Ֆրանսիայի ընտրությունների երկրորդ փուլում առաջատարը ձախերի դաշինքն է

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել «Նոր ժողովրդական ճակատ» (NPF) ձախ կուսակցությունների դաշինքը և ստացել 182 տեղ Ազգային ժողովում․ ըստ ֆրանսիական լրատվամիջոցներին՝ այդ մասին վկայում են երկրի ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալները:

Երկրորդ տեղը զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան (168 տեղ), երրորդը ՝ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» (RN), որը ստացել է 143 տեղ:

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 66,63 տոկոս, ընդ որում, ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել խորհրդարանում մեծամասնություն ստանալ։

Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր, մեծամասնության համար անհրաժեշտ է 289 տեղ։ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը պատրաստվում է Էմանուել Մակրոնին հրաժարականի դիմում ներկայացնել: Նախօրեի երեկոյան հայտարարելով իր այդ մտադրության մասին ՝ նա ակնարկել է, որ պատրաստ է շարունակել իր պարտականությունները՝ հաշվի առնելով ընտրություններից հետո առաջացած քաղաքական անորոշությունը:

Մակրոնը դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել: «Ազգային միավորումը» առաջին փուլի արդյունքներով զբաղեցրել էր առաջին տեղը և կիրակի օրվա քվեարկության ընթացքում բարձր արդյունքների ակնկալիք ուներ, սակայն երկրորդ փուլից առաջ ձախերն ու Մակրոնի կողմնակիցները միավորել էին ջանքերը ՝ կանխելու ծայրահեղ աջերի հաղթանակը:

«Անպատվաբեր դաշինքները խանգարեցին ֆրանսիացիներին ունենալ երկրի վերականգնմանն ուղղված քաղաքականություն», – հայտարարել է «Ազգային միավորման» առաջնորդ Ժորդան Բարդելլան՝ մեկնաբանելով քվեարկության արդյունքները:

Հունիսի սկզբին Եվրախորհրդարանի ընտրություններում ծայրահեղ աջերի հաղթանակից հետո Էմանուել Մակրոնը նշանակեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Մեկնաբանել