«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կուսակցության նոր շտաբի բացման արարողության և իրենց նախընտրական արշավի մեկնարկն ազդարարելու ժամանակ սպառնացել է իրավական պատժամիջոցներ կիրառել ընդդիմության դեմ։
«Երկրի կայուն զարգացումն ապահովելու համար կարևոր է հավաքական «Ազգային շարժում» կուսակցությանը լիովին պատասխանատվության ենթարկել վրաց ժողովրդի և օրենքի առաջ»,- երեքշաբթի երեկոյան ասել է «Վրացական երազանք»-ի միլիարդատեր հիմնադիրը, որը հազվադեպ է հրապարակային ելույթներ ունենում։
Կուսակցությունն օգտագործել է «հավաքական Ազգային շարժում» ձևակերպումը՝ դրա տակ հասկանալով նախկինում իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը և երկրի արևմտամետ այլ ընդդիմադիր կուսակցություններին։
Իր ելույթում Իվանիշվիլին հայտարարել է, թե «հավաքական Ազգային շարժման» մաս են կազմում Նիկա Գվարամիան և Գիգա Բոկերիան՝ երկուսն էլ նախկին «Միացյալ ազգային շարժման» պաշտոնյաներ, որոնք ստեղծել են իրենց ընդդիմադիր կուսակցությունները:
Նա նաև նշել է մի քանի քաղաքական ընդդիմախոսների անուններ, որոնք կապ չունեն «Միացյալ ազգային շարժման» հետ: Նրանց թվում էին «Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն ընտրվել է «Վրացական երազանք»-ի աջակցությամբ, և «Վրացական երազանք»-ի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, որն այժմ գլխավորում է ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցությունը։
«Ընտրություններից հետո [հավաքական Ազգային շարժումը] պետք է պատասխան տա բոլոր այն հանցանքների համար, որ նրանք գործել են իշխանության եղած ժամանակ, հատկապես 2008-ի [վրաց-ռուսական պատերազմը] գործողությունների և երկիրը պատերազմի մեջ ներքաշելու համար, ինչի համար մեր երկիրը վճարել է երկու պատմական շրջանների ժամանակավոր կորստով»,- ասել է նա։
Իր ելույթում Իվանիշվիլին և մյուսները ընդդիմության առաջնորդներին բազմիցս անվանել են «անհայրենիք»՝ միաժամանակ պնդելով, որ նրանք ծառայում են օտար ուժերին։
Իվանիշվիլին նախկինում ևս նման սպառնալիք էր հնչեցրել։ Ապրիլի 29-ին նա ասել էր, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո վերընտրված կառավարությունը «կկարողնա քաղաքական և իրավական խիստ վճիռ կայացնել հավաքական «Ազգային շարժման» նկատմամբ»։
Բիձինա Իվանիշվիլին ելույթ է ունենում 2024-ի ապրիլի 30-ին Թբիլիսիում՝ խորհրդարանի մոտ, տեղի ունեցած իշխանական հանրահավաքի ժամանակ։ Լուսանկարը՝ Թաթա Շոշիաշվիլի/OC Media։
Ընդդիմությանը խեղդելու Իվանիշվիլիի սպառնալիքները երեքշաբթի տեղի ունեցած միջոցառմանը կրկնել է նաև «Վրացական երազանք»-ի նախագահ և նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Այսօր արհեստականորեն բաժանված հավաքական Ազգային շարժումը՝ պատերազմի և քաոսի կուսակցությունը, կրկին պնդում է, որ վերադառնում է իշխանության։,- Այս պահին մենք պետք է թույլ չտանք, որ ոչ միայն նման չարիքը չվերադառնա իշխանության, այլև չմնա քաղաքականությունում»։
«Այսօր ընտրություն է կատարվելու պատերազմի և խաղաղության, պատերազմի կուսակցության և խաղաղության կուսակցության միջև, զարգացմանը միտված քաղաքական ուժի, որը հետապնդում է ազգային շահը և պատերազմի ու քաոսի չար ուժի միջև, որը հետապնդում է օտար երկրների շահերը»,- ասել է Ղարիբաշվիլին։
Երեքշաբթի տեղի ունեցած միջոցառմանը բեմ են բարձրացել նաև իշխող կուսակցության այլ առաջատար անդամներ, այդ թվում՝ Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Միջոցառմանը ներկա են եղել նաև մի քանի տասնյակ հայտնիներ, այդ թվում՝ երգիչներ, դերասաններ, մարզիկներ։
Ընդդիմությանը քննադատելուց և սպառնալուց բացի՝ կուսակցական առաջնորդները խոսել են նաև Ուկրաինայի պատերազմի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Չինաստանի հետ Վրաստանի հարաբերությունների մասին, ինչպես նաև «Գլոբալ պատերազմի կուսակցության» մասին, դավադրության տեսություն, որը հորինել է «Վրացական երազանք»-ը՝ պնդելով, թե կա գաղտնի գործող կազմակերպություն, որը վերահսկում է Արևմուտքը և փորձում է գլոբալ պատերազմ հրահրել:
Երեքշաբթի տեղի ունեցած միջոցառմանը կուսակցությունը հայտարարել է, որ սկսում է իր նախընտրական քարոզարշավը՝ «Դեպի Եվրոպա միայն խաղաղությամբ, արժանապատվությամբ և բարգավաճմամբ» կարգախոսով։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ կուսակցության հիմնադրումից 12 տարի անց «Վրացական երազանք»-ը «կունենա իր սեփական, ժամանակակից գրասենյակը, ինչը վստահաբար վկայում է այն մասին, որ մենք չենք պատրաստվում պարտվել ոչ մի ընտրություններում առնվազն ևս 12 տարի»։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 26-ին, իսկ պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 28-ին:
Իշխող կուսակցության պաշտոնյաների ելույթներն արժանացել են ընդդիմադիր ողջ ներկապնակի լայնածավալ դատապարտմանը:
Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Միխեիլ Դաուշվիլին ասել է, որ միջոցառումը «քաղաքացիներին պատերազմով վախեցնելու ապարդյուն փորձ է»:
«Ստրատեգի Աղմաշենեբելի» կուսակցության պատգամավոր Պաատա Մանջգալաձեն միջոցառումն ու բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներն անվանել է ««Վրացական երազանք»-ի հուղարկավորություն»՝ հավելելով, որ Իվանիշվիլիի մեկնաբանությունները նախատեսված են «լարվածություն և հակասություն» ստեղծելու համար։
Արտաքին քաղաքականության շփոթեցնող ուղերձ
Միջոցառման ժամանակ կուսակցական առաջնորդները մի կողմից քննադատել են Արևմուտքին՝ պնդելով, որ այն «Գլոբալ պատերազմի կուսակցության» վերահսկողության տակ է, մյուս կողմից՝ պնդել, թե Վրաստանը լավ հարաբերություններ է պահպանում արևմտյան երկրների հետ և պատրաստվում է միանալ ԵՄ-ին:
Իվանիշվիլին ասել է, որ «Գլոբալ պատերազմի կուսակցություն»-ը «զգալի ազդեցություն ունի այսօրվա ԱՄՆ-ի և եվրոպական բյուրոկրատիայի վրա»։
Նրա խոսքով՝ դա վրաց հասարակության մոտ ընկալման պատճառ է դարձել առ այն, թե Վրաստանը հակասության մեջ է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ:
«Սակայն, երբ պատերազմն Ուկրաինայում ավարտվի, շահերը կփոխվեն, և այդ ընկալումն ակնթարթորեն կվերանա»,- ասել է նա՝ հավելելով, որ պատերազմը կավարտվի մեկ տարուց, և «ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ հարաբերություններում բոլոր թյուրիմացություններն անմիջապես կմնան անցյալում»։
Նա նաև ասել է, որ կուսակցությանն «այս ընտրություններում անհրաժեշտ է ամուր հաղթանակ՝ համարժեք սահմանադրական մեծամասնություն կազմելուն, որպեսզի մեկընդմիշտ վերջ տա Գլոբալ պատերազմի կուսակցությանը, [օտաերկրյա] գործակալությանը, արմատականությանը, բևեռացմանը» և լիբերալ ֆաշիզմին Վրաստանում»։ Նրա խոսքով՝ այս ամենն անհրաժեշտ պայման է Եվրամիությանը երկրի անդամակցության համար։
Ելույթ ունենալով միջոցառման ժամանակ՝ Կոբախիձեն կրկնել է կուսակցության այն հայտարարությունները, թե Արևմուտքն աջակցել է Վրաստանի կառավարությունը տապալելու փորձերին։ «2021-ին երկիրն անցավ հեղափոխության առաջին փորձի միջով։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո երկրի վրա աննախադեպ ճնշում սկսվեց, ինչը հանգեցրեց հեղափոխության երկրորդ փորձին 2022-ին հունիսին»,- ասել է նա։
«Գլոբալ պատերազմի կուսակցության ջանքերի շնորհիվ Վրաստանին միանգամայն անարդարացիորեն մերժեցին Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ տալ, այդպիսով երկիրը մեկուկես տարի ապրեց արհեստականորեն ստեղծված, այսպես կոչված, բևեռացման ռեժիմում»,- ասել է նա:
Կոբախիձեն հավելել է, որ չնայած դրան՝ «կառավարությունը պահպանեց խաղաղությունը, ապահովեց տնտեսության աննախադեպ արագ աճ և ստացավ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ»։
Միջոցառման ժամանակ կուսակցության խորհրդարանական առաջնորդ Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ «Վրացական երազանք»-ը և նրա թևերից մեկը՝ «Ժողովրդական իշխանություն»-ը, ընտրությունների ժամանակ կմասնակցեն որպես մեկ կուսակցություն:
«Ժողովրդական իշխանության» պատգամավորները 2022-ին բաժանվել են «Վրացական երազանք»-ից, ինչպես իրենք էին ձևակերպել, Արևմուտքին քննադատելու հարցում ավելի ազատ լինելու համար։ Այդ ժամանակվանից նրանք հանդես են եկել որպես խորհրդարանական մեծամասնության մաս, որոնց բազմաթիվ նախաձեռնություններ և թեզեր հետագայում պաշտոնապես ընդունվել են իշխող կուսակցության կողմից:
Իվանիշվիլին իր ելույթի մի հատվածը նվիրել է Չինաստանի իշխանություններին շնորհակալություն հայտնելուն «Վրաստանին հատուկ աջակցություն» ցուցաբերելու համար։ Նա ասել է, որ Չինաստանի հետ համագործակցության խորացումն այլընտրանք չէ ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի հետ համագործակցությանը, այլ հավելում է դրանց։
Վերջին տարիներին վրացի պաշտոնյաները գնալով ավելի են թշնամացել ԱՄՆ-ի և ԵՄ-ի նկատմամբ, և դրան զուգահեռ երկիրն սկսել է քաղաքական և տնտեսական ավելի սերտ կապեր հաստատել Չինաստանի հետ: