Մեծ Բրիտանիան չի պատրաստվում ԵՄ-ից դուրս գալ. Դ.Քեմերոն

Մեծ Բրիտանիան չի պատրաստվում Եվրամիությունից դուրս գալ. ըստ Itar-tass-ի՝ հայտարարել է ՄԲ-ի վարչապետ Դեվիդ Քեմերոնը՝ Բելգիայի մայրաքաղաքում ԵՄ խորհրդաժողովի արդյունքներն ամփոփելիս:

Լրագրողների հարցերին, թե արդյոք Բրիտանիան պատրաստվում է լքել ԵՄ-ի շարքերը, Քեմերոնը տվել է միանշանակ բացասական պատասխան: Սակայն նա նշել է, որ ՄԲ-ն նախատեսում է վերանայել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, որպեսզի ամրապնդի իր ինքնուրույնությունը: «Արդյո՞ք ինձ գոհացնում է Եվրոպայում ունեցած մեր դիրքը: Ոչ, չի գոհացնում: Ես կարծում եմ, որ մենք պիտի այն փոխենք: Հնարավորություններ են ստեղծվում, որպեսզի կառուցենք այն, ինչ ես կանվանեմ Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի միջև հարաբերությունների նոր կարգավորում,- հայտարարել է նա,- Բրիտանիայի համար ճիշտ կլինի բարձրաձայնել, թե ո՛րն է մեր ազգային շահը»:

ԵՄ-ի կազմից դուրս գալու մասին խոսակցությունների պատճառը Լոնդոնի և գործընկերների միջև վերջերս ավելի ու ավելի խորացող տարաձայնություններն են, ինչպես նաև Քեմերոնի ղեկավարած Պահպանողական կուսակցության շարքերում հակաեվրոպական տրամադրությունների տարածումը: Քեմերոնը նախկինում էլ հայտարարել էր, որ համակարծիք է «պահպանողական-եվրակասկածամիտների» այն տեսակետին, որ անհրաժեշտ է ՄԲ-ում անցկացնել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ հանրաքվե: Նա նշել էր, որ այդ հանրաքվեի նպատակը պիտի լինի ոչ թե ԵՄ-ի կազմից դուրս գալը, այլ՝ ԵՄ-ի հետ նոր հարաբերությունների կազմավորումը:

Մինչդեռ Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Շտուբբը համարում է, որ ԵՄ-ի գործընկերներից տարանջատվելով՝ ՄԲ-ն կանգնում է այն ճանապարհին, որը նրան վաղ թե ուշ հասցնելու է ԵՄ-ից դուրս գալուն, եթե նույնիսկ դա երկրի առաջնորդների ծրագրերում չկա:

«Մեծ Բրիտանիան ինքնակամ տարանջատվում է, և մենք տեսնում ենք,- ասել է նա,- դա ակնհայտ է թե երկրի ներքին խնդիրներում, թե տնտեսական քաղաքականության մեջ, թե միասնական տարադրամի հետ կապված: Եվ ես, որպես միասնական շուկայի և ազատ առևտրի համակիր, դա շատ ցավալի եմ համարում: Կարծես, մենք բոլորով մի նավակով նավարկում ենք, իսկ մեր ընկերներից մեկը հանկարծ ասում է՝ ցտեսություն, ու մենք ոչինչ չենք կարող անել»:

Մեկնաբանել