Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, թե շաբաթ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի համար պատասխանատու է «Պատերազմի գլոբալ կուսակցությունը»՝ էլիտաների միջազգային ստվերային խումբ, որը ենթադրաբար ձգտում է Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ։
Հիշեցնենք, որ Թրամփի վրա կրակել են շաբաթ երեկոյան, երբ Փենսիլվանիայում իր նախընտրական քարոզարշավի շրջանակում ելույթ էր ունենում կողմնակիցների առջև։ Թրամփը թեթև վիրավորվել է, իսկ հանրահավաքի մասնակիցներից մեկը և հարձակվողը՝ սպանվել։
Թեև վարչապետ Իրակլի Կոբախիձեն X սոցցանցում հրապարակած անգլալեզու հայտարարությունում չի հիշատակում դավադրության մասին, և նշում է, որ ցնցված է կատարվածով, նաև պնդում, որ «բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ», Facebook-ում նրա վրացալեզու գրառման մեջ ասվում է, որ «Պատերազմի գլոբալ կուսակցությունը» չի փոխում [իր] մեթոդները»:
«21-րդ դարում լիբերալ ֆաշիզմը, արմատականությունը, բևեռացումը, ատելությունը և արյունալի հարձակումները քաղաքական գործիչների վրա սովորական են դարձել Ամերիկայում և Եվրոպայում»,- հավելել է նա։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները վերջին ամիսներին ավելի հաճախ են պնդում, թե գաղտնի կազմակերպությունը՝ «Պատերազմի գլոբալ կուսակցությունը», վերահսկում է Արևմուտքը և փորձում պատերազմ սերմանել համաշխարհային մասշտաբով: Հանրային ելույթներում, այդ թվում՝ ապրիլին կառավարության կազմակերպած հանրահավաքում, կուսակցության առաջնորդները և միլիարդատեր հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին պնդում էին, թե այն ձգտում է Վրաստանին դրդել, որպեսզի պատերազմի «երկրորդ ճակատ» բացի ընդդեմ Ռուսաստանի։
Կոբախիձեի գրառումից մոտ մեկ ժամ առաջ արված գրառման մեջ խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն նմանատիպ հայտարարություններ էր արել՝ միջադեպն անվանելով «ցնցող, վրդովեցուցիչ և տագնապալի»:
«Քաղաքական բռնությունն ու մահափորձերը, դիվերսիոն գործողությունները և ստի, պատերազմի ու ավերածությունների քարոզչությունը «Պատերազմի գլոբալ կուսակցության» և լիբերալ ֆաշիզմի ձեռագիրն են,- գրել է նա,- Եվ [դեռ] Վրաստանում [հանուն օտարերկրյա գաղտնի ծառայությունների շահերի աշխատող] կողմերը պնդում են, որ «Պատերազմի գլոբալ կուսակցություն» չկա, «Վրացական երազանք»-ն է դա հորինել…»,- գրել է նա:
Մեկ շաբաթ առաջ Մդինարաձեն հայտարարել էր, թե Արևմուտքը միտումնավոր սնանկացրել է շվեյցարական բանկային հսկա Credit Suisse-ը, որպեսզի ճնշում գործադրի կուսակցության հիմնադիր և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի վրա, և վարկած էր առաջ քաշել, ըստ որի՝ այդ գործողությունների հետևում կանգնած է «Պատերազմի գլոբալ կուսակցությունը»:
«Ինչ վերաբերում է «Պատերազմի գլոբալ կուսակցությանը», ապա դրանք կոնկրետ, ցավոք, շատ ազդեցիկ ուժեր են, որոնց հաջողվում է, օրինակ, շվեյցարական բանկի սնանկության հաշվին և գնով շանտաժի ենթարկել Բիձինա Իվանիշվիլիին և արգելափակել միլիարդավոր դոլարներ»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքը «խոսում է կոնկրետ ուժերի մասին, որոնք վերահսկում են իրավիճակը և ազդում […] կառույցների վրա, որոնք ընդունակ են որոշումներ կայացնել ամբողջ աշխարհում»։
Թեև «Վրացական երազանք»-ի պաշտոնյաները մշտապես հրաժարվում են ուղղակիորեն բացահայտել, թե ինչ կամ ում են համարում ներգրավված «Պատերազմի գլոբալ կուսակցությունում», նրանք հաճախ ակնարկում են, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը գործում են ելնելով նրա շահերից՝ միաժամանակ ենթադրելով, որ Վրաստանի և Ուկրաինայի վրա հարձակվել Ռուսաստանին դրդել է հենց այս կուսակցությունը։
«Գործակալներ և օգտակար հիմարներ»
«Վրացական երազանք»-ի պատգամավորներն արձագանքել են կուսակցության առաջնորդների մեկնաբանություններին, իսկ պատգամավոր Իրակլի Զարկուան կիրակի լրագրողներին ասել է, թե «ԱՄՆ ապագա նախագահի վրա հարձակումը «Պատերազմի գլոբալ կուսակցության» [ձեռագրի] ևս մեկ հստակ արտահայտություն է, թե ինչպես է այն հարձակվում իր հակառակորդների […] [և] տարբեր կարծիքներ ունեցող կամ գաղափարախոսությունների հարող մարդկանց վրա»։
«Ցավոք, [ամերիկյան] այս կառավարության օրոք ԱՄՆ-ը՝ որպես ժողովրդավարության փարոս, թաղվեց։ Ցավում եմ դա ասելու համար: Դուք օրինակ էիք բոլորիս համար։ Ինչի՞ վերածեցիք այս երկիրը»,- ասել է նա։
Խորհրդարանական մեծամասնության անդամ և Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Թենգիզ Շարմանաշվիլին կիսվել է վարչապետի գրառմամբ և գրել, որ հարձակումն ամրապնդել է Կոբախիձեի ավելի վաղ արած պնդումները, թե ԵՄ մի պաշտոնյա իրեն սպառնացել էր սպանությամբ։
Մայիսին Իրակլի Կոբախիձեն ԵՄ անհայտ հանձնակատարին մեղադրել էր այն բանի համար, որ վերջինս նրան սպառնացել է՝ ասելով, թե ինքը կարժանանա Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի ճակատագրին, որի նկատմամբ վերջերս մահափորձ էր կատարվել ելույթի ժամանակ՝ կրկին ենթադրելով, որ մահափորձի հետևում կանգնած են արևմտյան երկրները: Շարմանշվիլին հավելել է, որ «գործակալներն ու օգտակար հիմարները» շուտով կսկսեն արդարացնել Թրամփի վրա հարձակումը։