Meta-ի փաստերի ստուգման ծրագիրը. ինչպես է այն գործում, ինչ վճիռներ են կիրառվում 

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը 2024-ի հուլիսից սկսել է համագործակցել Meta-ի հետ՝ ներգրավվելով երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագրի մեջ (Third-Party Fact-Checking Program)։

Meta-ն ներգրավում է փաստեր ստուգող անկախ լրագրողների, որոնք Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) անդամ են, և նպատակ ունի իր հարթակներում նվազեցնել ապատեղեկատվությունն ու կեղծ լուրերը։

Meta-ն առաջնահերթություն է տալիս հատկապես այն կեղծ պնդումներին, որոնք արդիական են և կարող են լայն ազդեցություն ունենալ։ Ծրագրի շրջանակում ստուգման ենթակա չեն կարծիքները, ակնհայտ երգիծական կամ հումորային բովանդակությունը, շոուբիզնեսի հետ կապված բամբասանքները և բիզնես վեճերը։ Բացի այդ, ստուգման ենթակա չեն նաև քաղաքական գործիչների ելույթներն ու կարծիքները, այդ թվում՝ նրանց գրառումները կամ գովազդները։

Ըստ Meta-ի սահմանման՝ «քաղաքական գործիչ» են համարվում պետական կամ համայնքային պաշտոնի համար առաջադրված թեկնածուները, գործող պաշտոնյաները, այդ թվում՝ նրանց կողմից նշանակված բարձրաստիճան անձինք, ինչպիսիք են՝ պետական գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև քաղաքական կուսակցություններն ու դրանց առաջնորդները։ Մինչդեռ, նախկին պաշտոնյաների և ընտրություններում առաջադրված նախկին թեկնածուների գրառումները, ըստ Meta-ի չափորոշիչների, ստուգման ենթակա են։

Այսպիսով, փաստեր ստուգողները Facebook-ում և Instagram-ում ստուգում և գնահատում են գրառումները, այդ թվում՝ գովազդները, հոդվածները, լուսանկարները, տեսանյութերը, Reels-ը, ձայնանյութերը և տեքստային գրառումները և դրանցում սխալ, մոլորեցնող, աղճատված փաստեր և բովանդակություն հայտնաբերելու դեպքում համապատասխան վճիռ են կիրառում։

Վճիռները սահմանանել է Meta-ն:

1. ՍԽԱԼ (False). բովանդակությունը չունի փաստական հիմք և ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը

  • Կեղծ մեջբերումներ
  • Ոչ ճշմարիտ պնդումներ, որոնք չեն կարող համարվել իրականում տեղի ունեցածի կամ ասվածի մեկնաբանություն։

Օրինակ. պնդում, որ բնական աղետ է տեղի ունեցել, երբ նման իրադարձություն չի եղել:

Օրինակ. պնդում, որ անհատը ստեղծել կամ արտոնագրել է ինչ-որ բան, երբ նա դա չի արել:

  • Դավադրության տեսություններ

Բացատրում են իրադարձությունները որպես անհատների կամ խմբերի գաղտնի աշխատանքի հետևանք՝ վկայակոչելով ճշմարիտ կամ անստուգելի տեղեկատվություն և անելով անհավանական եզրակացություններ։

Օրինակ. պնդում, որ ընկերությունը գաղտնի զբաղվում է թմրանյութերի առևտրով՝ հիմնվելով ընկերության արտադրանքի բարձր գներ սահմանելու փաստի վրա:

Օրինակ. ապացույցներով չհիմնավորված պնդում, որ իշխանության ներկայացուցիչները ներգրավված են ահաբեկչական հարձակման կազմակերպման մեջ՝ պատերազմ սանձազերծելու նախապայման ստեղծելու նպատակով։

  • Կեղծ բովանդակություն կայքերից, որոնք ներկայանում են որպես իրական լրատվականներ։
  • Պատկեր, ձայնանյութ կամ տեսանյութ, որն իրական է, բայց հրամցվում է որպես մեկ այլ իրադարձության ապացույց (այսինքն՝ կեղծ համատեքստ):

Օրինակ. աղետից առաջ արված քաղաքի լուսանկարը ներկայացվում է որպես ապացույց, որ աղետը վնաս չի հասցրել:

Օրինակ. իրական տեսանյութ, որում անձը խոստովանում է, որ գործել է հանցագործություն, որի համար իրականում պատասխանատու է մեկ այլ անձ։

Օրինակ. իրական, բայց վաղուց ընդունված օրենք, որը ներկայացվում է որպես գործող և հակասում է հնին:

2. ՓՈՓՈԽՎԱԾ (Altered). պատկեր, ձայնանյութ կամ տեսանյութ, որի բովանդակությունը խմբագրվել կամ փոխվել է այնպես, որ կարող է մոլորեցնել մարդկանց

Այն ներառում է մեդիա բովանդակությունը (պատկեր, ձայնանյութ կամ տեսանյութ), որը ստեղծվել կամ խմբագրվել է արհեստական բանականության միջոցով։

Ներառում է նաև տարբեր մեդիաֆայլերի համակցությունը, բայց ոչ մեդիաֆայլերից կտրված հատվածներ, (տես՝ «կոնտեքստից կտրված» վճիռը), մեդիաֆայլերի ներկայացումը սխալ համատեքստում (տես՝ «սխալ» վճիռը), կամ մեդիաֆայլեր, որոնց փոփոխումն ու ստեղծումը թվային ճանապարհով ինքնին մոլորեցնող չէ, բայց պարունակում է սխալ պնդում (տես՝ «սխալ» վճիռը)։

Չի ներառում այն մեդիաֆայլերը, որոնք կրում են թափանցիկության պիտակներ կամ Meta-ի արհեստական բանականության որևէ պիտակ՝ հստակ ցույց տալով, որ բովանդակությունը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ։ Բայց հրապարակումը կարող է բավարարել մեկ այլ վճռի, եթե պարունակում է առանձին պնդում, որը կապված չէ թվային ձևով ստեղծված կամ խմբագրված բովանդակության օգտագործման հետ։

Այս սահմանումը ներառում է․

  • Մանիպուլացված կամ փոփոխված ձայնանյութեր, տեսանյութեր կամ լուսանկարներ:

Օրինակ․ տեսանյութի արագության փոփոխությունը՝ խոսողի խոսքի աղճատման նպատակով։

Օրինակ․ պատկերի ավելացումը բնօրինակ լուսանկարում՝ ցույց տալու իրավիճակ, որը երբեք չի եղել։

  • Խմբագրված բովանդակություն, որում հեռացվել կամ վերադասավորվել են բառեր ինչ-որ մեկի խոսքում՝ այդպիսով փոխելով հայտարարության իմաստը։

Օրինակ՝ հեռացնելով «‎ոչ»‎ բառը «‎Ես չեմ անի X-ը»‎ արտահայտությունից։

  • Փոփոխված լուսանկարը, ձայնանյութը, տեսանյութը՝ ներառյալ արհեստական բանականության միջոցով ստեղծված բովանդակությունը։

Օրինակ․ իրականին մոտ լուսանկար, որը պատկերում է մի իրադարձություն, որը չի եղել։

Օրինակ․ տեսանյութ, որում ինչ-որ մեկն ինչ-որ բան է ասում կամ անում, որ իրականում չի ասել կամ չի արել։

3. ՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ (Partly False). բովանդակությունն ունի որոշ փաստական սխալներ

Այն ներառում է․

  • Անճշտություններ կամ սխալներ՝ կապված թվերի, ամսաթվերի, ժամանակի հետ, որոնք կարող են համարվել իրականում տեղի ունեցածի կամ ասվածի մեկնաբանություն։

Օրինակ. միջոցառման համար գրանցված կամ մասնակցած մարդկանց սխալ թվի նշում։

Օրինակ. կառավարության ծրագրի արժեքի սխալ հաշվարկ։

  • Ճշմարիտ և սխալ առանցքային պնդումների համադրում, որում սխալ պնդումները չեն գերակշռում։

Օրինակ․ պնդումների ցանկ, որում կան և ճշմարիտ, և սխալ պնդումներ։

Օրինակ. տեսանյութ, որը պարունակում է բազմաթիվ պնդումներ, որոնցից մի քանիսը ճիշտ են, իսկ մյուսները՝ սխալ:

  • Բովանդակություն, որը ներկայացված է որպես կարծիք, բայց հիմնված է կեղծ տեղեկատվության վրա։

Օրինակ. օրենքի փոփոխության առաջարկ, որը հիմնավորված է մի շարք կարևոր պնդումներով, որոնցից մեկը ապացուցելի սխալ է:

4. ՀԱՄԱՏԵՔՍՏԻՑ ԿՏՐՎԱԾ (Missing Context). բովանդակություն, որն ակնարկում է սխալ պնդում՝ առանց դրա մասին նշելով

Սա ներառում է.

  • Իրական մեդիաֆայլ, որը չի փոփոխվել (տե՛ս «փոփոխված» վճիռը) կամ ներկայացվել սխալ համատեքստում (տե՛ս «սխալ» վճիռը), բայց աղավաղում է բնօրինակ բովանդակության իմաստը՝ հանգեցնելով կեղծ պնդման: Սա չի ներառում քաղաքական գործիչների իրական ելույթների հատվածներ (օրինակ՝ տեքստային մեջբերումներ, տեսանյութի հատված) (տե՛ս Քաղաքական գործչի սահմանումը)։

Օրինակ. չփոփոխված տեսանյութի հատված, որտեղ խումբը վանկարկում է, որ խաղաղ ցույց է անցկացնում, բայց տեսանյութի ամբողջական տարբերակը ցույց է տալիս, որ նույն խումբը բռնություն է հրահրում:

Օրինակ. ինչ-որ մեկի ելույթի իրական տեքստային հատվածների միավորում, որի հետևանքով ասվածի իմաստն աղճատվում է, բայց չի դառնում ամբողջությամբ հակառակը։

Երրորդ կողմից արված կեղծ պնդման փոխանցում՝ առանց պնդման ճշմարտացիությունը հարցականի տակ դնելու:

Օրինակ. հաղորդավարը հարցազրույց է անում, որի ընթացքում զրուցակիցն անում է ապացուցելի կեղծ պնդում, և հաղորդավարը չի հաստատում կամ հարցականի տակ դնում պնդման ճշմարտացիությունը:

  • Տվյալների կամ վիճակագրության օգտագործում սխալ եզրակացություն անելու համար։

Օրինակ. ուսումնասիրության տվյալների ընտրողական օգտագործումը՝ անելու մի եզրակացություն, որը չկար բուն ուսումնասիրությունում։

Օրինակ. կորելացված տվյալների օգտագործումը՝ ապացուցելի սխալ հետևանքների ցուցադրման համար։

5. ԵՐԳԻԾԱՆՔ (Satire). բովանդակությունը ստեղծված է ծաղրանքի, երգիծանքի ժանրում, սակայն դրա ծաղրական բնույթը ակնհայտ չէ

Բովանդակություն, որն օգտագործում է հեգնանք, չափազանցություն կամ աբսուրդի տարրեր՝ քաղաքական, կրոնական կամ սոցիալական խնդիրների քննադատության կամ իրազեկման համար, բայց ողջամիտ օգտատերը չի կարող անմիջապես կռահել, որ դա երգիծանք է։ Նման բովանդակության աղբյուր կարող են լինել կայքեր, որոնք չեն նույնականացվում որպես երգիծական։ «Երգիծական» գնահատված բովանդակությունը կներառի փաստեր ստուգողների հոդվածները՝ ավելի լայն կոնտեքստի համար։

6. ՃԻՇՏ (True). բովանդակությունը չի պարունակում ոչ ճշգրիտ կամ մոլորեցնող տեղեկատվություն

Ծանոթացեք նաև, թե ինչ է լինում, երբ գրառումը ստանում է պիտակ։

Մեկնաբանել