160 հազարից ավելի հետևորդներ ունեցող էջը կեղծ, խուճապ տարածող հրապարակումներ է անում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

«Հայաստան ջան» ֆեյսբուքյան էջը հուլիսի 1-ին «ԱՐՏԱՀԵՐԹ ԼՈՒՐ. Դիվերսիոն խումբը հարձակվել է Սոթք» վերտառությամբ գրառում է արել՝ կցելով ameolik.online կայքից հղում։

160 հազար հավանում և 161 հազար հետևորդ ունեցող «Հայաստան ջան» էջը խուճապային վերնագրերով կեղծ կամ ժամանակավրեպ լուրեր է տարածում։ Այն գրառումներ է անում, օրինակ, դիվեսիաների, սահմանում զոհերի, թշնամու հարձակումների մասին, որոնք, սակայն, տեղի չեն ունեցել։

Օրինակ, Սոթքում դիվերսիոն հարձակում է տեղի ունեցել, սակայն կցված հղման մեջ մեջբերված է 24news.am կայքից հոդված։ Դրանում ՊՆ-ն հերքում է, թե Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարվել։

Մինչդեռ, 24news.am-ը նման հոդված վերջին օրերին չի հրապարակել։ 24news.am-ը նման հրապարակում արել է ամիսներ առաջ՝ 2024-ի հունվարի 7-ին։

«Հայաստան ջան» էջում տարածվող կեղծ և ժամանակավրեպ լուրերը

Այս գրառումը «Հայաստան ջան» ֆեյսբուքյան էջի կողմից խուճապային և կեղծ միակ գրառումը չէ։ Երկու օրվա ընթացքում՝ հուլիսի 1-2-ը, «Հայաստան ջան» էջը տարածել է ameolik.online կայքի շուրջ 20 հրապարակում, դրանցից կեսից ավելին եղել են կեղծ կամ ժամանակավրեպ, բայց հրապարակումների վերնագրերում հաճախ օգտագործվում է «կարևոր, հրատապ, արտահերթ լուր, հրդեհ, քաոսային իրավիճակ» խուճապային ձևակերպումները։

Հուլիսին 2-ին էջը գրառում է արել Հայաստանում իբր տեղի ունեցած երկրաշարժի մասին՝ գրելով, թե դրա հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Չնայած, որ գրառման մեջ նշվում է Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, հոդվածում, սակայն, ասվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի Խուզեստան նահանգում։ Մինչդեռ, ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Իրանում երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Այս գրառումը ևս ոչ միայն կեղծ է, այլև դարձյալ ժամանակավրեպ, քանի որ Իրանի Խուզեստան նահանգում երկրաշարժ եղել է ոչ թե հուլիսի 2-ին, երբ «Հայաստան ջան» էջը հրապարակել է լուրը, այլ ամիսներ առաջ՝ մարտի 26-ին։ Հատկանշական է, որ էջի հետևորդները մեկնաբանություններում բողոքել են խուճապ և կեղծ լուր տարածելու համար։

Հուլիսի 1-ին էջը տարածել է «ԿԱՐևՈՐ… ՊԱՇՏՈՆԱԿԱՆ.. Երեկվանից 8 հայ զինվոր անհետացած…» վերտառությամբ գրառումը։ Տպավորություն է ստեղծվում, որ նախորդ օրը 8 հայ զինվորներ են անհետացել, այնինչ, կցված հղման մեջ ասվում է, որ «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը» Հայ դատի համակարգում գործող «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» հովանու ներքո 2024թ․ մարտի սկզբին պաշտոնապես հայ ութ զինվորականների գործեր է ներկայացրել ՄԱԿ-ի հարկադիր կամ ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին։

Էկրանապատկերը՝ ameolik.online կայքից

Հրապարակումը կեղծ չէ, բայց վերը նշված կազմակերպությունները 8 զինվորականների վերաբերյալ գործերը ներկայացրել են ոչ թե 2024-ի հուլիսի 1-ին, այլ 2024 մարտի սկզբին, հենց այդ ժամանակ էլ դրա վերաբերյալ լուրը տարածել են լրատվամիջոցները։

Նույն օրը էջը գրառում է արել՝ իբր Լոռիում տեղացած կարկուտի հետևնաքով զոհեր ու վիրավորներ են գրանցվել։ Կրկին կցել է հղում, որում նույն բովանդակությունն է։ Սակայն Լոռիում կարկուտի հետևանքով զոհեր չեն եղել։ Լոռիում խոշոր չափերի կարկուտ իսկապես եկել է, սակայն ոչ թե հուլիսի 1-ին, այլ հունիսի 20-ին և զոհեր ու վիրավորներ չեն եղել։ Գրառման հետ կցված լուսանկարը ևս որևէ կապ չունի Լոռիում տեղացած կարկուտի հետ։ Այն վերցված է համացանցից։

Ինչ է հայտնի «Հայաստան ջան» էջի մասին

«Հայաստան ջան» էջը ստեղծվել է 2020-ի նոյեմբերին, սակայն էջի հասանելի հրապարակումները 2022-ի դեկտեմբերից են սկսվում։ Սկզբնական շրջանում էջը հիմնականում կրոնական թեմայով գրառումներ է արել, հետագայում հրապարակումների թեմաները փոխվել են։

էկրանապատկերը՝ «Հայաստան ջան» ֆեյսբուքի էջից

Այս ընթացքում էջը տարածել է news87daily.com, ameolik.online, erevanblog.am և hraparaknews.am կայքերի գրառումները։ Դրանցից news87daily.com-ը ներկայում չի գործում։

Վերջին շրջանում «Հայաստան ջան» էջը տարածում է հիմնականում ameolik.online և erevanblog.am կայքերի հրապարակումները, որոնցից մեկը գրանցվել է 2023-ին, մյուսը՝ 2024-ին։

ameolik.online գրանցվել է Marik Garik անունով օգտատիրոջ կողմից, որպես գրանցման էլեկտրոնային հասցե նշված է [email protected]-ն։

Էկրանապատկերը՝ whois կայքից

Արման Թումասյանը, որի էլեկտրոնային հասցեն նշված է կայքի վերաբերյալ տվյալներում, բլոգեր է։ Նա զբաղվում է սոցցաների էջերի զարգացմամբ։ Թումասյանը 2017-ին վարչապետի աշխատակազմի ղեկավարի ներկայիս տեղակալ Տարոն Չախոյանի հետ ասուլիս է տվել՝ ֆեյսբուքի կողմից հարյուրավոր էջեր արգելափակելու վերաբերյալ։

Լուսանկարը՝ aravot.am-ից

Այս երեք՝ ameolik.online, erevanblog.am և hraparaknews.am կայքերը փոխկապակցված են՝ դրանք նույն բովանդակությամբ ու նույն վերնագրերով լուրեր են տարածում։ Սակայն այս կայքերը իրական լրատվամիջոցներ չեն, դրանց բովանդակությունը կամ վերցված է այլ լրատվամիջոցներից և ներկայացվում են այլ լույսի ներքո, կամ ամբողջությամբ հորինված նյութեր են։

Էկրանապատկերը՝ ameolik.online և hraparak.news.am կայքերից

#CivilNetCheck-ի հետ զրույցում Արման Թումասյանը հաստատեց, որ erevanblog և hraparaknews կայքերն իր անունով են գրանված։ Նրա խոսքով՝ իր անունով այլ կայքեր էլ կարող են գրանցված լինել։ Նա գնել է դոմեյնը ու հետագայում վարձով տվել այդ կայքերը։

«Կայքեր կան, որտեղ դնում ես տրաֆիկով, ցույց է տալիս, որ կայքն այդքան տրաֆիկ ունի, այսքան եկամուտ է տալիս, մարդիկ էլ առնում են»,- ասաց Արման Թումասյանը։

Արման Թումասյանը հայտնեց, որ քանի որ կայքի դոմեյնը դեռևս իր անունով է, անհրաժեշտության դեպքում, կարող է հրապարակումներ ջնջել կայքերից։

Հոդվածում գրել ենք վերջին երկու օրերին էջի տարածած կեղծ ու ժամանակավրեպ լուրերից մի քանիսի մասին, բայց էջն ամբողջությամբ ողողված է նմանատիպ հոդվածներով։

Այսպիսով, «Հայաստան ջան» էջը տարածում է կեղծ և ժամանակավրեպ լուրեր, որոնց մեծ մասը խուճապ է տարածում։

Մեկնաբանել