Երևանում անշարժ գույքի գները շարունակում են աճել

Երևանում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները 2024-ի երկրորդ եռամսյակում աճել են 3 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ, սակայն, գործարքները նվազել են 18 տոկոսով։ Այդ մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած անշարժ գույքի շուկայի վերլուծությունից։

Հարկ է ընդգծել, որ այս տարվա երկրորդ եռամսյակում Երևանում անշարժ գույքի առքուվաճառքի հիմնական մասը վերաբերում է ավտոտնակներին։ Դրանց առքուվաճառքն աճել է 55 տոկոսով։ Բնակարանների դեպքում աճը կազմել է 4 տոկոս, իսկ առանձնատների, արտադրական նշանակության շինությունների, հասարակական նշանակության շինությունների վաճառքը նվազել է։

Ըստ Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված տեղեկատվության՝ Երևանի կենտրոնում բնակարանի 1 քառակուսի մետրի միջին շուկայական արժեքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11,1 տոկոսով, Արաբկիրում՝ 10,7 տոկոսով, Քանաքեռ-Զեյթունում` 7,6 տոկոսով։ Նոր-Նորքում բնակարանի 1 քմ-ի միջին շուկայական արժեքը 12,1 տոկոսով է աճել, Էրեբունիում՝ 10,7, Շենգավիթում՝ 10,5, Դավթաշենում՝ 12,5 տոկոսով։ Աջափնյակում բնակարանների 1 քմ-ի գներն աճել են 9,1 տոկոսով, Մալաթիա-Սեբաստիայում` 6,4 տոկոսով, Ավանում՝ 9,6 տոկոսով, Նուբարաշենում՝ 8 տոկոսով։

«Գնային փոփոխությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2024-ի երկրորդ եռամսյակում Երևանում քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2024-ի առաջին եռամսյակի համեմատ աճել են 0,3 տոկոսով, իսկ 2023-ի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 10,1 տոկոսով»,- վերլուծությունում։

Մարզերում առքուվաճառքի գործարքներն այս տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9,8 տոկոսով։ Ընդ որում, այս աճն ապահովվել է մարզերում հողերի, ավտոտնակների, հասարակական նշանակության շինությունների առքուվաճառքի գործարքների հաշվին։ Բնակարանների առքուվաճառքը մարզերում նվազել է 9 տոկոսով, իսկ առանձնատներինը՝ 3 տոկոսով։ 8 տոկոսով էլ նվազել է հասարակական նշանակության շինությունների առքուվաճառքի գործարքները մարզերում։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում անշարժ գույքի հետ կապված գործարքների թիվը 2024-ի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է մոտ 16 տոկոսով։ Ընդ որում գործարքների ամենամեծ աճը գրանցվել է Սյունիքում՝ 86 տոկոսի չափով։ Ամենաշատը եղել են օտարման, առաջնային գրանցման, ժառանգության հետ կապված գործարքները։

Հանրապետությունում 0,6 տոկոսով աճել է վարձակալության գործարքների թիվը։ Ամենամեծ թվով վարձակալության գործարքները եղել են Լոռիում, այստեղ աճը մոտ 61 տոկոս։ Շիրակում վարձակալության գործարքներն աճել են 95 տոկոսով, Երևանում՝ 4 տոկոսով։

Մեկնաբանել