Մենք առողջ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ․ Միրզոյան

Հայաստանի և Թուրքիայի միջև առողջ երկխոսություն կա, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ինչպես նախկինում, Հայաստանը շահագրգռված է և գործնական ջանքեր է գործադրում հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Մենք միանգամայն պատրաստ ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը։ Պատրաստ ենք արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Մենք առողջ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ»,- իր վրացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Միրզոյանը։

Նրա կարծիքով՝ ժամանակն է, որ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան։

***

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։

2022-ի հուլիսի 1-ին Ռուբինյանը և Քըլըչը Վիեննայում հանդիպման ընթացքում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։

Հայաստանի կառավարությունը 733 միլիոն դրամ է հատկացրել հայ-թուրքական սահմանին՝ Մարգարա գյուղում, մաքսակետ կառուցելու նպատակով։ Շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, մաքսակետը պատրաստ է շահագործման։

Մեկնաբանել