ԱՄՆ-ը «անորոշ ժամանակով հետաձգում է» Վրաստանի հետ ամենամյա զորավարժությունները

Անկախության օրվա առթիվ վրացի զինվորները շքերթի են մասնակցում Թբիլիսիում, 25 մայիսի 2024: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/ OC Media։

OC Media

ԱՄՆ-ն «անորոշ ժամանակով» հետաձգել է Վրաստանի հետ ամենամյա զորավարժությունները մինչ երկու երկրների միջև դիվանագիտական ​​լարվածությունը շարունակում է աճել օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքի շուրջ:

Ուրբաթ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կհետաձգի Noble Partner ամենամյա ուսումնական վարժանքը, որը պետք է իրականացվեր «Միացյալ Նահանգներ-Վրաստան երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայման» շրջանակում։

Նախարարությունը վկայակոչել է վրացական կառավարության «կեղծ մեղադրանքները Միացյալ Նահանգների և արևմտյան այլ կառույցների դեմ» և իշխող «Վրացական երազանք» կուսակցության և նրա դաշնակիցների կողմից օգտագործված հռետորաբանությունն այն մասին, թե Արևմուտքը ճնշում է Վրաստանին, որպեսզի այն «երկրորդ ճակատ բացի Ռուսաստանի դեմ և դրանով մեղմի Ուկրաինայի վրա ճնշումը» և մասնակցել է իշխող կուսակցության դեմ հեղաշրջման երկու փորձերին»։

«Միացյալ Նահանգների կառավարությունը որոշել է, որ սա, որպես այդպիսին, ոչ պատշաճ ժամանակ է Վրաստանում լայնածավալ զորավարժություններ անցկացնելու համար»,- ասվում է հայտարարությունում։

ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարությունում այնուհետև շեշտվում է, որ Վաշինգտոնը կշարունակի գործընկերությունը վրացական բանակի հետ:

2023-ի մայիսին Վրաստանը չի մասնակցել Եվրոպայում ԱՄՆ-ի կողմից կազմակերպված Defender 23 զորավարժություններին։

2015-ից ի վեր Վրաստանում ամեն տարի անցկացվող զորավարժությունների հետաձգումը վերջին դիվանագիտական ​​հարվածն է, որ Վաշինգտոնը հասցնում է Թբիլիսիին օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո։

Վրացական զորքերը փորձ են անցկացնում 2017-ի հուլիսին Noble Partner զորավարժությունների բացման համար: Լուսանկարը՝ ԱՄՆ բանակի։

Հունիսի սկզբին Վաշինգտոնը հաստատել էր, որ պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ՝ օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքի ընդունման և օրենսդրության դեմ բողոքի ցույցերը ճնշելու մեջ նրանց ունեցած դերի համար:

Թեև Վաշինգտոնը չի հայտարարել պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակը, դրանից հետո լրատվամիջոցները հաղորդում են, որ չեղարկվել են իշխող կուսակցության մի քանի առաջատար դեմքերի ԱՄՆ վիզաները, այդ թվում՝ կուսակցության խորհրդարանական առաջնորդ Մամուկա Մդինարաձեի:

«Վրացական երազանք»-ը նաև ԱՄՆ-ին մեղադրել է Վրաստանում հեղաշրջումներ կազմակերպելու մեջ։

Վրաստանի պաշտպանության նախարարությունը ուրբաթ դատապարտել է զորավարժությունների հետաձգումը՝ «ափսոսանք» հայտնելով այդ առթիվ։

«Միջազգային զորավարժությունները, ներառյալ Noble Partner 2024-ը, շահավետ են ինչպես Վրաստանի, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների և դրան մասնակցող գործընկեր երկրների համար, քանի որ դրանք նպաստում են պաշտպանական կարողությունների ամրապնդմանը, ռազմական անձնակազմի կարողությունների զարգացմանը, պրոֆեսիոնալիզմի և փոխգործունակության բարձրացմանը»,- ասվում է նախարարության տարածած հայտարարությունում:

Կիրակի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե «շատ վատ» է, որ զորավարժությունները չեղարկվել են։

Շաբաթ լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին ասել է, որ Վաշինգտոնի որոշումն «անհասկանալի է»։

«Մենք չենք հասկանում Nobel Partner զորավարժությունն անորոշ ժամկետով հետաձգելու որոշումը,- ասել է նա,- Սակայն ուզում եմ ընդգծել, որ մենք՝ Պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, ունենք համագործակցության բազմաթիվ ձևաչափեր, որոնց շրջանակում ինտենսիվ աշխատում և համագործակցում ենք, և այդ համագործակցությունը կշարունակվի»։

Պատասխանելով Չիկովանիի խոսքերին՝ ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը շաբաթ օրը լրագրողներին ասել է, որ որոշումն անհասկանալի չէ և վկայակոչել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որ երկու երկրների միջև երկկողմ կապերը վերանայվում են:

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն քննադատել է զորավարժությունների չեղարկումը՝ այն անվանելով քաղաքական որոշում, որի հետևանքով զինվորականները չպետք է պատժվեն։

Ընդդիմադիր «Լելո» կուսակցության նախագահ Մամուկա Խազարաձեն ասել է, որ զորավարժությունը չեղյալ համարելու Վաշինգտոնի որոշումն «այն արդյունքն է, որ «Վրացական երազանք»-ը բերեց Վրաստան իր ռուսական քաղաքականությամբ։

Մինչ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական ​​և ինստիտուցիոնալ տարաձայնությունները խորանում են, Հայաստանը հաստատել է, որ հուլիսի կեսերին ԱՄՆ զինված ուժերի հետ համատեղ միջազգային խաղաղապահ զորավարժություն կանցկացնի:

Մեկնաբանել