Մոսկվան մտահոգված է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը կարող է մշտական դառնալ, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մեզ մտահոգում է նաև այն, որ Երևանի հավանությամբ առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է, այլև կարող է ժամանակավորից վերածվել մշտականի»,- նշել է նա։
Նրա կարծիքով՝ Արևմուտքը հետախուզական տվյալներ է հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանի հարևան բոլոր պետությունների վերաբերյալ:
Գալուզինը նշել է, որ Հայաստանում ԵՄ առաքելության կազմում Կանադայի ներկայացուցիչների հայտնվելը փաստացի նշանակում է «ՆԱՏՕ-ականների սողացող ներթափանցում Հարավային Կովկաս»։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը ԵՄ առաքելության թեման մշտապես բարձրացնում է Երևանի և տարածաշրջանային այլ երկների հետ շփումներում:
***
2023-ի հունվարի 23-ին Եվրամիության նախարարների խորհուրդում համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։ ԵՄ առաքելությունը, որի կազմում ընդգրկված է 209 դիտորդ, նախնական լինելու է երկու տարի ժամկետով։
2024-ի ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ԵՄ առաքելության ժամկետը ևս երկու տարով երկարացնելու հարցը։