Մոլորեցնող գրառումներ՝ արցախցիների համար նոր սոցիալական ծրագրերի մեկնարկի մասին 

Անի Գրիգորյան, #CivilNetCheckm

Ֆեյսբուքյան մի շարք էջեր հուլիսի 5-ին գրառում են արել, թե այս ամսվանից կմեկնարկի «68 000-ական դրամ 4-ամսյա սոցիալական աջակցության ծրագիրը»։

Այս գրառումը բավականին մեծ տարածում է ստացել։ Էջերից մեկում այն մոտ 300 տարածում ունի։

Երբ բացում ենք գրառմանը կցված հղումը, հոդվածում նշվում է, թե 68 000-ական դրամ 4-ամսյա սոցիալական աջակցության ծրագրի մասին հայտարարություն է տարածել «Արցախի հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը»:

Այս հայտարարությունը իրականում արվել էր դեռևս 2021-ի փետրվարի 18-ին։ Մանե Թանդիլյանը 2021-ի սեպտեմբերից այլևս նախարար չէ, իսկ արցախցիներին հատկացվող աջակցությունների մասին ներկայում հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Իրականացվող ծրագրերին կարելի է ծանոթանալ նախարարության ֆեյսբուքյան էջից։ Հուլիսից մեկնարկող նոր ծրագրի մասին տեղեկություն չկա։

Ի՞նչ էջեր են տարածում կեղծ տեղեկատվությունը

Վերոնշյալ կեղծ գրառումը հուլիսի 5-ին տարածել են «Այս պահին», «Կանանց անկյուն», «Երկիր Հայրենի» էջերը։ «Այս պահին», «Երկիր Հայրենի» էջերը ունեն շուրջ 145 000-ական հետևորդ, իսկ «Կանանց անկյունը»՝ 82 000: Ուսումնասիրելով էջերում առկա գրառումները՝ պարզ է դառնում, որ դրանց բովանդակությունն ամբողջությամբ նույնն է։ Գրառումները էջերում հրապարակվում են րոպեների տարբերությամբ։

Այդ հրապարակումները մեծամասամբ կեղծ, ժամանակավրեպ և խուճապ առաջացնող տեղեկություններ են, որոնք դրդում են սեղմել հղման վրա՝ այդպիսով դիտումներ ապահովելով կայքերի համար, որոնք էլ գումար են աշխատում գովազդատուներից։ Գրառմանը կցված կայքերն էլ, ինչպես օրինակ mybook.am կայքը, իրական լրատվամիջոցներ չեն։

Մեկնաբանել