Սոցցանցերում տարածվող՝ Նիկոլ Փաշինյանի կեղծ տեսանյութը ներդրումային խաբեության նոր ձև է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցցանցերում վերջին շրջանում տարածվում են գովազդային գրառումներ, որոնց կից տեսանյութում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իբր հայտարարում է Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ համատեղ ներդրումային հարթակի ստեղծման մասին։

Տեսանյութում հնչող ռուսերեն ձայնը, որը նմանեցված է Նիկոլ Փաշինյանի ձայնին, հայտարարում է, թե օգտատերերը կարող են «օրական 100 000 դրամից ավել գումար վաստակել՝ պարզապես սոցցանցերում ժամանակ անցկացնելով», և հորդորում է այցելել «Libra ներդրումային հարթակի» կայք:

#CivilNetCheck-ը պարզել է, որ գովազդվող տեսանյութն ու ներդրումային հարթակը կեղծ են և փաստացի ֆինանսական խարդախություն են։

Կեղծ տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով

Թեև տեսանյութի տեսողական և ձայնային բովանդակությունը նման է իրական Փաշինյանին և նրա ձայնին, սակայն ուշադիր դիտելիս պարզ է դառնում, որ տեսանյութը մոնտաժված է։ Դրա մասին են վկայում ինչպես տեսանյութում բերանի անհամապատասխան շարժումները, այնպես էլ անբնական խոսելաձևը։

Ձայնի նմանակման համար օգտագործվել են արհեստական բանականության գործիքներ, որոնք «պատճենել են» Փաշինյանի ձայնը նրա իրական ելույթներից։ Իրականում Նիկոլ Փաշինյանը երբեք նման հայտարարություն չի արել։

Մենք ստուգեցինք տեսանյութի ձայնը Elevenlabs.io-ի արհեստական բանականության հայտնաբերման գործիքի միջոցով և պարզեցինք, որ ձայնանյութը, մեծ հավանականությամբ, ստեղծվել է այս ծառայության միջոցով։

Էկրանակադրը՝ elevenlabs.io կայքից

Ինչպես է գործում խաբեության սխեման

Այս կեղծ տեսանյութը նպատակ ունի մոլորեցնել օգտատերերին և ներգրավել նրանց ֆինանսական խարդախության մեջ։

Խարդախության սխեման գործում է մի քանի հիմնական քայլերով: Նախ, զեղծարարները օգտագործում են հանրաճանաչ անձի, այս դեպքում՝ Հայաստանի վարչապետի կերպարը, վստահություն ներշնչելու համար:

Այնուհետև նրանք առաջարկում են արագ և հեշտ եկամուտ՝ գրավելով պոտենցիալ զոհերի ուշադրությունը: Տեսանյութում կոչ է արվում անհապաղ գործել՝ այցելելով, այսպես կոչված «Libra ներդրումային հարթակի» կայք: Սակայն իրականում այս կայքը փորձում է վաճառել ֆինանսական ներդրումների վերաբերյալ անորակ առցանց դասընթացներ՝ հսկայական գումարներ կորզելով զոհերից:

Էկրանակադրը՝ զեղծարարների կայքից

Ինչ վերաբերում է Libra նախագծին, որը նշվում է կեղծ տեսանյութում, այն իրոք պետք է դառնար Facebook-ի կրիպտոարժույթը: Facebook-ը 2019 թվականին հայտարարեց դրա գործարկման մասին, սակայն նախագիծը ձախողվեց և ընկերությունը որոշեց վաճառել այն: Ներկայում Meta-ն (նախկինում՝ Facebook) չունի որևէ ներդրումային հարթակի կամ կրիպտոարժույթի ծրագիր։

Նման խարդախությունները սահմանափակված չեն միայն Հայաստանով: Նախկինում կեղծ ձայնագրությամբ նույնանման գովազդ ակտիվորեն տարածվում էր նաև Ղազախստանի, Վրաստանի և այլ երկրների օգտատերերին թիրախավորելու համար:

Վերջերս #CivilNetChech-ն անդրադարձել էր սոցցանցերում գովազդների միջոցով տարածվող ֆինանսական այլ խարդախություններին։

Տես՝ Զգուշացե՛ք, խարդախություն. հայտնի մարդկանց անունից գովազդվում է կեղծ ներդրումային հարթակ

Մեկնաբանել