Բայրամովը ևս մեկնել է ԱՄՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Միացյալ Նահանգներ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ը։

Ըստ հաղորդագրության՝ Բայրամովը Վաշինգտոնում մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կունենա։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս մեկնել է ԱՄՆ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Հայաստանի ԱԳՆ-ը ևս տեղեկացրել է, որ ծրագրված են երկկողմ հանդիպումներ՝ չմանրամասնելով, թե ինչ հանդիպումների մասին է խոսքը։

Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածության դեռ չկա։

***

Հունիսի 28-ին Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը հրավիրվել են Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Հուլիսի 2-ին ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը նշել է, որ Միացյալ Նահանգներն աշխատելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ։

Մեկնաբանել