Դեպորտիվոն 4 գոլ խփեց Բարսելոնային ու պարտվեց

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Դեպորտիվոն» «Ռիասոր» մարզադաշտում իսկական ճակատամարտ տվեց «Բարսելոնային», 4 գոլ խփեց, սակայն չկարողացավ միավորներ կորզել կատալոնական ակումբից: Հանդիպման 18-րդ րոպեին Տիտո Վիլանովայի սաներն արդեն առջևում էին 3:0 հաշվով, 3-րդ րոպեին Սեսկ Ֆաբրեգասի փոխանցումից հետո «Բարսային» առաջ մղեց Խորդի Ալբան, 8-րդ րոպեին Կրիստիան Տելյոն հաշիվը դարձրեց 2:0, իսկ 10 րոպե անց Լիոնել Մեսսին աչքի ընկավ Ֆաբրեգասի փոխանցումից հետո:

Հաջորդ 2 արդյունավետ գրոհները կազմակերպեցին տանտերերը: 26-րդ րոպեին մրցավարի նշանակած կասկածելի 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Պիցին, իսկ 11 րոպե անց Բերգանտինյոսը հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի: 43-րդ րոպեին Մեսսին իր 2-րդ գնդակը խփեց այս խաղում և 10-րդը Իսպանիայի ընթացիկ առաջնությունում ու ռմբարկուների մրցույթում շրջանցեց Կրիշտիանո Ռոնալդուին: Գոլային փոխանցումը կրկին Ֆաբրեգասը կատարեց:

Ընդմիջումից հետո նույնպես նույնպես թիմերը շատ արդյունավետ էին: 47-րդ րոպեին Պիցին գերազանց իրացրեց տուգանային հարվածը՝ հաշիվը դարձնելով 3:4, իսկ 2 րոպե անց Խավիեր Մասկերանոն 2-րդ դեղին քարտն ստացավ ու «Բարսելոնային» թողեց 10 հոգով: Այդուհանդերձ, հաջորդ գոլը կրկին խփեցին կատալոնացիները ու կրկին աչքի ընկավ Լեո Մեսսին: Բայց սա էլ դեռ վերջը չէր. 2 րոպե անց Խորդի Ալբան դարձավ ինքնագոլի հեղինակ՝ 4:5: Վերջին 10 րոպեներն անցան տանտերերի առավելությամբ և նրանք հաշիվը հավասարեցնելու հնարավորություն ունեցան, սակայն չօգտագործեցին իրենց պահն ու պարտություն կրեցին:

Այժմ «Բարսելոնան» վաստակած վաստակած 22 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Դեպորտիվոն» 6 միավորով 18-րդ տեղում է:

Մեկնաբանել