Հայաստանը թեև առարկայական բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու համար, սակայն դեռևս չի կողմնորոշվել նոր էներգաբլոկի մոդելի հարցում: Այս մասին գրում է Deutsche Welle-ն՝ «Հայաստանը ԱԷԿ կկառուցի՞ արևմտյան տեխնոլոգիաներով» հոդվածում։
Հրապարակման մեջ նշվում է, որ բանակցություններ են ընթանում տեխնոլոգիաների պոտենցիալ մատակարար երկրների հետ, որոնք, ինչպես պարզվել է, քիչ չեն: «Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Հարավային Կորեան և Չինաստանը»,- DW-ի հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
Դեռևս 2023-ի հուլիսին Հայաստանի կառավարությունն աշխատանքային խումբ էր ուղարկել ԱՄՆ, որը ծանոթացել էր ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներին, փոքր մոդուլային ռեակտորներին և դրանց մշակումներին։ «Փոքր մոդուլային ռեակտորները, որոնք հայտնի են նաև «մինի ատոմակայաններ» անվամբ, ավելի քան մեկ տասնամյակ մասնագիտական և քաղաքական քննարկումների թեմա են: Շատ փորձագետներ դրանք համարում են ապագայի ատոմակայաններ»,- գրում է կայքը։
Այս տարվա փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը դիտարկում է մոդուլային ատոմային էներգաբլոկի կառուցման հնարավորությունը և որպես կարևոր փաստարկ մատնանշել է դրա անվտանգության բարձր մակարդակը։ «Երբ այդ էլեկտրակայանում վթար է տեղի ունենում, մոտակա բնակավայրերի բնակչությունը չի տարհանվում, որովհետև այդ վթարը վտանգ չի ներկայացնում շրջակա միջավայրի համար, և, ըստ էության, այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց դա է»,- ասել է Փաշինյանը:
«Հայաստանում քննարկվում է մի տարբերակ, որի դեպքում նոր էներգաբլոկի հզորությունը չպետք է գերազանցի 600-700 մեգավատտը»,- ասել է Վարդանյանը: Կառավարությունը, ըստ նրա՝ հակված է փոքր մոդուլային ռեակտորների կառուցմանը, սակայն այդ ճանապարհին հիմնական խոչընդոտն այն է, որ ներկայումս աշխարհում այս տեսակի գործող ատոմակայաններ դեռ չկան:
Մոդուլային ռեակտորներ նախագծող ընկերությունները, Հակոբ Վարդանյանի խոսքով, մշտապես հետաձգում են նման ռեակտորների կառուցման հայտարարված ժամկետները: «Շատ, այդ թվում ՝ ամերիկյան ընկերությունների մոտ ամեն ինչ մշակման փուլում է»,- ասել է նա։
Հարավային Կորեան ևս հետաքրքրություն է հայտնել Հայաստանին 170 մեգավատտ հզորությամբ մոդուլային էներգաբլոկներ տրամադրելու հարցում, որոնք կառուցվածքով նման են ամերիկյան էներգաբլոկներին: «Բլոկի բարձր հզորությունը, իհարկե, նվազեցնում է ինքնարժեքը, բայց խնդիրն այն է, որ այդ մշակումը ևս դեռ չի լիցենզավորվել»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ ռուսական և չինական մշակումները ևս լիցենզավորման գործընթացում են:
Փոքր մոդուլային էներգաբլոկների շահագործման փորձի բացակայության պատճառով Հայաստանի կառավարությունը չի շտապում վերջնական որոշում կայացնել։ «Եթե մենք ուզում ենք արագացնել գործընթացը, ապա պետք է ավանդական տեխնոլոգիաներով ատոմակայան կառուցենք՝ ավելի քան 1 000 մեգավատտ հզորությամբ, ինչը զգալիորեն գերազանցում է մեր պահանջները»,- պարզաբանել է Հակոբ Վարդանյանը:
Նա հավելել է, որ կառավարությունը մտադիր է մինչև 2025-ի կեսերը վերջնականապես կողմնորոշվել ռեակտորի մոդելի և մատակարար երկրի ընտրության հարցում։
Ներկայում Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկը կազմում է մոտ 1 200 մեգավատտ, ինչը մոտավորապես հավասար բաժիններով ապահովվում է երեք հզորություններով՝ հիդրոէլեկտրակայաններ, ջերմաէլեկտրակայաններ և ատոմակայան։ Հայաստանում աճում է նաև արևային կայանների թիվը, սակայն դրանց մասնաբաժինը էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ դեռևս աննշան է՝ 2023-ի առաջին կիսամյակի տվյալներով 4%-ից մի քիչ ավելի։
Ատոմակայանի կառուցման ուղղությամբ հայ-ամերիկյան համագործակցության ճանապարհին առաջին քայլերը կողմերը կատարել էին 2022-ի մայիսին, երբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին այս ոլորտում համագործակցության մասին հուշագիր։ 2023-ի մայիսին ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարեց Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման հնարավորության մասին։
Հայաստանի էներգետիկ ոլորտում ավանդաբար գերիշխում է Ռուսաստանը։ Հայաստանում խորհրդային տարիներին կառուցված ատոմային էլեկտրակայանը, որը միակն է տարածաշրջանում, ապահովում է երկրի ներքին էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելի քան 30%-ը: Այն աշխատում է ռուսական միջուկային վառելիքով, իսկ հիմնական կապալառուն, որը մասնակցել է նաև կայանի արդիականացմանը, «Ռոսատոմ»-ն է։