Իվանիշվիլիի առաջին այցը՝ Բրյուսել

Վրաստանի վարչապետի թեկնածու, «Վրացական երազանք» դաշինիքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին իր առաջին օտարերկրյա այցը կկատարի Բրյուսել: Այս մասին հայտարարել հենց Իվանիշվիլին ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Ֆյուլեն Եվրամիության՝ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Հելգ Շմիդտի հետ երկօրյա այցով Վրաստան է ժամանել երեկ:

«Մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք և շատ խորհուրդներ ստացանք: Ինձ համոզեցին, որ իմ առաջին այցը պետք է լինի Եվրոպա», -ասել է Իվանիշվիլին:

Ավելի վաղ Իվանիշվիլին իր օտարեկրյա առաջին այցը ծրագրել էր կատարել Վաշինգտոն:

Ֆյուլեն, իր հերթին, նշել է, որ Վրաստան առաջին հերթին ժամանել է շնորհավորելու այս երկրին խորհրդարանական հաջող ընտրությունների անցկացման կապակցությամբ:

«Մեր շահերից է, որ Վրաստանը և վրացիները ավելի մոտ լինեն ԵՄ-ին», -ասել է եվրահանձնակատարը: