Աղջիկները խուսափում, բայց նմանվում են իրենց մայրերին․ զրույց գրող Ասլը Փերքերի հետ

Հասմիկ Հովհաննիսյան

«Էջ» հրատարակչությունը հայերեն է թարգմանվել թուրք գրող և լրագրող Ասլը Փերքերի «Սուֆլե» վեպը։ Հայերենը վեպի 24-րդ թարգմանությունն է։ ՍիվիլՆեթը զրուցել է հեղինակի հետ։ Զրույցը տեղի է ունեցել անգլերեն։

Ասլը Փերքեր

«Անփորձ ու մեծամիտ խոհարարը բոլոր քայլերը կանի ճիշտ այնպես, ինչպես ասվում է բաղադրատոմսում. նշված ջերմաստիճանում կպատրաստի ու ջեռոցի ապակե դռնից հետևելով ու տեսնելով, որ խառնուրդն ինչպես հարկն է բարձրանում է, հեգնանքով կմտածի՝ հեչ էլ դժվար չէր: Բայց հենց ջեռոցից հանի, ու սուֆլեն աչքի առաջ փխլվի, չի էլ հասկանա, թե ինչ կատարվեց: Կշրջվի, մեկ անգամ էլ կնայի բաղադրատոմսին, կփորձի հասկանալ, թե որտեղ է սխալվել, կմտածի, որ ճիշտ նկարագրածի նման երեսը կարմրելուց հետո ջեռոցից հանել է, ու սիրտը տակնուվրա կլինի»:

Երեք տարբեր մշակույթներ, երեք ընտանիքի պատմություն և մեկ կերակրատեսակ, որի պատրաստումը համարյա նույնքան բարդ է, որքան կյանքից գլուխ հանելը։ Ճակատագրի բերումով փակուղում հայտնված մարդիկ փորձում են ելքեր գտնել, իսկ «Սուֆլե»-ի պատրաստությունն առանց ավելորդ նկարագրությունների արտացոլում է, թե որքան բարդ է ապրելը։

«Ֆիլիպիններում մեծանալ, նշանակում էր հմայության գաղտնիքներին ծանոթ լինել։ Լիլյան մանկու- թյան տարիներին, իր ծանոթների խոհանոցներում, տարբեր կանանցից հմայության տարատեսակ պատմություններ էր լսել: Ի տարբերություն շատերի, տեսել էր նաև մեծ կաթսայի մեջ խառնվող, ճմլվող, եփվող, շուրջբոլորն իրենց հոտը տարածող խոտեր, բույսեր ու միջատներ: Ի տարբերություն իր որոշ հասակակիցների, նա երբեք հմայությանը թերահավատությամբ, ծաղրանքով կամ արհամարհանքով չէր վերաբերվում»:

  • Ձեր վեպում ազգային թուրքական բաղադրիչ չենք տեսնում։ Չկան տարատեսակ հղումներ թուրքական մշակույթին, թուրքական մտածելակերպին։ Բացի հեղինակի ու հերոսներից մի քանիսի անունից ոչինչ Թուրքիայի մասին չի հիշեցնում։ Դուք ձեզ համարո՞ւմ եք աշխարհաքաղաքացի, որպես գրող ավելի շատ աշխարհաքաղաքացի՞ եք, թե որևէ երկրի զավակ։
  • Վեպը գրելիս դա չէի էլ նկատել։ Վեպում երեք մշակույթ է ներկայացված, երեքն էլ ինձ հարազատ։ Միայն վերջում հասկացա, որ սա թուրքական վեպ չէ։ Թուրք կերպարներ կան, որովհետև պատմությունը մեծապես հիմնված է նաև իմ ընտանիքի պատմության վրա։ Հատկապես երիտասարդ սերունդը ինձ հաճախ է ասում, որ գործս ընդհանրապես թուրքական վեպի տպավորություն չի թողնում։ Կարծում եմ՝ հենց դրա շնորհիվ էլ հավանել են, այս վեպը ազգությունը չունի։

Վեպը գրելիս Նյու Յորքում էի ապրում, բայց քանի որ վեպում փարիզյան կյանքի նկարագրություններ կային, հասկացա, որ գործն ավարտելու համար պետք է Փարիզ գնալ։ Առաջին վեպերը գրելիս, երբ Նյուրքում էի բնակվում, մեջս դեռ Թուրքիա կար։

  • Մենք ծանոթացանք գրական ճամբարում, ու ես Ձեզ հարցրի՝ որն է թուրքական ժամանակակից գրականության նարատիվը։ Իմ հարցն այնքան տարօրինակ հնչեց Ձեզ համար, որ խնդրեցիք կրկնել։ Ուզում եմ նույն հարցը տալ, թեև պատասխանը ինձ ծանոթ է, կարծում եմ այն հետաքրքիր կլինի հայ ընթերցողին։ Ո՞րն է տիպիկ թուրքական վեպի նարատիվը։
  • Այս վեպը գրելիս մտածում էի իմ աշխարհաքաղաքացի լինելու փաստի մասին։ Երկիր մոլորակը բոլորինս է, ո՞վ կարող է ինձ ասել, թե չեմ կարող, օրինակ, որոշել ու Իսլանդիա գնալ, ո՞վ է որոշել սահմաններ գծել, ես չեմ հավատում սահմաններին։ Մեզ խաբել են, թե մենք տարբեր ենք։ Ես այդպես չեմ կարծում ու առանձնապես ջանք չեմ գործադրել դա ցույց տալու համար, շատ բնական է ստացվել։ Տիպիկ թուրքական վեպը քաղաքական խնդիրների մասին է, թուրք գրողների ավելի հին սերունդը՝ քառասունականների սերունդը, խոսում էր միայն քաղաքականությունից՝ աջականներ, ձախականներ, թուրք-քրդական բախումներ։ Դասական թուրքական վեպի ուղերձն այն է, որ քաղաքականությունն է կերտում անհատականություն։ Նոր սերունդը շատ է տարբերվում, մենք համամարդկայինի մասին ենք խոսում։

Մենք վեր ենք քաղաքական խնդիրներից, ու պիտի վեր լինենք։ Մենք մեր նախնիների պես ռասիստ չենք ու նրանց պես կարծրացած չենք։ Նրանք մեզ մեղադրում են ապաքաղաքական լինելու մեջ, բայց ես գոհ եմ։ Ես հրաժարվում եմ մարդկանց ձախերի ու աջերի բաժանելուց։

«Յուրաքանչյուր կին, որոշակի տարիքի հասնելով, ձեռք էր բերելու մոր հիվանդությունները, դեմքի արտահայտությունը, խառնվածքը, շարժուձևը։ Ֆերդան այդպիսին չէր լինելու, մորը չէր նմանվելու։ Ներսում տկտկացող կենդանի ռումբի լարերը ինչ-որ կերպ հաջողելու էր կտրել մինչև դրա ավերիչ պայթյունը»:

  • Վեպում մի քանի տեղ ասվում է, որ աղջիկները ուզած-չուզած միշտ դառնում են իրենց մայրերը։ Դա աղջիկների ամենամեծ ողբերգությունն է, ու ովքեր ավելի շատ են խուսափում դրանից, ավելի շուտ են նմանվում իրենց մայրերին։ Ինչո՞ւ է սա այսպես։ Ձեր անձնական պատմությունը կա՞ այս վեպում։
  • Մենք բոլորս կյանքի ինչ-որ փուլում կոնֆլիկտ ունենք մեր մայրերի հետ, ու դա բնական է՝ մենք պետք է ընդդիմանանք նրանց, որովհետև դա է առաջ գնալու ձևը։ Կանայք են առաջ մղում քաղաքակրթությունը, կանայք են սերունդներ փոխում, ոչ՝ տղամարդիկ։ Իմ աղջիկն էլ ինձ հետ է խնդիրներ ունենալու, մի օր ինձ վրա ձայն է բարձրացնելու, մի օր ասելու է, որ հիմար եմ, բան չեմ հասկանում, որ հին եմ, ու հենց այդպես էլ առաջ ենք գնալու։ Հենց նա է մեզ բոլորիս մի քայլ առաջ տանելու, նա լինելու է ավելի ազատ, ավելի ազնիվ, ավելի բաց, նա շղթաներ է կոտրելու։

Ես մինչ օրս մորս հետ անհամաձայնություններ ունեմ, բայց գալիս է մի տարիք, որ ասում ես՝ մի բան գիտեին։ Եթե այս լարվածությունը չլիներ մայրերի ու դուստրերի միջև, ուղեղը կկորցներ իր ճկունությունը, փոխվելու կարողությունը։

«Ամբողջ մի կյանք փրկելն ու պակասող բաղադրիչով կերակուրի համը փրկելը տարբեր բաներ են: Կյանքի պակասող բաղադրիչը փոխարինող չունի: Օսլան ինչքան էլ ավելացներ, չէր կարողանալու անհրաժեշտ թանձրությունը ստանալ: Իրական կյանքում բաժան-բաժան եղածը ձվի սպիտակուցով չես միացնի: Համերը ոչ մի կերպ իրար չէին խառնվում ու չէին ստեղծում համերի անմոռանալի, եզակի մի փունջ: Կյանքի համեմունքը կամ չափազանց քիչ էր, կամ էլ չափից դուրս շատ: Տիեզերքը ոչ մի կերպ չէր կարողանում մի պտղունց կոչվող միավորի բավարար չափը գտնել»:

  • Ձեր ընտանիքի կանայք փորձո՞ւմ էին սննդի միջոցով հաղթահարել խնդիրները։ Կայի՞ն հատուկ ուտեստներ, որոնց պատրաստությունը ինչ-որ կարևոր բան էր նշանակում։
  • Տատիկս Կրետեից էր, ու նրանց կյանքում խոհանոցն ամենակարևոր բաներից է։ Նա բառացիորեն արվեստի գործեր էր ստեղծում, ժամերով պատրաստում էր ու ոչ մի միլիմիետր չէր շեղվում գրքի բաղադրատոմսից։ Մեդիտացիայի պես մի բան էր։ Ու ես ոչ միայն ականատեսն եմ այդ մշակույթի, այլև կրողը։ Ամուսնունալուց առաջ ինձ կանչեց ու ասաց՝ երբ տանը կռիվ լինի, գնա խոհանոց, մի բան պատրաստի՛ր, հետո գնա՛ հարցերդ լուծելու։ Ու իսկապես, պատրաստելը ինձ համար էլ մեդիտացիա դարձավ։ Գնում եմ խոհանոց, մի բաժակ գինի լցնում, լավ երաժշտություն միացնում ու պատրաստում։ Ճաշ պատրաստելը երեխա ծնելու պես բան է։
  • Ձեր վեպը ընթերցելիս հիշեցի ֆրանսիացի գրող, նոբելյան մրցանակակիր Աննի Էռնոյի «Տեղը» վեպը։ Նմանություն զգո՞ւմ եք իր և Ձեր միջև։ Երկուսիդ վեպում էլ կա զուսպ, հավաք տխրություն, որը մինչև վերջ երբեք չի լուծվի, բայց և երբեք չի վերածվի տգեղ ողբերգության։
  • Հետաքրքիր բան եք ասում։ Համաձայն եմ։ Իմ տխուր պատմությունները երբեք ողբերգության չեն վերածվում։ Պետք է տխրել իմանալ, տխրելդ գալիս է, տխրիր, շատ խոր մի փորիր, պարզապես տխրի՛ր։

«Իրենց նախկին կյանքից մնացած միակ բանը անուններն էին: Զանը Վիետնամում գետի անուն է, իսկ Զուն նշանակում է գեղեցկություն: Երկուսն էլ համառ էին իրենց անունները ճիշտ արտասանել տալու հարցում: Ժամանակ առ ժամանակ Զունը Լիլյային զգալ էր տալիս, որ ինքն այդ հարցում էլ առավելություն ունի մոր նկատմամբ: Լիլյան հիմքեր ուներ ենթադրելու, որ Զունը ներքուստ մորն ընկալում էր որպես իր ինքնությանը դավաճանած մեկը»:

  • Ինչո՞ւ ենք վեպում այդքան քիչ տեսնում Լիլյայի որդեգիր զավակներին՝ Զանին ու Զունին։ Ու ընդհանրապես որտեղի՞ց եկավ այդ թելը՝ վիետնամցի երեխաներին որդեգրելու մասին։
  • Այդ ընտանիքն էլ է իրական ընտանիքի վրա հիմնված։ Նյու Յորքի իմ առաջին սենյակը նրանց հետ էի կիսում, տարիներով հետևում էի իրենց ու այդքան տարիների ընթացքում ոչ մի անգամ չեմ տեսել երեխաներին։ Լիլյան մեծ սիրտ ուներ, ամեն ինչ բաց էր թողնում։ Ես շատ սուր աչք ունեմ։ Կարող է՝ ժամերով մեկին նայեմ։ Ինձ համար գրականությունը բոլորովին նոր բան ստղեծելու մասին չէ, ես պարզապես ուզում եմ պատմել իմ տեսած պատմությունները։

«Նրա հավատալիքները ի վերջո երես էին թեքել իրենից, ինչպես որ ինքն էր նրանցից երես թեքել: Մանգագավայն ինչքան էլ ցանկանար, աչքերն ինչքան էլ ամուր փակեր, իր սեփական ցավն անգամ չէր կարողանում ամոքել: Ոչ բարի, ոչ էլ չար հմայության զորություն չուներ այլևս: Կյանքի առաջին քսան տարիները պարտվել էին վերջին քառասուն տարիներին»:

  • Լիլյայի ճակատագիրը մնում է անհայտ։ Անհայտ է մնում նաև այն՝ կարողացավ վերջիվերջո պատրաստել իր ուզած սուֆլեն։
  • Լիլյան չի գտնում իր խաղաղությունը։ Ես նրա համար ավելի լավ վերջաբան էի ուզում, բայց մի առավոտ արթնացա, սկսեցի գրել, ու մտածում էի՝ աստված իմ, ի՞նչ եմ անում, ո՞ւր եմ տանում այս պատմությունը, այս վերջաբանն իմ ծրագրերում չկար։ Լիլյան հացը դնում է տոստերի մեջ, ու մեկ էլ ես հասկանում եմ, թե ինչ եմ արել։ Շոկի մեջ էի իմ արածից։ Պատմությունն այսպես չպիտի ավարտվեր, բայց ընթերցողն ազատ է իր համար իր ուզած վերջաբանը պատկերացնելու։ Շարունակե՛ք Լիլյայի պատմությունը ձեր գլխում։

Մեկնաբանել