Meta-ի փաստերի ստուգման ծրագիրը. ինչ է լինում, երբ գրառումը ստանում է պիտակ

Նախորդ հրապարակման մեջ ներկայացրինք, թե Meta-ի երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագրի շրջանակում ինչ բովանդակություն կարող է ստուգվել Facebook-ում և Instagram-ում։ Ներկայացվեցին նաև Meta-ի կողմից սահմանված վճիռները և դրանց բացատրությունը։

Իսկ ի՞նչ գործողություններ են հաջորդում, երբ որևէ գրառում գնահատվում է Meta-ի սահմանած վճիռներով։

Այսպես, երբ նկատում ենք գրառում կամ տեսանյութ, որը պարունակում է սխալ կամ մոլորեցնող փաստեր, #CivilNetCheck-ը նախ պատրաստում է հոդված, որի մեջ մանրամասն ներկայացվում է, թե ինչու է տվյալ պնդումը սխալ՝ կցելով բոլոր ապացույցներն ու աղբյուրները, որպեսզի լսարանը ևս հնարավորություն ունենա ստուգելու դրանք։

Meta-ի հատուկ համակարգում մուտքագրվում է հոդվածն ու նշվում է վճիռը, և դրա հիման վրա Meta-ն կիրառում է սահմանափակումներ։

Գրառման վրա հայտնվում է պիտակ՝ տեղեկացնելով, որ պնդումը, տեսանյութը կամ լուսանկարը «Սխալ է», «Փոփոխված» կամ էլ «Մասամբ սխալ» ու «Համատեքստից կտրված»՝ հնարավորություն տալով նաև ծանոթանալու, թե ինչու է այն համապատասխան վճռով գնահատվել։ Նման պիտակ ստացած գրառումների տեսանելիությունը Facebook-ում, Instagram-ում և Threads-ում նվազեցվում է։

Սակայն եթե հաշիվը պարբերաբար ապատեղեկատվություն պարունակող գրառումներ է անում, ապա Meta-ն սահմանափակումներ կիրառում է ոչ միայն գրառման, այլև օգտատիրոջ հաշվի, էջի, խմբի կամ կայքի նկատմամբ։ Այդ սահմանափակումները տևում են 90 օր։ Տվյալ հաշիվների գրառումների տեսանելիությունն ու տարածումը նվազեցվում է։

Բացի այդ, կարող են կիրառվել այլ սահմանափակումներ ևս, օրինակ՝ մոնետիզացիայի և գովազդի հնարավորության սահմանափակում, նոր էջ ստեղծելու արգելք և այլն։

Meta-ն, առավել ևս փաստեր ստուգող լրագրողները չեն հեռացնում գրառումները, այլ դրանց վրա պիտակ է հայտնվում և նվազեցվում է դրանց տեսանելիությունը։ Meta-ն կարող է հեռացնել գրառումները բացառիկ դեպքերում, եթե տարածվող տեղեկատվությունը խախտում է իր Համայնքի ստանդարտները, ներառյալ ապատեղեկատվությունը և չստուգված լուրերը, որոնք կարող են պարունակել անմիջական բռնության կամ ֆիզիկական վնասի վտանգներ։ Մանրամասներն՝ այս հղմամբ։

Ի՞նչ անել, երբ գրառումը պիտակ է ստացել

Երբ Meta-ն կիրառում է պիտակ որևէ գրառման վրա, դրա հեղինակը ստանում է համապատասխան ծանուցում։ Նա նաև հնարավորություն ունի բողոքարկելու մեր վճիռը։

Սահմանափակումները ու պիտակը վերացնելու համար կարելի է կա՛մ ուղղել սխալ բովանդակությունը, կա՛մ էլ բողոքարկել վճիռը։

  • Սխալ բովանդակության ուղղում. այս նպատակով գրառման մեջ հստակ պետք է նշվի ուղղման մասին։ Եթե Facebook-ի կամ Instagram-ի սթորիում է արվել սխալը, ապա հաջորդ սթորիում ավելացրեք ճիշտ տեղեկությունը՝ նշելով, որ շտկում եք արել։ Եթե անհրաժեշտ է ուղղել հղումը, անպայման ուղղեք նաև համապատասխան տեղեկությունները ձեր կայքում և Facebook-ի գրառման մեջ: Լուսանկար, տեսանյութ, ձայնանյութ պարունակող գրառումների դեպքում նկարագրությունը թարմացրեք՝ կեղծ պնդումները ուղղելու համար, ինչպես նաև ավելացրեք, որ ուղղում է կատարվել։
  • Վճռի բողոքարկում. պետք է հստակ նշել, թե ինչու է ընտրված վճիռը սխալ։ Կցեք նաև հղում կամ աղբյուր, որը կապացուցի ձեր պնդումը, որ ընտրված վճիռը ճշգրիտ չէ։

Ուղղման կամ բողոքարկման դիմումները կարող եք ուղղարկել կա՛մ [email protected] հասցեին, կա՛մ Meta-ի միջոցով՝ ծանուցում ստանալուց հետո 7-օրյա ժամկետում։

Փաստեր ստուգողները կփորձեն եռօրյա ժամկետում դիտարկել ձեր դիմումը և համապատասխան որոշման մասին տեղեկացնել։

Եվս մեկ կարևոր հորդոր՝ մի՛ ջնջեք պիտակ ստացած գրառումը, քանի որ դա չի նպաստի սահմանափակումների վերացմանը։

Մեկնաբանել