Փաշինյանը մեկնել է Լոնդոն՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Լոնդոն՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հուլիսի 17-20-ն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին: ՄԹ-ում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

***

Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովը տեղի էր ունեցել 2022-ի հոկտեմբերին Պրահայում։ Գագաթաժողովի շրջանակում տեղի էր ունեցել քառակողմ հանդիպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Այդ հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը։

Մեկ տարի անց՝ 2023-ի հոկտեմբերին, Ալիևը չէր մասնակցել Գրանադայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթաժողովի շրջանակում նախատեսված հնգակողմ ձևաչափով բանակցություններին։ Հնգակողմի փոխարեն Իսպանիայում կայացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։

Մեկնաբանել