Վրաստանը դեմ է քվեարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ ԵԱՀԿ ԽՎ բանաձևին

OC Media

Վրաստանը դեմ է քվեարկել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի բանաձևին, չնայած բանաձևից հանվել են Վեհաժողովում Վրաստանի ներկայացուցչի քննադատությանն արժանացած հատվածները։ Բանաձևն ընդունվել է չորեքշաբթի՝ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 31-րդ տարեկան նստաշրջանում։

Երեքշաբթի Վրաստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և ԵԱՀԿ վեհաժողովում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն քննադատել է նախագծի նախկին տարբերակը, որը, ըստ նրա, սխալ ձևակերպմամբ է ներկայացնում աբխազական և հարավօսական հակամարտությունը։

Նա քննադատել է բանաձևը՝ ասելով, որ այն Ռուսաստանին չի ներկայացնում որպես հակամարտության կողմ:

«Եթե ինքս ականատես չլինեի այդ գործընթացին, կմտածեի, որ ՌԴ Դումայի պատգամավորներն են կատարել փոփոխությունն ու այդ ձևակերպումը, բայց հետո հասկացա, որ ռուսների մատն այստեղ խառը չէ»,- ասել է Սամխարաձեն։

«Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացիայի մասին պարբերությանը ավելացված ձևակերպումը հենց այն է, ինչ Ռուսաստանը փորձում է հասնել Ժնևի և միջազգային բանակցություններում վերջին 16 տարիների ընթացքում»,- ասել է նա։

Նա նաև քննադատել է բանաձևի սկզբնական նախագիծը, որում կար հիշատակում «Թբիլիսիի կողմից վերահսկվող Վրաստան, Աբխազիա ու Հարավային Օսիա»։ «Մինչև երեկ ես կարծում էի, որ այս կազմակերպությունը ճանաչում է միայն մեկ Վրաստան՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, և կարծում էի, որ այդ երկիրն եմ ներկայացնում վերջին չորս տարիներին»,- ասել է նա։

«Ըստ ամենայնի, Վեհաժողովը հիմա կարծում է, որ կա «Թբիլիսիի կողմից վերահսկվող Վրաստան», որը բացարձակապես անընդունելի տերմին է, մյուս կողմից՝ Աբխազիա և Հարավային Օսիա։ Մեղմ ասած՝ շատ ցավալի է»:

Կարելի էի ենթադրել, որ Աբխազիան և Հարավային Օսիան հիշատակող հատվածները ձևակերպված են հօգուտ Ռուսաստանի ռազմավարության և պաշտպանում են «Ժնևի ձևաչափի շրջանակում նրա ապակառուցողական պահվածքը»։

«Այս ամենը խիստ մտահոգիչ է հատկապես այն պատճառով, որ ԵԱՀԿ-ն Ժնևի բանակցությունների համանախագահն է, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որի ներկայացուցիչները հեղինակել են նախագծի փոփոխությունը, Ժնևի ձևաչափի անդամ է և Վրաստանի ռազմավարական գործընկերը»։

Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ Սամխարաձեի ընդգծած դրույթները հանվել են նախագծի վերջնական տարբերակից։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ և ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիգի Ծերեթելին հայտարարել է, որ վեհաժողովը փոփոխել է բանաձևը՝ հանելու «անընդունելի հատվածը […], որտեղ առկա իրավիճակի ոչ ճիշտ ձևակերպումներ կային»։

«Շատ ցավալի է, որ կառավարության քարոզչությունը դա օգտագործեց, թե իբր Վրաստանի շահերի դեմ ինչ-որ բան է պատրաստվում Արևմուտքի, ամերիկացիների կողմից, և իբր Վեհաժողովն ինքը շահագրգռված էր դրանում, ինչն իսկապես անհիմն է ու ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակաարևմտյան արշավը շարունակվում է»,- ասել է Ծերեթելին։

«Վրաստանի ազգային ​​շահերի սարսափելի ոտնահարում»

Իր ելույթում Սամխարաձեն բանաձևը դատապարտել է նաև Թբիլիսիի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը քննադատելու և կառավարության ընդդիմախոսների վրա հարձակումների համար։ Ըստ նրա՝ Վրաստանն «անհիմն հարձակման է ենթարկվել՝ շատ հավասարակշռված և լավ բանաձևերում մի քանի փոփոխությունների ավելացմամբ»։

Վերջնական բանաձևից, ըստ երևույթին, չի հանվել Սամխարաձեի քննադատությանն արժանացած այդ կետերը։ Ընդ որում, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» նախագահ Թինա Բոկուչավան ենթադրություն է արել, որ «Վրացական երազանքի» գլխավորած կառավարությունը մերժել է բանաձևը՝ իր քաղաքականության քննադատության համար:

Բանաձևը կոչ է անում ԵԱՀԿ-ին, ԺՀՄԻԳ-ին և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին ստեղծել դիտորդական առաքելություն հոկտեմբերին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար։ Սամխարաձեն քննադատել է Վեհաժողովին առաջիկա ամիսներին ԵԱՀԿ անդամ երկրներում սպասվող ութ ընտրություններից Վրաստանն «առանձնացնելու» համար՝ մեղադրելով նրան «չորս ամիս առաջ ընտրությունները միտումնավոր վարկաբեկելու մեջ»։

Նա քննադատել է նաև Վրաստանում քաղաքական բևեռացման մասին բանաձևի հիշատակումը՝ նշելով, որ «քաղաքական բևեռացում կա, որը ավելի խորն է ԵԱՀԿ տարածքի այլ երկրներում, բայց բանաձևը չի քննադատում բևեռացումը ոչ մի այլ երկրում, բացի Վրաստանից»։

«Սա, կարծում եմ, նպատակաուղղված հարձակում է իմ երկրի վրա, էլ չեմ խոսում այն պնդումների մասին, որ թափանցիկության մասին նոր օրենքը կսահմանափակի խոսքի և հավաքների ազատությունը, ինչը պարզապես բացահայտ սուտ է»,- ասել է նա՝ անդրադառնալով օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքի վերաբերյալ բանաձևի քննադատությանը:

«Այս վեհաժողովի անդամները՝ Ֆրանսիան և Կանադան, անցյալ ամիս ևս ընդունել են նմանատիպ օրենքներ, բայց ես դրանց մասին որևէ հիշատակում չեմ տեսել բանաձևերում, ինչն ինձ ստիպում է մտածել, որ այստեղ կրկին Վրաստանը միտումնավոր է առանձնացվել»,- ավելացրել է նա՝ կրկնելով «Վրացական երազանքի» անդամների հայտարարությունները՝ ի պաշտպանություն օտարերկրյա գործակալների մասին օրենքի։

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանում կատաղի հակազդեցության է արժանանում։ Քննադատներն ընդգծում են ռուսական օրենսդրությանը դրա նմանությունը։ Օրենք, որն օգտագործվում էր քաղհասարակությանը և այլախոհությունը ճնշելու համար: Բանաձևում Վեհաժողովը «խիստ մտահոգություն է հայտնել Վրաստանի փխրուն ժողովրդավարությունը խաթարելուն ուղղված Կրեմլի աջակցությունը վայելող և համակարգված ջանքերի վերաբերյալ»:

Այն կոչ է արել Վրաստանի իշխանություններին «դադարեցնել հարձակումը քաղհասարակության, անկախ լրատվամիջոցների, ակտիվիստների և օրինական ցուցարարների վրա, ինչը կրում է ռուսական հիբրիդային ընդլայնված գործողության բոլոր նշանները»։

«Վրաստանի ազգային ​​շահերի սարսափելի այս ոտնահարման պատճառով մենք պատմության մեջ առաջին անգամ դեմ ենք քվեարկելու վերջնական հռչակագրին»,- ասել է Սամխարաձեն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում։

«Մենք պետք է բացահայտ հայտարարենք, որ դրանք կողմնակալ փոփոխություններ են՝ ասեկոսեների վրա հիմնված հայտարարություններով և առանց որևէ ապացույցի։ Շատ հիասթափեցուցիչ է, երբ կոնկրետ այս դեպքում Վեհաժողովի քայլերը Ռուսաստանի օգտին են, բայց մենք անսասան ենք և կշարունակենք պայքարել մեր երկիրը պաշտպանելու համար»:

Մեկնաբանել