ՔՊ-ի 2022-ի ֆինանսավորման հետ կապված երկու քրեական վարույթ է սկսվել

Հակակոռուպցիոն կոմիտեում «Քաղաքացիական պայմանագրի» 2022-ի ֆինանսավորման հետ կապված հարցերով քրեական երկու վարույթ է նախաձեռնվել՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) հաղորդումների հիման վրա։ Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնել են Գլխավոր դատախազությունից և ԿԿՀ-ից։

Քրեական վարույթներից մեկը նախաձեռնվել է կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելու հատկանիշներով։ Քրեական երկրորդ վարույթի նախաձեռնման հիմքում բացի վերը նկարագրվածը, դրվել է նաև անձի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը այլ անձի անունից նվիրատվություն ձևակերպելու եղանակով շրջանցելը, ինչպես նաև նվիրատուի կողմից կուսակցությանը կատարած նվիրատվության առավելագույն չափը գերազանցելը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Քաղաքացիական պայմանագրի» 2022-ի տարեկան հաշվետվության ուսումնասիրության արդյունքում վարչական վարույթներ է նախաձեռնել, իսկ մի դրվագով էլ դիմել է Գլխավոր դատախազություն, որից հետո էլ նախաձեռնվել են քրեական վարույթները։ Սրանք ըստ էության նախաձեռնվել են ՔՊ-ի 2022-ի աուդիտի բացասական եզրակացության արդյունքում։

Աուդիտը խոշոր ֆինանսական խախտումներ էր արձանագրել իշխող ուժի 2022-ի հաշվետվությունում, բացասական եզրակացություն էր տվել դրան՝ մի շարք անարժանահավատ տվյալների ու անհամապատասխանությունների պատճառով։ Աուդիտի արդյունքներով՝ ՔՊ-ին օրենքով սահմանված սահմանաչափից ավելի գումարներ են փոխանցել՝ 5,9 միլիոն դրամի չափով, որը հետ չի փոխանցվել նվիրատուներին, 2,4 միլիոնի անանուն նվիրատվություն էր եղել, 11,3 միլիոն դրամի կանխիկացում, որն օրենքն արգելում է։ Մինչ այդ հրապարակվել էր Սիվիլնեթի հետաքննությունն այն մասին, որ ՔՊ-ին նվիրատվություն կատարած տասնյակ անձինք տեղյակ չէին, որ կուսակցությանը նվիրատվություն են կատարել։

Ըստ Հայաստանի օրենսդրության՝ պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունները, ինչպիսին ՔՊ-ն է, պետք է ենթարկվի աուդիտի։ Աուդիտի արդյունքներն էլ ստուգում է ԿԿՀ-ն։ Հանձնաժողովից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք՝ ի՞նչ որոշումներ են կայացվել ՔՊ-ի 2022-ի աուդիտի բացասական եզրակացությունը հաշվի առնելով։

ԿԿՀ-ից տեղեկացրել են, որ «բոլոր այն դեպքերում, երբ հայտնաբերվել են վարչական իրավախախտման առերևույթ հատկանիշներ նախաձեռնվում են վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ»։

«Մասնավորապես, տարեկան հաշվետվության ստուգմամբ հայտնաբերվել են հետևյալ դեպքերը. կուսակցության հրապարակած և լիազոր մարմին ներկայացրած հաշվետվության հավաստիությունը ստուգելու համար լիազոր մարմնի պահանջի դեպքում օրենքով սահմանված փաստաթղթերի՝ սահմանված ժամկետում ամբողջ ծավալով չտրամադրելու, նվիրատուների կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու` օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցելու, կուսակցության կողմից օրենքով սահմանված չափից ավելի կամ չթույլատրված նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետներում պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելու, կուսակցության կողմից դրամական վճարումների հաշվարկները անկանխիկ չկատարելու դեպքեր»,- նշել են հանձնաժողովից։

ԿԿՀ-ի պատասխանից պարզ չէ, թե ո՞ր դրվագների առթիվ է վարչական վարույթ հարուցվել, քանի՞ վարույթ է հարուցվել, արդյոք նախաձեռնված վարույթներով արդեն կա՞ն որոշումներ, թե՞ ոչ։

ԿԿՀ-ի պաշտոնական կայքում ՔՊ-ի կուսակցության տարեկան ֆինանսավորման ստուգման արդյունքում ընդունված որևէ որոշում տեղադրված չէ։

ՔՊ-ի 2022-ի հաշվետվությունում որպես նվիրատու հանդես եկած տասնյակ անձինք տարբեր համայնքներում իշխող ուժի կողմից ավագանու անդամներ էին։ Այդ անդամները, ըստ ԿԿՀ ներկայացրած հայտարարագրերի, շատ դեպքերում չունեին բավարար եկամուտներ ու դրամական միջոցներ՝ կուսակցությանը նվիրատվություն կատարելու համար։ ԿԿՀ-ն մի քանի դեպքում վարույթ է հարուցել ու ստուգել նվիրատու-ավագանու անդամ ՔՊ-ականների հայտարարագրերը, որի արդյունքում 200 000 դրամի չափով տուգանել է Չարենցավանի ավագանու անդամ Լիլիթ Հարոյանին, Նորիկ Վարդանյանին, Թալինի ավագանու անդամ Արման Կարապետյանին, Ծաղկահովիտի համայնքապետի տեղակալ Արա Հովհաննիսյանին, Վանաձորի ավագանու անդամ Լուսինե Թադևոսյանին։ Չարենցավանի մեկ այլ ավագանու անդամ Նունե Թադևոսյանի նկատմամբ վարույթն էլ կարճվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով։ Տասնյակ այլ ավագանու անդամների կողմից ՔՊ-ին նվիրատվության ու նրանց հայտարարագրերում առկա միջոցների համապատասխանության հետ կապված ԿԿՀ-ն այլ որոշումներ չունի։

Հանձնաժողովի որոշումների ցանկում բացակայում են ինչպես ՔՊ-ի ֆինանսավորման հետ կապված հարուցված վարույթների որոշումները, այնպես էլ դատախազություն դիմելու որոշումը։ Այնուհանդերձ հանձնաժողովից վստահեցրել են՝ հայտնաբերված անհամապատասխանությունների, առերևույթ իրավախախտումների, ինչպես նաև առերևույթ հանցագործության հատկանիշների վերաբերյալ քվեարկությունների, հետևաբար՝ նաև իրականացվող հետագա գործողությունների առնչությամբ Հանձնաժողովի բոլոր անդամներն ունեցել են միասնական դիրքորոշում:

Բացի 2022-ը, ԿԿՀ-ն առաջիկայում պետք է ստուգի նաև ՔՊ-ի 2023-ի ֆինանսական հաշվետվությունը։ Այս դեպքում էլ աուդիտորական եզրակացությունը վերապահումներ էր հայտնել կուսակցության հաշվետվության վերաբերյալ։

ՔՊ-ի ֆինանսավորման, աուդիտորի բացասական եզրակացության վերաբերյալ իշխող կուսակցությունը լակոնիկ մեկնաբանություններ էր տվել։ Կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ասել էր՝ խնդիրները տեխնիկական են և հեշտ լուծելի։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել