բերելու հաշվին, ապա ստացվում է, որ հարկային վարչարարության բարելավման (նախատեսված է հավաքագրել ֌32 մլրդ) և տնտեսական աճի հաշվին հարկերի մուտքն ավելանալու է մոտ ֌88 մլրդ-ով։

Ուշագրավ է, որ եթե 2012թ. կառավարությունը 4,2% տնտեսական աճի պայմաններում և հարկային վարչարարության բարելավման հաշվին նախատեսում է հավաքագրել ընդհանուր առմամբ ֌101 մլրդ-ի հարկային եկամուտներ, ապա գալիք տարի՝ միայն ֌88 մլրդ՝ 6,2% տնտեսական աճի պայմաններում։

Մեկնաբանել