Նիկոլ Փաշինյանն ու Սամանթա Փաուերն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների խնդիրներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին, այդ թվում՝ բնակարանային ապահովման ծրագրին: Այս համատեքստում, Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության շարունակական աջակցության կարևորությունը և ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Քննարկվել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցերի:

«Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Սամանթա Փաուերը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը կարևորում է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և պատրաստ է հետևողականորեն աջակցություն ցուցաբերելու ՀՀ Կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման, զարգացման, ինչպես նաև Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Փաշինյանն ու Փաուերն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, մտքեր փոխանակել համատեղ նոր ծրագրերի հեռանկարների շուրջ․ «Կարևորվել է Հայաստանի Կառավարության բարեփոխումների օրակարգի և ինստիտուցիոնալ կարողությունների, այդ թվում՝ ռազմավարական հաղորդակցության զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ աշխատանքը, փոխգործակցության առավել ընդլայնումը և խթանումը: Նշվել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն 5 մլն դոլար նոր ֆինանսավորում է տրամադրելու՝ աջակցելու «Ամազոն վեբ սերվիսի» և Կառավարության համագործակցությանը՝ Հայաստանում ամպային ենթակառուցվածքների ներդրման ու կարողությունների զարգացման նպատակով»։

Մեկնաբանել