Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, ըստ տեղեկությունների, «բանագնաց» է ուղարկել Վաշինգտոն՝ վրացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին լուրերի ֆոնին:
Կիրակի «Վրացական երազանքի» նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության ներկայիս ղեկավար Գիորգի Գախարիան պնդել է, որ Իվանիշվիլին Վաշինգտոն բարձրաստիճան պաշտոնյայի է ուղարկել որպես «անձնական բանագնաց»։
«Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի կառավարության ներկայացուցիչներից մեկին ուղարկել է որպես իր անձնական բանագնաց։ Սա ևս մեկ օրինակ է, որ ներկայիս կառավարությունը չի հասկանում, թե ինչպես է գործում ինստիտուցիոնալ ժողովրդավարությունը»,- ասել է նա։
Թեև Գախարիան չի հստակեցրել՝ որ պաշտոնյայի մասին է խոսքը, տեղական լրատվամիջոցները ենթադրում են, որ իշխող կուսակցության հիմնադիր միլիարդատերն ուղարկել է Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիին։
Հունիսի 12-ին վրացի պաշտոնյաների դեմ ճամփորդական պատժամիջոցների Վաշինգտոնի հայտարարությունից հետո Լիլուաշվիլին խորհրդարանին ասել է, որ պատրաստվում է մեկնել ԱՄՆ:
Պետական անվտանգության ծառայությունը երկուշաբթի հաստատել է, որ Լիլուաշվիլին ԱՄՆ էր մեկնել «ամենամյա […] սովորական աշխատանքային այցով»՝ չհստակեցնելով մեկնելու ամսաթիվը։
«Լիլուաշվիլին [հունիսի 12-ին խորհրդարանում] ասել է, որ գործընկերությունը շարունակվում է, և մենք ծրագրում ենք հետաքրքիր համագործակցության նոր փուլեր։ Նա այնտեղ գնացել է դրա հետ կապված»,- պատասխանել են IPN լրատվամիջոցին։
Վաշինգտոնը մայիսին հայտարարեց, որ պատժամիջոցներ կկիրառի վրացի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք «մեղսակից» են «խաղաղ հավաքների ազատությունները խարխլելու, խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակումներ գործելու, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին վախեցնելու և Վրաստանի կառավարության ցուցումով կանխամտածված ապատեղեկատվություն տարածելու մեջ»։
Հունիսին արդեն Վաշինգտոնը հայտարարեց, որ պատժամիջոցների են ենթարկվել Վրաստանի «տասնյակ» քաղաքացիներ, այդ թվում՝ «Վրացական երազանքի» անդամներ, պատգամավորներ, իրավապահ պաշտոնյաներ, մասնավոր քաղաքացիներ և նրանց ընտանիքների անդամներ։ Պատժամիջոցների ենթարկված անձանց անունները չեն հայտարարվել։
«Դուք երևի էլ ավելին կտեսնեք»
Իվանիշվիլիի ներկայացուցչին Վաշինգտոն ուղարկելու մասին լուրերը գալիս են այն ժամանակ, երբ տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ ևս մի քանի բարձրաստիճան պաշտոնյա ենթարկվել է ԱՄՆ ճամփորդական պատժամիջոցների:
Երկուշաբթի ընդդիմադիր Mtavari Arkhi հեռուստաալիքը հաղորդել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի, Քրեական ոստիկանության պետ Թեյմուրազ Կուպատաձեի և Պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեի նկատմամբ:
Կուպատաձեն Mtavari Arkhi-ին ասել է, որ ինքը որևէ ծանուցում չի ստացել իր դեմ պատժամիջոցների մասին։ Գոմելաուրին և Սիրաձեն դեռ չեն մեկնաբանել այս լուրը:
Անցյալ շաբաթ լրատվամիջոցները հայտնեցին, որ պատժամիջոցների է ենթարկվել իշխող կուսակցության երեք պատգամավոր, այդ թվում՝ «Վրացական երազանքի» խորհրդարանական առաջնորդ Մամուկա Մդինարաձեն, Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին և Դիմիտրի Սամխարաձեն:
Pirveli հետուստաընկերությունը հաղորդել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել նաև Զվիադ Խարազիշվիլիի կամ Խարեբայի՝ ՆԳՆ՝ փողոցային անկարգությունների հարցերով վարչության պետի նկատմամբ։
Երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կրկնել է իր երկրի մտահոգությունը «Վրացական երազանքի» ընդունած վիճահարույց՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ:
«Մենք քայլեր ենք ձեռնարկել այդ մտահոգություններն արտահայտելու համար, և ես կարծում եմ, որ դուք, թերևս, էլ ավելին կտեսնեք»,- ասել է նա՝ հավանաբար նկատի ունենալով այն պատժամիջոցները, որոնց մասին հայտարարել էր մայիսի վերջին:
Երեքշաբթի Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է համագործակցությունը Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։
«Երբ խոսքը վերաբերում է կոնկրետ այս օրենսդրությանը, դուք լսել եք, որ ես և [Պետդեպարտամենտի խոսնակ] Մեթյու Միլլերը խոսել ենք առկա բազմաթիվ խնդիրների մասին, և այն մասին, թե դա ինչպես է հակասում Վրաստանի ԵՄ ձգտումներին: [Մենք] դեռ կարծում ենք, որ կարևոր է պահել մեր ներգրավվածությունը, և դեռ կան հարցեր, որոնց շուրջ, վստահ ենք, կխոսենք նրանց հետ»:
Վրաստանի օտարերկրյա գործակալների օրենքը ֆինանսավորման 20 տոկոսից ավելին ստացող՝ քաղաքացիական հասարակության ցանկացած կազմակերպության կամ լրատվամիջոցի պիտակավորում է «օտարերկրյա տերության շահերն իրականացնող կազմակերպություն»։ Նման կազմակերպությունները ենթակա են «մոնիթորինգի» արդարադատության նախարարության կողմից յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, ինչը կարող է ներառել նրանց ներքին հաղորդակցությունը և փաստաթղթերը։ Նրանց կարող են պարտադրել նաև բացահայտել գաղտնի աղբյուրները: Կազմակերպությունները և անհատները, որոնք չենթարկվեն պահանջներին, խոշոր տուգանքների կարժանանան: