Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության քայլերին: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ տեղի ունեցող քննարկումների, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և այլ հարցերի շուրջ:

Փաշինյանը նշել է, որ Միացյալ Նահանգներն արդյունավետ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը։

«Վարչապետը ողջունել է կոնգրեսականների այցը Հայաստան և գոհունակություն հայտնել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացման բնույթից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է վերջերս Երևանում անցկացված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի անցկացման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: Վարչապետը նշել է, որ ԱՄՆ-ն արդյունավետ աջակցությունն է ցուցաբերում մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարության համար ժողովրդավարության զարգացումն ունի ռազմավարական նշանակություն»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկ և այլ ուղղություններով կապերի ընդլայնումն ու խորացումը։ Այս համատեքստում ընդգծվել է միջկառավարական ու միջխորհրդարանական ակտիվ երկխոսության անհրաժեշտությունը:

Մեկնաբանել