Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցցանցերի հայկական տիրույթում տարածվում են գովազդային գրառումներ, որոնք հանրությանը հայտնի մարդկանց անունից խոստանում են հեշտ և արագ շահույթ՝ փոքր ներդրման դիմաց։ Դրանց կցված հղումները տանում են դեպի առցանց ներդրումային հարթակներ, որոնց միջոցով իբր հնարավոր է հեշտորեն մեծ գումարներ վաստակել։

Այս գովազդային գրառումներում հաճախ օգտագործվում են սենսացիոն և էմոցիոնալ նկարագրություններ, ինչպես նաև հայտնի մարդկանց կեղծված տեսանյութեր և պատկերներ։
#CivilNetCheck-ը գնացել է այս գրառումների հետքերով և պարզել, որ մեծ գումարներ խոստացող գովազդային գրառումները կեղծ են և նպատակ ունեն մոլորեցնել մարդկանց՝ ներգրավելով նրանց ֆինանսական խարդախության մեջ:
Նմանակող կեղծ կայք՝ հորինված հարցազրույցով
Վերջին շրջանում Հայաստանից օգտատարերին թիրախավորելու համար օգտագործվում են հայազգի հայտնի դերասաններ Գարիկ Մարտիրոսյանի և Միխայիլ Գալուստյանի կեղծված նկարները։ Գրառումներում սենսացիոն բնույթի կեղծ պնդումներ են արվում, թե «Կենտրոնական բանկը դատի է տվել դերասանին», «հումորիստին քրեական պատիժ է սպառնում», «նա չգիտեր, որ տեսախցիկը ձայնագրում է» և այլն։
Սենսացիոն բնույթ կրող և հեշտ շահույթ խոստացող գովազդային գրառումները քլիքբեյթային խայծ են հանդիսանում և օգտատերերին դրդում են անցնել հղումներով, որոնք տանում են իրական լրատվական կայքերին նմանակող կեղծ կայքէջեր։
Հղումով անցնելուց հետո օգտատերերը հայտնվում են հայկական news.am լրատվական կայքին նմանակող կայքում, որում ռուսերեն լեզվով հորինված հարցազրույցում դերասանները իբր խոստովանել են, թե ինչպես են մեծ գումարներ վաստակել Immediate Fortune հարթակի միջոցով։ Մինչդեռ, ո՛չ Մարտիրոսյանը, ո՛չ Գալուստյանը նման հարցազրույցներով որևէ տեղ հանդես չեն եկել։

Այսպես, կեղծ հարցազրույցներից մեկում Գարիկ Մարտիրոսյանը իբր խիստ զայրացել է և վիճել հարցազրուցավարի հետ։ Մարտիրոսյանին վերագրվում են խոսքեր, թե նա պնդել է, որ ներդրումային հարթակում 100 դոլար ներդնելով՝ կկարողանա 400 հազար դոլար վաստակել մի քանի շաբաթվա ընթացքում։ Ուշագրավ է, որ սոցցանցերում գովազդվող մեկ այլ կեղծ հարցազրույցում նույն խոսքերը վերագրվում են նաև Միխայիլ Գալուստյանին։

Այս կեղծ հարցազրույցներում պարբերաբար հիշատակվում է հեշտ և արագ մեծ եկամտի մասին, օգտագործվում են շտապեցնող և գործողության դրդող կոչեր, ֆինանսական միջոցների ելքագրման կեղծ քաղվածքներ, ինչպես նաև հայտնի մարդկանց վերագրվող հորինված վկայություններ։ Սա շատ տիպիկ է խարդախության սխեմաների համար:
Ներդրումային հարթակի կայքը ևս կեղծ է
Գովազդվող Immediate Fortune հարթակը (արխ.), որը ներկայացվում է որպես արագ և առանց մեծ ջանքերի գումարներ վաստակելու հնարավորություն, իրականում կասկածելի ներդրումային կայք է. այն հայտնի չէ որպես օրինական ներդրումային գործիք, կայքը վերջերս է ստեղծվել, կայքում կոնտակտային տվյալներ կամ տեղեկություններ կազմակերպության մասին առկա չեն։

Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ Immediate Fortune հարթակը իրականում խաբեություն է, և դրա նպատակն է մարդկանցից գումար կորզել։ Այս ֆինանսական խաբեության սխեմային անդրադարձել են նաև «Ինֆոքոմի» մեր գործընկերները։
Կայքում հայտը լրացնելուց ժամեր անց արտերկրից զանգ ստացանք Լոնդոնում գրանցված հեռախոսահամարից: Զանգահարողը վարժ ռուսերենով ներկայացավ որպես ֆինանսական խորհրդատու՝ առաջարկելով օգնել գրանցվել և համալրել «ներդրումային հաշիվը»։
Սա բնորոշ է վերջին շրջանում տարածված խարդախություններին։ Զեղծարարները նույն կերպ գործում են խաբեության մեկ այլ սխեմայում, որին #CivilNetCheck-ը վերջերս ևս անդրադարձել է։
Տես՝ Կեղծ իրավաբանները գումար են կորզում՝ խոստանալով վերադարձնել կորցրած ներդրումները
Նմանատիպ կասկածելի հարթակները հիմնականում կիրառում են խարդախության հետևյալ սխեման՝
- Նախնական ներդրում. խարդախները գայթակղիչ առաջարկներով և արագ շահույթի խոստումներով փորձում են ներգրավել պոտենցիալ զոհերին՝ համոզելով նրանց կատարել սկզբնական ներդրում:
- Կեղծ գործարքների պատրանք. հարթակները ցուցադրում են կեղծ գործարքներ և շահույթներ՝ ստեղծելով ֆինանսական անիրական աճի պատրանք:
- Լրացուցիչ ներդրումների պահանջ. երբ ներդրողը փորձում է դուրս բերել իր ենթադրյալ շահույթը, հարթակը տարբեր պատրվակներով պահանջում է լրացուցիչ ներդրումներ:
Գովազդները՝ կասկածելի էջերի միջոցով
Սոցցանցերում խարդախության սխեմաների գովազդները միաժամանակ տարածվում է բազմաթիվ կասկածելի էջերի միջոցով, որոնք հիմնականում դատարկ են կամ ունեն անհամապատասխան բովանդակություն։ Օրինակ՝ Կոնգոյում գործող հագուստի բրենդի ֆեյսբուքյան էջը ինչ-որ պահի սկսել է տեղադրել ռուսերեն լեզվով գովազդներ՝ թիրախավորել նաև հայաստանցի օգտատերերին։
Հավանաբար դրանք գողացվել են և օգտագործվում են խարդախների կողմից՝ կեղծ գովազդներ տեղադրելու նպատակով:
Այսպիսով, հայտնի մարդկանց անունից հեշտ և արագ շահույթ խոստացող գովազդային գրառումները կեղծ են և նպատակ ունեն մոլորեցնել մարդկանց՝ ներգրավելով նրանց ֆինանսական խարդախության մեջ: