Ֆուտբոլ․ երբ սպորտն ու արվեստը միաձուլված են

Երկրագնդի երկու աշխարհամասերում՝ Եվրոպայում և Ամերիկայում, ընթանում են ֆուտբոլի առաջնությունները, և հասկանալի է, որ միլիարդավոր մարդիկ հետևում են, տարված են, ապրում են ֆուտբոլով։ Ես նրանցից մեկն եմ, ու թեև դժվարությամբ, բայց և հասկանում եմ մնացած միլիարդավորներին, որոնց չի հետաքրքրում մարզաձևը, որոնք հեգնանքով են արտահայտվում ամենասիրված խաղի մասին՝ «քսաներկու մարդ վազում է մի գնդակի հետևից»։

Դեռևս ուսանող էինք, երբ արտասահմանյան թատրոնի պատմության մեր դասախոս Անելկա Գրիգորյանը դասի ժամանակ հարցրեց, թե կան արդյոք մեր մեջ մարդիկ, ովքեր ֆուտբոլի խաղը կարող են նայել, երբ արդեն գիտեն, թե ինչ հաշվով է ավարտվել։ Այդպիսիններից մեկը ես էի։

Սիրելի դասախոսն այնուհետ բացատրեց իր հարցի իմաստը․ «Երբ գիտես, թե ինչ հաշվով է ավարտվել, բայց նայում ես, ուրեմն ուզում ես իմանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Իսկ որտեղ կա «ինչպեսը», այնտեղ խոսքն արվեստի մասին է»։ Ծանոթ ես պիեսին, գիտես սյուժեն ու ավարտը, բայց թատրոն ես գնում՝ դիտելու այդ պիեսի բեմադրությունը, որովհետև հետաքրքիրը դերասանների խաղն է և բեմադրության ձևը։ Այսինքն՝ «ինչպեսը»։

Թե՛ EURO 2024-ը և թե՛ Copa America-ն հասել են նույն կետին՝ հայտնի են եզրափակչի մասնակիցները․ մեր աշխարհամասում հաղթողի կոչումը կվիճարկեն Իսպանիան ու Անգլիան, օվկիանոսից այն կողմ՝ Արգենտինան ու Կոլումբիան։ Դժվար է ասել, թե այս երկու առաջնություններից որն է ավելի բարդ հաղթելը, որն է առավել անկանխատեսելի։ Մի առաջնությունում խաղում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը՝ Լիոնել Մեսին, մյուսում՝ խաղի ստեղծման օրրան Եվրոպայում, Ոսկե գնդակի մի քանի հավակնորդ և, իհարկե, ամենաջահել տաղանդը՝ Լամին Յամալը։ Մի քանի օրից պարզ կդառնան առաջնությունների հաղթողները, ոմանք գոհ կմնան արդյունքներից, ոմանք՝ դժգոհ, բայց հիասթափություններն ու հիացումները, որպես արվեստային հույզ ու ապրում, դեռ երկար կհիշվեն։

Ըստ հռչակավոր իտալացի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի՝ ֆուտբոլի սովորական խաղի մեջ ավելի շատ դրամատիզմ կա, քան իր նկարահանած լավագույն ֆիլմի։ Այնուհանդերձ, ինձ ֆուտբոլն ավելի շատ դրամատուրգիա և թատրոն է հիշեցնում։

Մարզադաշտերը մեզ վերադարձնում են թատրոնի նախասկզբին՝ հիշեցնելով հին հունական ամֆիթատրոնները։ Ֆուտբոլում, սակայն, միմյանց դեմ կանգնած երկու երգչախումբ կա՝ մրցակցող թիմերի կազմերը, մարզիչները՝ երգչախմբերի դիրիժորները։ Բայց ամեն մի երգչախումբ ունի իր մենակատար դրամատուրգին ու միակ դերասանին։ Այստեղ ճակատագրի խորհրդանիշը մրցավարն է, և որքան էլ նրա «աստվածային» վճիռները քննող VAR համակարգ գոյություն ունի, այնուհանդերձ, նրա սուլիչն է ազդարարում Զևսի ձայնը։

Թատրոնը փոփոխությունների հազարամյակներ է անցել՝ սկսած բեմահարթակի կառուցվածքից մինչև իր գրական հիմքը՝ դրամատուրգիան։ Ֆուտբոլը շարունակում է հևիհև գնալ այդ փոփոխությունների հետևից։ Պարտադիր չէ, որ նույնիսկ արվեստի չափանիշ ու թատրոնի պայմանականության բնազդ ունեցող ամեն ֆուտբոլասեր գիտակցի բեմարվեստի ու այս մարզական խաղի նմանությունները, որպեսզի խաղից արվեստի բավականություն ստանա։ Պարտադիր չէ, որ երկար անցումները /դրիբլինգ/ ընկալի որպես դրամատուրգիական մենախոսություններ, իսկ փոխանցումների շարանը /տիկի-տակա/՝ որպես բազմաճյուղ երկխոսություն։

Ֆուտբոլի թատրոնում կամ բեմահարթակում չկա նախապես գրված ու հաստատված պիես, կա ընդամենը կինոլեզվով ասած՝ «սինոփսիս»՝ սցենարական պլանը, որը թիմերի մարտավարությունն է։

Ֆուտբոլում էլ, ինչպես թատրոնում, տեղի է ունենում յուրօրինակ կատարսիս․ այն կարող է երբեմն քո թիմի հաղթանակը պարգևել, երբեմն՝ պարտությունը։ Ամեն ինչ դարձյալ ու կրկին կախված է իրողությունից, թե ինչպես դա տեղի ունեցավ։

Թե՛ Ամերիկայի և թե՛ Եվրոպայի առաջնություններում զգացվում է ֆուտբոլիստ-դերասանների, նաև՝ գլխավոր դերակատարների գերհոգնածություն։ Ազգային առաջնությունները սերիալներն են, որտեղ «դերասանները» լավ վաստակում են, ազգային հավաքականը թատրոնն է, որտեղ հիմնականում առանց վճարվելու կամ փոքրիկ պարգևատրումներով ֆուտբոլիստ-դերասանները բեմ են բարձրանում տուրք մատուցելու հայրենիքին, երկրին, որի քաղաքացին են ու իրենց արվեստի ալմա-մատերին։

Գլոբալիզացիան չէր կարող չթափանցել նաև ֆուտբոլ։ Եվրոպական երկրների ազգային առաջնությունների ակումբներում հաճախ ավելի շատ ամերիկացիներ կամ աֆրիկացներ են խաղում, քան այդ երկրի քաղաքացիներ։ Այս փաստը թեև որոշ չափով խաթարում է ֆուտբոլում ազգային դիմագիծը, բայց ինչպես օրեր առաջ մի գրության մեջ նկատել էր մշակութաբան Հրաչյա Բայադյանը, աշխարհամասերի կամ աշխարհի ֆուտբոլի առաջնությունները մնացել են ազգայնականության ցուցադրման եզակի կղզյակներ, և ազգային հավաքականները խաղում են հիմնականում իրենց ազգային դիմագծին ու հոգեկերտվածքին հարիր ֆուտբոլ։

Լատինամերկյան ֆուտբոլը, հատկապես բրազիլականը, «կառնավալային» է, սամբա ու ռումբա պարանմնան հնարքներով ոճավորված, մարմնի ճկունության ցուցադրումով, եվրոպականը՝ հատկապես անգլիականն ու գերմանականը, ֆուտբոլիստ-դերասանին վարժեցրել է մարմնի ձիգ կեցվածքի, առանց ցուցադրական տեխնիկական հնարքների խաղի։ Եվրոպական միակ երկիրը, որտեղ բրազիլականի նման ֆուտբոլ են խաղում, Պորտուգալիան է և հավանաբար այս փաստը լեզվի նույնականության արդյունք է։

Երկու աշխարհամասերի առաջնության խաղերին հետևելով՝ կարող եմ ասել, որ գլոբալիզացիան դեռ վերջնականորեն չի հաղթել, և ազգային հավաքականները դեռևս պահպանում են իրենց մտածողության առանձնահատկությունները։

Երկու աշխարհամասերի առաջնությունների մեջ էլ լրացուցիչ դրամատիզմ է մտցնում վերջին տասնամյակների երկու հիմնական դերակատարների՝ Լիոնել Մեսսիի և Քրիշտիանո Ռոնալդուի հաջորդ մեծ առաջնություններին մասնակցության մեծ հարցականը։ Երկուսն էլ վստահաբար չեն մասնակցի հաջորդ նման առաջնությանը։ Եթե նույնիսկ երկու տարի անց տեղի ունենալիք աշխարհի առաջնության ընթացքում կարող են թիմերի հայտացուցակում լինել, վճռորոշ դերակատարում, որին սովորել էինք, այլևս չեն ունենա։ Երկուսն էլ թեև դեռ կարող են ակումբային սերիալ-առաջնություններում որակյալ ֆուտբոլ խաղալ, բայց աշխարհի ֆուտբոլասեր հանրության համար ավարտվում է մի մեծ ժամանակաշրջան, կյանքի մի փուլ, և դա թախիծ ու տխրություն է բերում։ Ավարտվում է Մոցարտի ու Սալիերիի յուրօրինակ մի մրցակցություն՝ մրցակցություն, որտեղ ահռելի աշխատասիրությունը, վճռականությունը, մեծ հավակնություններին համապատասխան եռանդն ու կամքը պարտվեցին բնատուր օժտվածությանն ու տաղանդին։

Մեկնաբանել