Ադրբեջանը ժամանակ է շահում և դրական գործընթացի պատրանք ստեղծում

Ադրբեջանը չի շտապում կամ չի ցանկանում մոտ ապագայում խաղաղության համապարփակ համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ և պատրվակներ է փնտրում գործընթացն անորոշ ժամանակով հետաձգելու համար։

Անշուշտ, նման մտքեր կարող էին ծագել հընթացս տեղի ունեցող բանակցային գործընթացին հետևելիս, սակայն խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի առաջընթացի մասին Երևանից ու Բաքվից հնչող «լավատեսական» կարծիքներն ու Հայաստանի հյուսիսային շրջաններում սահմանազատման գործընթացը լավատեսության ինչ-որ հույսեր կարող էին արթնացնել, մանավանդ որ այդ շրջանում շատ կարճ ժամանակով Բաքուն, կարծես, դադարել էր շահարկել Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը։

Բայց վերջին շաբաթներին Բաքվից կրկին լսում ենք Սահմանադրությունը փոխելու պահանջներ, որոնք ներկայացվում են որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։ Նման գործելաոճն, անշուշտ, զարամանալի չէ, քանի որ Բաքուն շարունակաբար նոր պահանջներ է առաջ բերում ժամանակ շահելու, հայ-ադրբեջանական գործընթացը վիժեցնելու համար։

Խաղաղության պայմանագիրն անորոշ ժամանակով հետաձգելու Ադրբեջանի մտադրության մասին հիմնավոր ենթադրություններ են ստիպում անել Ալիևի վերջին հայտարարությունները, որոնք հնչել են Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Քևին Հեմիլթոնի հետ հանդիպմանը։ Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ Ալիևը, ի թիվս այլ հարցերի, շեշտադրել է մի քանի ամսվա ընթացքում միայն հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ստորագրելու հավանականությունը։

«Կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի տեքստը, առնվազն դրա հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները կարող են ավարտվել մի քանի ամսվա ընթացքում։ Տեղեկացնեմ, որ [նախկինում] միջնորդների ծրագիրն էր՝ համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, որոնք կոչվում էին Մադրիդյան սկզբունքներ։ Առաջարկվում էր նախաստորագրել դրանք, որից հետո կազմվեր տեքստը։ Կարծում եմ, որ [ներկայում] այդ տարբերակը հավանական կարող է լինել․ սկզբում համաձայնության հասնել հիմնարար սկզբունքների շուրջ, դրանք նախաստորագրել և դրանից հետո աշխատանքներ տանել տեքստի շուրջ»,- ասել է Ալիևը։

Այդ հայտարարությունն ինքնին նորույթ է, քանի որ մինչ այդ, ըստ Բաքվի խոսույթի, խաղաղության պայմանագիրը պետք է պարզապես հիմնված լիներ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա։ Իհարկե, մինչև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումը, հաշվի առնելով Արցախի կարգավիճակի հարցը, Բաքվի այդ պահանջը հայկական կողմի համար խնդրահարույց կարող էր թվալ, սակայն ոչ ներկայում, երբ ղարաբաղյան օրակարգը դուրս է մնացել բանակցային օրակարգից։

Հետևաբար Բաքուն այժմ ժամանակ շահելու և խաղաղության պայմանագրի ստորագրումը անորոշ ժամանակով հետաձգելու նպատակով սկսել է այն առանձնացնել հիմնարար սկզբունքների հիման վրա համաձայնության գալուց։ Հասկանալի է, որ տվյալ պարագայում բուն խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է տևել մի քանի տարի կամ մինչև ձեռնտու լինի Ադրբեջանին։

Պատահական չէ նաև Ալիևի այն միտքը, թե վերջին 28 տարվա կուտակված հարցերը դժվար է հանգուցալուծել մեկ-երկու տարում։ Այդ խոսույթն էլ է նոր, և Բաքուն վերջին շրջանում սկսել է հաճախ շրջանառել այն․ նպատակը նույնն է՝ ամեն պահի «հիմնավորել» բանակցային գործընթացի ձգձգումը։ Ինչպես հիշում ենք, նախկինում հենց ադրբեջանական կողմն էր, որ փորձում էր միջազգային հանրությանը համոզել՝ հակամարտությունն ավարտված է և պետք է շուտափույթ կնքել խաղաղության պայմանագիր։

Խաղաղության համապարփակ պայմանագրի կնքումը դանդաղեցնելու Ադրբեջանի քաղաքականության մասին վկայում է Ալիևի ևս մեկ միտք։ Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը նա ասել է, թե չի կարծում՝ խաղաղության պայմանագրի հարցը կարող է ազդել այլ երկրների հետ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների վրա։ Այդ համատեքստում նա մատնանշել է, որ Ադրբեջանը ռազմավարական գործընկերության մասին տասը փաստաթուղթ է ստորագրել Եվրամիության անդամ պետությունների հետ, որոնց մեծ մասն արվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։

Սրանով Ալիևը, ըստ էության, կոչ է արել միջազգային հանրությանը խաղաղության պայմանագրի հարցում ավելորդ ճնշում չբանեցնել Բաքվի վրա կամ խաղաղության պայմանագրի բացակայությունը որպես խաղաթուղթ չօգտագործել ադրբեջանական կողմի դեմ։ Ինչպես հայտնի է, ներկայում Միացյալ Նահանգներն է ակտիվություն ցուցաբերում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում և առաջնահերթ է համարում հերթական հանդիպման անցկացումը։

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի աշխատանքները կարող են դանդաղել նաև՝ պայմանավորված Ադրբեջանում սպասվող խորհրդարանական ընտրություններով։ Ըստ Բաքվի հավաստիացումների՝ ի սկզբանե նոյեմբերին նախանշված ընտրությունները տեղափոխվել են սեպտեմբեր, քանի որ նոյեմբերին ադրբաջանական կողմը զբաղված է լինելու ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության գագաթաժողովի՝ COP29-ի աշխատանքներով։ Հետևաբար, դա նույնպես լավ առիթ է Բաքվի համար ամենևին չշտապելու խաղաղության բանակցություններում։

Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները հնարավորինս վերահսկելի պահելու և դրանք «ժամանակից շուտ» չավարտելու համար Բաքվի գլխավոր «գործիքը» ներկայում Հայաստանի Սահմանադրության փոփոխության շահարկումն է։ Բաքուն չի էլ թաքցնում, որ դա հիմնական պահանջն է խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին։ Հասկանալի է, որ ադրբեջանական կողմն ունի նմանատիպ «պահանջների» մեծ պաշար, որոնք ժամանակ առ ժամանակ հնչեցնելով՝ խոչընդոտելու է գործընթացը։

Մի կողմից, նա չի շտապում պայմանագրի հարցում և նոր նախապայմաններ դնում, մյուս կողմից, միջազգային լսարանի համար շատ դրական է արտահայտվում խաղաղության տեքստի աշխատանքների մասին՝ ջանալով ցույց տալ առաջընթաց և շեշտելով երկկողմ գործընթացի արդյունավետությունը։

Ադրբեջանն անընդհատ թմբկահարում է սահմանազատման գործընթացում գրանցված փոքր առաջընթացի մասին, բայց անարձագանք է թողնում Հայաստանի՝ մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկը, ինչպես նաև դեռևս չի պատասխանել Վաշինգտոնում սպասվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի գործընկերների ձևաչափի միջոցառմանը մասնակցելու առաջարկին, որով նախատեսվում է ամերիկյան միջնորդությամբ հանդիպում նաև հայկական կողմի հետ։

Այսպիսով, ելնելով Ադրբեջանի մոտեցումներից և հատկապես այդ երկրի նախագահ Ալիևի վերջին հայտարարություններից, պարզ է դառնում, որ Բաքուն այս փուլում առնվազն որոշել է չշտապել համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, փոխարենը փորձում է որպես «փոխարինող» թուղթ առաջարկել դրա նախաստորագրումը (շրջանակային համաձայնություն), իսկ բուն տեքստի ապագան թողնել անորոշ ապագայի։ Իհարկե, այդ տրամաբանությամբ որևէ փաստթաղթի ստորագրում ինքնին կնպաստի միջազգային ասպարեզում Բաքվի հեղինակության աճին, հատկապես COP29 գագաթաժողովի նախաշեմին։

Մեկնաբանել