Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Մի շարք ֆեյսբուքյան էջեր հուլիսի 8-ին գրառում են արել՝ «ՔԻՉ ԱՌԱՋ. ուժգին երկրաշարժ Հայաստանում. Զոհեր և վիրավորներ…» վերտառությամբ։ Տարածողներից է, օրինակ, ավելի քան 160 հազար հետևորդ ունեցող «Հայաստան ջան» էջը, որին #CivilNetCheck-ը օրեր առաջ անդրադարձել էր։
Մեկ այլ՝ «Info page» ֆեյսբուքյան էջը, որն ունի 122 հազար հետևորդ, ևս տեղեկությունը տարածողների շարքում է։

Երկրաշարժի հետևանքով զոհեր չկան
«Հայաստան ջան» էջը և «Info page» էջերը գրառման հետ նաև կցել են ameolik.online կայքի հղումը։ Չնայած, որ գրառման մեջ նշվում է Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, հոդվածում, սակայն, ասվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի Խուզեստան նահանգում։
Ընդ որում, Իրանի Խուզեստան նահանգում երկրաշարժ գրանցվել է ոչ թե հուլիսի 8-ին, երբ էջերը հրապարակել են լուրը, այլ ամիսներ առաջ՝ մարտի 26-ին։ Եվ նույնիսկ այդ ժամանակ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Իրանում երկրաշարժի հետևանքով զոհեր և վիրավորներ չէին գրանցվել։
Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի ու վիրավորների վերաբերյալ նույն գրառումը էջերը պարբերաբար տարածել են, այդ թվում՝ հուլիսի 2-ին և հուլիսի 6-ին։
«Հայաստան ջան» էջը և «Info page» էջերը փոխկապակցվա՞ծ են
Հատկանշական է, որ այս երկու էջերի բովանդակությունը ամբողջությամբ նույնն է։ Դրանք րոպեների տարբերությամբ հրապարակում են նույն գրառումները։ Ի տարբերություն «Հայաստան ջան» էջի, որը գրանցվել է 2020-ի նոյեմբերին, «Info page»-ը ստեղծվել է դեռ 2013-ի օգոստոսին։ էջը գրանցվելուց հետո մի քանի անգամ անվանափոխվել է։

Այպիսով, այս երկու էջերը պարբերաբար տարածում են խուճապ առաջացնող գրառումներ, որոնք կամ չեն համապատասխանում իրականությանը, կամ ժամանակավրեպ են։