Լոռիում և Տավուշում հեղեղումներից տուժած ընտանիքներն աջակցություն կստանան

Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով տուժած ընտանիքները սոցիալական աջակցություն կստանան։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հուլիսի 4-ի նիստի օրակարգում։

Ըստ որոշման՝ զոհված անձանց ընտանիքների դեպքում աջակցությունը կլինի 1 մլն դրամի չափով, իսկ Ալավերդի և Այրում բնակավայրերի տուժած ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով՝ 60 հազար դրամի չափով։ 40 000 դրամի աջակցություն կստանան Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի, Իջևան, Դիլիջան համայնքների տուժած ընտանիքի յուրաքանչյուր անդամ։

Ըստ նախնական կանխատեսման՝ միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի շուրջ 250 ընտանիքների 854 անդամների։ Ընդհանուր առմամբ ծրագրի բյուջեն կազմելու է մոտ 48 մլն դրամ։ Աջակցությունը տրամադրվելու է անկանխիկ։

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ, առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։

Մեկնաբանել