Լանցարոտեի կարտոֆիլն ու «Ստամբուլի բիճը»

Երևան: Սպանդարյանի շրջան: Քաղաքի լավագույն մանկապարտեզներից մեկն է: Սենյակում փոքրիկ աթոռակները շրջան են կազմել: Երեխաները լուռ նստած են: Չորս-հինգ տարեկանների համար այդքան սառած նստելը դժվար է: Փոքրիկ ոտքերին ձեռքները դրած նստած են: Փորիկը սկսում է ճզմվել: Անհասկանալի ցավ ու վախ է պատում: Շրջանում սառած նստած են: Մեկ, երկու, երեք…միայն թե չկրկնվի… մեկ, երկու, երեք… չկրկնվի… նստած են լուռ, համարյա անշարժ: Ամառ է, հիշողության մեջ առնվազն ամառ է: Երկարաձիգ պատուհանները բաց են: Առաջին հարկն է: Դրսում, ճաղերից այն կողմ թթենին է: Զուգարան գնալու համար ձեռք բարձրացնելու ուժ էլ չկա: Իսկ այնտեղ, պատուհանից երևում է ոստիկանության բաժինը: Բայց դա կապ չունի: Ներսում ձայն չկա: Մեկ էլ տղաներից մեկը չի դիմանում, հիշողությունը ջնջված է, բայց լռությունն ու սառած վիճակը խախտվում է: Փորիկը ավելի է ճզմվում: Աննկարագրելի վախ է: Սառը վախ: Երկրորդ հերթի դաստիարակն է: Մոտենում է աղմուկին գոտկատեղից ներքև մերկացնում ու սկսում պտտել շրջանով: Անմարդկային ճիչ է, սարսափ: Փորիկը դառնում է մի բուռ: Ահասարսուռ վախ է: Ճիչը դառնում է անտանելի: Անտանելի Է: Փոքրիկ ուղեղում մի միտք է պտտվում՝ ինչ լավ է, որ տղա չեմ:

Հետո էլ երբեք իմ աղջիկ լինելը ինձ չի փրկելու, բայց այս ամենը բոլորովին դրա մասին չէ:

Հիմա գրում եմ ու ձեռքերս դողում են: Այս դեպքից քառասունհինգ տարի անց որովայնս ջղաձգվում է: Մոռացված սառնությունն եմ զգում: Քառասունհինգ տարի անց եմ միայն կարողանում այս ամենը հանձնել բառերին: Երբեք չեմ կարողացել, երկար ժամանակ չեմ էլ հիշել: Հիշողությունս ինձ խնայել է:

Փաստերի բացակայությունը դեռևս չի փաստում դրանց բացակայության մասին: Այդ իմաստով մեր սիրելի Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության գերագույն դատական ատյանները հայտնվել են նույն իրավիճակում: Անմեղության կանխավարկածով առաջ գնալը տանում է փակուղի: Չեղարկումը իհարկե երկարաժամկետ լուծում լինել չի կարող: Պետք է մեկ այլ բան մտածել, եթե ուզում ենք մեր երեխաները՝ թե աղջիկ, թե տղա, ինչպես նաև կանայք հնարավորինս պաշտպանված լինեն դեռևս հիմնականում տղամարդու ձեռքում կենտրոնացած ուժի, իշխանության և հեղինակության, բայց ընդհանրապես, ում ձեռքում էլ լինի, այդ նույն ուժի, իշխանության և հեղինակության բացասական դրսևորումներից: Դա նշանակում է, որ չի կարելի շարունակել այնպես, կարծես ոչինչ չի եղել և ասել՝ դատարանում մեղքը չի ապացուցվել, ուրեմն վերջ:

Երկու տարի առաջ ՀՀ աշխատանքային օրենսգիրք ներմուծվեց սեռական ոտնձգության եզրույթը: Երրորդ հոդվածը այն արգելում է: Անկախ հումանիտար կամ մեկ այլ կազմակերպություն լինելու հանգամանքից՝ այս նորմը այլևս պարտադիր է բոլորի համար: Օրենսգիրքը պարտավորեցնում է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր կազմակերպություններին իրենց ներքին կարգապահական կանոններում ներքին իրավական ակտի միջոցով կանոնակարգել աշխատանքում (աշխատավայրում) բռնության կամ սեռական ոտնձգության արգելքին, ինչպես նաև աշխատանքային հարաբերություններին վերաբերող այլ հարցեր:

Հարց 1. Երկու տարի անց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը արդյոք մշակե՞լ է օրինակելի կանոններ, որոնք կկազմեն բոլոր իրավաբանական անձանց համար գրանցման պահից պարտադրվող՝ աշխատանքում (աշխատավայրում) բռնության կամ սեռական ոտնձգության արգելքին վերաբերող կանոնների որդեգրման ատաղձը:

Հարց 2. Երկու տարի անց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը արդյոք կազմե՞լ է այդ կանոնները որդեգրելու ժամանակացույց, որտեղ առանձնացված են հաստատությունների առաջնահերթ ցանկերը: Մասնավորապես, կարևոր է առանձնացնել ՀՀ քրեական օրենսգրքում սեռական ոտնձգության դեպքում ծանրացուցիչ հանգամանքը: Սա նշանակում է, որ Հայաստանի բոլոր համայնքներում գործող խնամքի հաստատությունները՝ ներառյալ առանց բացառության բոլոր կրթական հաստատությունները, առաջին տարում՝ արդեն 2023 թվականի ընթացքում, պետք է ունենային սեռական ոտնձգությունների արգելքը կանոնակարգող ներքին կանոններ և հիմա գտնվեին ակտիվ վերապատրաստումների փուլում:

Հարց 3. Արդյոք Երևանի քաղաքապետարանն արդեն ունի՞ աշխատանքում (աշխատավայրում) բռնության կամ սեռական ոտնձգության արգելքին վերաբերող գործող իրավական ներքին կարգավորում և մեկնարկել է իր ենթակայության տակ գործող բոլոր ՀՈԱԿ-ներում նմանատիպ կանոնների ներմուծումն ու պարտադիր վերապատրաստումների շարքը:

Հարց 4. Արդյոք նորմատիվ իրավական ակտերով աշխատանքում (աշխատավայրում) բռնության կամ սեռական ոտնձգության արգելքին վերաբերող գործող իրավական ներքին կարգավորումը ճանաչվա՞ծ է որպես պարտադիր պահանջ պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու համար:

Եվ եթե այս բոլոր հարցերի պատասխանները ՈՉ են, ապա ո՞վ կպատասխանի թե ինչո՞ւ: Ինչո՞ւ ենք մենք մինչ օրս խոսում անմեղության կանխավարկածից ու փորձում ավարտել խոսակցությունը՝ ևս մի անորոշ ժամանակ երկարաձգելով հազարավոր մարդկանց լուռ տառապանքն ու աննկարագելի վախը:

Սա այն հարցն է, որտեղ պարտավոր ենք առաջնորդվել ուժի և իշխանության կանխավարկածով, որը համարժեք հակակշռող միջոցառումների բացակայության պայմաններում դատապարտված է հանգուցալուծվել չարաշահումներով, այդ թվում՝ անմեղության կանխավարկածի քողի ներքո:

Իշխանությունը ռեսուրսի անհամաչափության արդյունք է: Հետևաբար, լուծումը պետք է լինի արմատական: Իշխանության դեպքում չգրված օրենքներից անցումը գրվածներին, որոնք հասկանալի ու մեկնաբանված են բոլորի համար, առաջին քայլն է: Իսկ որպեսզի անասնաֆերմայի հավասարության բանաձևը չշարունակի հավասարների շրջանում պաշտպանել արտոնյալներին, ապա պետք է ցնցել տեղեկատվության կամ այդ կերպ տեղեկացվածության անհամաչափության հիմքերը: Իրազեկման լայն արշավները ոչ թե պետք է մնան պետությունը ներկայացնող իշխանությունների կամընտրությանը, այլ պետք է դառնան պարտադիր և ֆինանսավորվեն պետական բյուջեից: Եվ թող այդժամ մեկը ասի, որ ուշացած է հասկացել իր չափից ավելի ձեռնահարող լինելը:

Դատարանը իր 1500-ամյա անմեղության կանխավարկածում ինչպես վերարտադրել, այնպես էլ շարունակելու է վերարտադրել այս անշոշափելի բռնության փակ շղթան: Այն ստեղծվել է պատրիկների կողմից: Այսօրվա ուժի, իշխանության և հեղինակության բանաձևումների պայմաններում այնտեղ լուծում չկա:

Իրազեկմանը զուգահեռ պետք է նաև քանդվի լռության շղթան: Այն քանդելու ապահով ու արդեն իսկ փորձարկված ձևերից են անանուն ու գաղտնիությունը երաշխավորող օգնության գծերի առկայությունը, որոնք տրամադրում են խորհրդատվություն բռնության այս ձևերից տուժած երեխաներին և չափահաս անձանց՝ մեծամասամբ կանանց: Դրան զուգահեռ, պետությունը պետք է իր միջոցների հաշվին պատվիրի պարբերական ու ներկայացուցչական հետազոտություններ՝ գնահատելու սեռական ոտնձգությունների, չարաշահումների ու բռնությունների պատկերը:

Այս շղթան այնքան պետք է կրկնվի, մինչև երկրում մեծանա առնվազն չորս սերունդ և վերանա հների հուշը: Վերանան այլևս աշխատավայրում սիրահետելու անհնարինության, մարդ լինելու, տաղանդը մարդուց անջատ դիտարկելու մասին խոսակցություններն այնպես, ինչպես վերացավ ափսոսանքը Belle Epoque-ի շուրջ:

Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանին, որը չլռեց և հնչեցչեց իր տեսակետը: Ափսոսում եմ, որ ստիպված է եղել նաև կարդալ կամ լսել իր հասցեին հնչեցված սպառնալիքները:

Սա այն նյութն է, որի շուրջ լռելը արժե արգելել: Բայց հեծանիվ չհորինելու ու անմեղության կանխավարկածի կամ չեղարկման ծայրահեղություններում աննպատակ ճոճվելու շրջափուլից դուրս գալու համար խորհուրդ կտամ մեր սիրելի հայրենակիցներին գեթ մեկ անգամ կարդալ «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին» և «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիաները: Ու թող ձեր մտքի զուգորդումներում նորից գերիշխեն Լանցարոտեի կարտոֆիլն ու Շաֆակի գրչած «Ստամբուլի բիճը»:

Բարի ընթերցում:

Մեկնաբանել