Քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում, հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Ավելի ուշ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ կան ձերբակալված անձինք։
«Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Աբրահամյանը։
Լրատվամիջոցները գրում են, որ ձերբակալվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու նրա տեղակալը։