Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
«Ուշադրություն բոլոր նրանց համար, ովքեր չունեն աշխատանք․ ամսական 310.000 դրամ․ Շտապեք, քանի դեռ ուշ չէ». նման վերտառությամբ գրառումներ պարբերաբար տարածում են բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջեր։

Գրառմանը կցված է erevanblog.am կայքի հղումը։ Չնայած գրառման մեջ հորդորում են «շտապել, քանի դեռ ուշ չէ», երբ այցելում ենք կայքի հղումով, հայտնվում է հոդված, որը հրապարակվել է ամիսներ առաջ՝ ապրիլի 6-ին։
Erevanblog.am կայքում հրապարակված հոդվածը ևս ժամանակավրեպ է։ Հոդվածում պարզապես հրապարակված է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնի համար աշխատանքի հայտարարությունը։ Ընդ որում՝ հոդվածը կայքում հրապարակվել է 2024-ի ապրիլին, բայց այս պաշտոնի համար աշխատանքի հայտարարությունը եղել է 2022 թվականին, ինչի մասին անգամ կայքում է նշվում։
Ֆեյսբուքյան էջերի գրառումը մոլորեցնող է, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ աշխատանք չունեցող անձինք այս պահին 310 հազար դրամ կարող են վաստակել, այնինչ պարզվում է, որ և՛ կցված հոդվածն է հին, և՛ աշխատանքի հայտարարությունը։
Մոլորեցնող գրառումը տարածող ֆեյսբուքյան էջերի և կայքի մասին
Այս գրավիչ բովանդակությամբ գրառումը, որը մղում է սեղմելու կցված հղումը, տարածել են 70 հազար հետևորդ ունեցող «Ժպտա և ողջ աշխարհը կժպտա քեզ»,133 հազար հետևորդ ունեցող «Օրվա լուրեր», 253 հազար հետևորդ ունեցող «Blogger.am», 50 հազար հետևորդ ունեցող «Լրահոս», 160 հազար հետևորդ ունեցող «Հայաստան ջան» և ֆեյսբուքյան այլ էջեր։ Վերը նշված ֆեյսբուքյան էջերը գրառմանը կցել են 2023-ին գրանցված erevanblog.am կայքի հղումը։
Գրառումը տարածած «Ժպտա և ողջ աշխարհը կժպտա քեզ» և «Լրահոս» ֆեյսբուքյան էջերը փոխկապակցված են. դրանց գլխավոր նկարները նույնն են, և երկու էջերը վայրկյանների տարբերությամբ նույն գրառումներն են անում՝ կցելով նույն կայքերի հղումները։

Ինչպես նշեցինք, ֆեյսբուքյան էջերը նույն բովանդակությամբ գրառումը տարածում են պարբերաբար։ Օրինակ՝ «Blogger.am» և «Լրահոս» էջերը այս գրառումն արել էին նաև այս տարվա հունվարին, իսկ «Հայաստան ջան»-ը նույնիսկ մի քանի անգամ՝ մարտ և ապրիլ ամիսներին։
Բացառությամբ «Blogger.am» էջի, որը Հայաստանից բացի, կառավարվում է նաև Չեխիայից, մյուս բոլոր էջերը կառավարվում են Հայաստանից։
«Blogger.am» ֆեյսբուքյան էջի դեպքում որպես կոնտակտ նշվում է [email protected] էլեկտրոնային հասցեն։

#CivilNetCheck-ը ավելի վաղ հրապարակած հոդվածում գրել էր կեղծ և խուճապային գրառումներ տարածող «Հայաստան ջան» էջի մասին։ Պարզել էինք, որ էջի գրառումների հետ կցված ameolik.online կայքի գրանցման կոնտակներում նշված է [email protected]-ն։ Արման Թումասյանը, որի էլեկտրոնային հասցեն նշված է կայքի վերաբերյալ տվյալներում, բլոգեր է։ Նա զբաղվում է սոցցանցերի էջերի զարգացմամբ։
#CivilNetCheck-ի հետ զրույցում Թումասյանը հաստատել էր, որ erevanblog և hraparaknews կայքերը ևս իր անունով են գրանցված։ Նրա խոսքով՝ իր անունով այլ կայքեր էլ կարող են գրանցված լինել։ Նա գնել է դոմեյնը ու հետագայում վարձով տվել այդ կայքերը։
Այսպիսով, ֆեյսբուքյան էջերը գրավիչ բովանդակությամբ գրառումներ են տարածում՝ դրդելով օգտատերերին սեղմել կցված հղման վրա և դիտումներ ապահովել կայքերի համար, որոնք էլ գումար են աշխատում գովազդատուներից։ Գրառմանը կցված կայքերն էլ, ինչպես օրինակ erevanblog.am կայքը, իրական լրատվամիջոցներ չեն։