Եվրոպական առաջատար 5 առաջնությունների կենտրոնական հանդիպումները

Ներկայացնում ենք այս հանգստյան օրերին կայանալիք Եվրոպական թոփ 5 առաջնությունների կենտրոնական խաղերի անոնսը:

Անգլիա. «Տոտենհեմ» – «Չելսի»
Դերբին ինքնին հետաքրքիր է, սակայն այս դիմակայությունն էլ ավելի մեծ լարվածություն է հաղորդում այն փաստը, որ «Տոտենհեմի» ներկայիս գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշն անցած մրցաշրջանում գլխավորում էր հենց «Չելսին», սակայն «ազնվականների» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մրցաշրջանի միջնամասից աշխատանքից ազատեց պորտուգալացուն՝ չնայած նրան իր թիմում տեսնելու համար «Պորտուին» կլորիկ գումար էր վճարել: Կասկած չկա, որ Վիլաշ-Բոաշը կփորձի վրեժ լուծել իր նախկին թիմից, ուստի առանձնահատուկ կերպով կտրամադրի իր թիմին: «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի վերջին 4 խաղերում հաղթանակ է տոնել, այդ թվում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ: Դա նշանակում է, որ ֆուտբոլիստները բարձր տրամադրությամբ կմոտենան հանդիպմանը: Իսկ «Չելսին» ընդհանրապես չի պարտվում այս առաջնությունում՝ 6 հաղթանակ, 1 ոչ-ոքի: Հаշվի առնելով «Տոտենհեմի» մարտավարությունը, որի պաշտպանները սովորականից ավելի բարձր են դասավորվում՝ տուգանայինից դուրս, հանդիպումը խոստանում է լինել գոլառատ: Չի բացառվում, որ առաջին անգամ «ազնվականները» խաղադաշտը լքեն գլխիկոր:

Ֆրանսիա. ՊՍԺ – «Ստադ Ռեյմս»
Իրականում Ֆրանսիայի առաջնության կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ երեկ: «Բորդոն» և «Լիլը» մեկական գնդակ փոխանակեցին, ուստի կանդրադառնանք փարիզյան թիմի մասկանցությամբ հանդիպմանը: Ամառային ձեռքբերումներից հետո շատ հետաքրքիր է հետևել ՊՍԺ-ի խաղին, քանի որ ձևավորվում է եվրոպական մակարդակով նոր գրանդ ակումբ, նմանություն ունենալով «Մանչեսթեր Սիթիի» հետ: Գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին փորձում է նոր թիմ կառուցել, որը մրցունակ կլինի նաև Եվրոպայում: Թվում է, թե «Ռեյմսն» այնքան էլ հնչեղ անուն չէ այսօրվա ֆուտբոլում, սակայն այս թիմը Ֆրանսիայի առաջնության առաջատարներից է և ՊՍԺ-ին զիջում է ընդամենը 2 միավոր: Հյուրերը կփորձեն առվազն պարտված չհեռանալ Փարիզից: Հանդիպման գլխավոր ինտրիգներից մեկն էլ այն է, թե ինչքան գոլ կխփի Զլատան Իբրահիմովիչը, ով փայլուն արդյունավետություն է դրսևորում վերջին խաղերում:

Գերմանիա. Դորտմունդի «Բորուսիա» – «Շալկե 04»
Գերմանիայի կարևորագույն և ուժեղագույն դերբին, մրցաշարային աղյուսակում հարևաններ, հարձակմանը միտված թիմեր, և վերջապես 80 հազարից ավել հանդիսականներ: Հանդիպման դիտարժանությունն ապահովված է, ինչպես նաև գոլառատությունը: Իրականում երկու թիմերն էլ անցած տարվա համեմատ մի փոքր զիջել են իրենց դիրքերը, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրում: Հատկապես տարօրինակ է «Բորուսիայի» ցուցադրած արդյունքները, որն ունենալով չափազանց տաղանդավոր և ուժեղ կազմ՝ 7 խաղում միայն 12 միավոր է վաստակել: Նրանք կփորձեն նոր հաղթարշավ սկսել Գերմանիայի առաջնությունում, իսկ դրա համար ավելի լավ առիթ, քան դերբիում հաղթանակը, դժվար է գտնել: Ինչ վերաբերում է «Շալկեին», ապա այս թիմը շարունակում է ոչ կայուն ելույթները: Հարձակման գծում ունենալով Հունտելարի պես ֆուտբոլիստ՝ գելզենկիրխեցիներն արդյունավետ, սակայն ոչ կայուն ֆուտբոլ են ցուցադրում: Փայլուն հանդիպումներին կարող են հաջորդել ձախողումներ:

Իտալիա. «Յուվենտուս» – «Նապոլի»
Իտալիայի առաջնության ոչ միայն 8-րդ տուրի, այլև, հնարավոր է, ամբողջ մրցաշրջանի կենտրոնական հանդիպումներից մեկը: Թիմերը հավասար միավոր են հավաքել և գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ ցուցադրելով արագ և կոմբինացիոն ֆուտբոլ: Մասնագետները հենց այս երկու թիմերին են ֆավորիտ համարում չեմպիոնական տիտղոսի համար պայքարում: Երկու թիմերն էլ աչքի են ընկնում ամուր պաշտպանությամբ, ուստի չի բացառվում ոչ գոլառատ հանդիպումը, սակայն այն, որ այս խաղն անցնելու է անչափ լարված պայքարում, կասկած չի առաջացնում ոչ մեկի մոտ: «Նապոլին» Իտալիայի սուպերգավաթի համար խաղում պարտվեց հենց «Յուվենտուսին» և կցանկանար վրեժ լուծել, սակայն դրա հնարավորություններն այնքան էլ մեծ չեն՝ հաշվի առնելով, որ հանդիպումն անցնելու է Թուրինում: Կարծում ենք՝ հյուրերին կբավարարի նաև ոչ-ոքի արդյունքը, ամեն դեպքում, Պանդև – Կավանի – Համշիկ եռյակն ամեն ինչ կանի «Յուվեի» անպարտելիության շարքն ընդհատելու համար:

Իսպանիա. «Վալենսիա» – «Ատլետիկ»
Իսպանիայի առաջնության 8-րդ տուրը, կարծես, անցումային լինի առաջատարների համար: «Բարսելոնան» և «Ռեալը» դժվար թե լուրջ խնդիրներ ունենան «Դեպորտիվոյի» և «Սելտայի» հետ խաղերում: Մի փոքր ավելի բարդ է «Ատլետիկոյի» խնդիրը, սակայն տուրի կենտրոնական հանդիպումը հենց «Վալենսիայի» և «Ատլետիկի» մրցավեճն է: Թիմեր, որոնցից սպասելիքները մեծ էին, սակայն նրանք ձախողեցին առաջնության մեկնարկը: Դժվար թե ակումբների երկրպագուները 7 խաղում 8 միավոր էին ակնկալում իրենց սիրելիներից: Երկուսի ձախողման հիմքերում օբյեկտիվ պատճառներ կան: Ե՛վ «Վալենսիային», և՛ «Ատլետիկին» օդի և ջրի պես միավորներ են անհրաժեշտ, ուստի սպասվում է, որ խաղը կանցնի անզիջում պայքարում, ինչպես նաև խոստանում է գոլառատ լինել, քանի որ երկու թիմերն էլ խնդիրներ ունեն պաշտպանությունում: