Հայկական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում անցկացնել Միացյալ Թագավորությունում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Այդ մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է։ Հայաստանը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասված է ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունում։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե իբր Նիկոլ Փաշինյանն է հրաժարվել Իլհամ Ալիևի հետ հանդիպել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում․ «Այս հանդիպումից հրաժարվելը համարում ենք երկխոսությունից և խաղաղության օրակարգն առաջ մղելուց հետ կանգնելու մտադրության դրսևորում»,- ասել էր Հաջիևը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ հանդիպում անցկացնելու առաջարկով հանդես է եկել Մեծ Բրիտանիան։ Հաջիևի խոսքով՝ նախ պետք է տեղի ունենար Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հանդիպումը, ապա շարունակվեր Հայաստան-Ադրբեջան ֆորմատով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-20-ը աշխատանքային այցով Լոնդոնում է, որտեղ մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս մասնակցում է գագաթնաժողովին։
***
Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովը տեղի էր ունեցել 2022-ի հոկտեմբերին Պրահայում։ Գագաթաժողովի շրջանակում տեղի էր ունեցել քառակողմ հանդիպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Այդ հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը։
Մեկ տարի անց՝ 2023-ի հոկտեմբերին, Ալիևը չէր մասնակցել Գրանադայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված հնգակողմ ձևաչափով բանակցություններին։ Հնգակողմի փոխարեն Իսպանիայում կայացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։