Բնակարանի վարձի գնի փոփոխություն չի նախատեսվում․ ֆեյսբուքյան էջերը մոլորեցնում են

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Ֆեյսբուքյան մի շարք էջեր լուր են տարածել, թե բնակարանների վարձավճարների հետ կապված փոփոխություն է նախատեսվում։

«Լավ լուր՝ վարձով բնակվողների համար․ վարձի գնի չափերի հետ կապված փոփոխություն է նախատեսվում» վերտառությամբ գրառում են արել «Երկիր Հայրենի» (251 000 հետևոր), Ipress.am (48 000 հետևորդ), Լրատվություն (82 000 հետևորդ), «1 լայք 1 պոզիտիվ» (70 000 հետևորդ) ֆեյսբուքյան էջերը։

Գրառման հետ կցված են հղումներ Ipress.am, news-time.am, mediablog.am կայքերից: Հղման մեջ առկա հոդվածում մեջբերում է արվում Iravaban.net կայքից: Գրառումը, սակայն, մոլորեցնող է, քանի որ հոդվածում ոչ թե նշվում է բնակարանների վարձավճարի փոփոխության մասին, այլ, ընդհանուր առմամբ, վարձակալների համար պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ սահմանելու արդարադատության նախարարության նախագծի մասին։

Ընդ որում, iravaban.net-ի հոդվածը հրապարակվել է ոչ թե վերջերս, այլ 2023-ի մարտին։ Վարձավճարների վերաբերյալ նախագծում նշվում է, որ վերջին ժամանակներում (խոսքը, ըստ երևույթին, 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստանում բնակարանների վարձերի թանկացման մասին է) բնակարանների վարձակալության բնագավառում առաջացած գնաճն անբարենպաստ հետևանքներ է թողել Հայաստանի քաղաքացիների համար: Իսկ բնակարանների վարձավճարի չափը շատ դեպքերում համադրելի չէ քաղաքացիների ստացած միջին ամսական եկամուտի հետ:

«Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի որոշակիորեն զսպել վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձավճարի չափի պարբերական և անկայուն աճը»,- ասված էր նախագծում։

Չնայած ֆեյսբուքյան էջերն ակտիվ տարածում են այս լուրը՝ նշելով, որ բնակարանների վարձի փոփոխություն է լինելու, այնուամենայնիվ 2023-ին հրապարակված այս նախագիծը այդպես էլ չի ընդունվել։

#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ «օրենքի նախագիծը ներառվել է 2023-ի հունիսի 12-ի պետաիրավական նախարարական կոմիտեի նիստի օրակարգ, բայց ստացել է բացասական դիրքորոշում»:

«Որոշում է կայացվել հարցը կարգավորել «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագծում անշարժ գույքի կառավարման մեխանիզմների ներդրման, ինչպես նաև 01.12․2023 թվականին ուժի մեջ մտած «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքի շրջանակներում»,- ասված է պատասխանում:

Այսպիսով, ֆեյսբուքյան էջերի գրառումները մոլորեցնող են, քանի որ նախագիծը չի ընդունվել։

Մեկնաբանել