Սամանթա Փաուերը կայցելի Հայաստան

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերը կայցելի Հայաստան։

«ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը հուլիսի 8-ից հուլիսի 11-ը կլինի Հայաստանում՝ հաստատելու Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը, ընդգծելու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և առաջ մղելու Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը»,- հայտնում է ՄԶԳ հայաստանյան առաքելությունը։

Սամանթա Փաուերը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար ոլորտի, երիտասարդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ․ «Նա նաև կհանդիպի տեղահանված անձանց հետ՝ ուժեղացնելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի կառավարությանը հումանիտար, ներառյալ հոգե-սոցիալական և առավել երկարաժամկետ օգնություն տրամադրելու տեղահանվածներին՝ վերականգնելու իրենց կյանքը»։

2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններից տուժածներին աջակցելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը տրամադրել է 10,2 միլիոն դոլար։

Մեկնաբանել