Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները կրկին հանդիպեն հոկտեմբերին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Տեղեկությունը ՍիվիլՆեթին հայտնեց ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։

Սիմոնյանի և Գաֆարովայի հանդիպումը, ինչպես նախորդ անգամ, կայանալու է Միջխորհրդարանական միության (IPU) համաժողովի շրջանակում․ «Հենց վերջին հանդիպմանն էլ նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել հոկտեմբերին Ժնևում հանդիպելու մասին»,- ասաց Հարությունյանը։

***

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև վերջին ամիսներին երկու հանդիպում է կայացել։

Մարտի 22-ի հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը․ «Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը»։ Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 16-ին՝ Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում։

Մեկնաբանել