Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կան զոհեր, տեղեկացրել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Սյունիքի մազի Գորայքի հատվածում։ Կա երկու զոհ՝ վարորդը և մեկ ուղևոր»-, ասել է Նարեկ Սարգսյանը։
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ բուժհաստատություններ է տեղափոխվել հինգ անձ։ Նրանցից երկուսի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։
«Հուլիսի 11-ին, ժամը 11-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհրի 175 կմ հատվածում՝՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Նախնական տվյալներով զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևան քաղաքի ուղղությամբ։ Մահացածներից մեկը վարորդն է, մեկը՝ ուղևորներից մեկը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աբրահամյանը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։