Երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առթիվ հղած իր ուղերձում Փաշինյանը հայտարարել է, որ երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն։

«Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում: Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը

«Իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ սա հիմնարար պրոբլեմ է մեր երկրի համար, և մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, և տվյալ պահին խոսում եմ ոչ այնքան տեքստային նորության, որքան դրա ստեղծման և ընդունման մեթոդի նորության մասին: Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրված է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետության և այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին»։

Փաշինյանի խոսքով՝ «մեզ պետք է Սահմանադրություն, որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ»:

«Այս թեման հիմա շատ է շահարկվում թե՛ ներքին, և թե՛ արտաքին դաշտում: Բայց մենք անշեղորեն պիտի շարունակենք մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, ուժեղացնելու, ինստիտուցիոնալ, հոգեբանական ու ֆիզիկական առումով նրան անխոցելի դարձնելու մեր ճանապարհը: Սա դժվար, բայց պատվաբեր ճանապարհ է, ու մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով, բայց այդ ճանապարհն անցնելու համար մեզ պետք է կենտրոնանալ մի կոնկրետ խնդրի՝ Հայաստանի Հանրապետության պետական շահը սպասարկելու վրա, որովհետև Հայաստանի Հանրապետության պետական շահը ինքնիշխանի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահն է, Իրական Հայաստանում ապրող իրական մարդկանց շահը, որոնք Հայաստանի Հանրապետությունը ստեղծել են որպես գործիք իր միջազգայնորեն ճանաչված տարածքում իրենց ազատությունը, բարեկեցությունը, երջանկությունը, անվտանգությունն ապահովելու համար, արդար միջավայր ձևավորելու համար, և մենք չպետք է շեղվենք այս նպատակից»:

2 Comments

  • Կարծեմ ժողովուրդին մեծամասնութիւնը կը նախնտրէ թրքերէն խօսիլ եւ Ազրպէյճանին հպատակ ըլլալ։ Ինչու՞ չէ։

  • Բա ասում էիք ՀՀ սահմանադրությունը մեր երկրի ներքին հարցն ա՞ մենք չենք պատրաստվում փոխել այն։ Հրաժարվել Սահմանադրությունից նշանակում է հրաժարվել Հայաստանի Հանրապետությունից։ Ձեր սխալը թեև նա է եղել որ 2018 ին չեք ասել որ Հայաստանի պետականությունը
    պետք է կործանեք

Մեկնաբանել