Կայացել է Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի նիստը

Հոկտեմբերի 21-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման հոգաբարձուների խորհրդի նիստին, որում քննարկվել են դպրոցի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքներն ու ծրագրերը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Միջազգային այս ուսումնական հաստատության կառուցումն օգնելու է մեզ տարբեր խնդիրներ լուծելու գործում: Մենք շահագրգռված ենք, որպեսզի այս ծրագիրն իրականացվի: Համատեղ ջանքերով կարող ենք ապագա հինգ տարիների ընթացքում ունենալ որակապես այլ Դիլիջան, որը չի զիջի զբոսաշրջային մեծ գրավչություն ունեցող նմանատիպ այլ կենտրոնների: Դրա համար կան լավ նախադրլյալներ:
Ընդհանրապես, Դիլիջանի ենթակառուցվածքները զարգացնելու համար անհրաժեշտ էր, որպեսզի պետությունը մեկ արմատական որոշում կայացներ, և դա Կենտրոնական բանկը Դիլիջան տեղափոխելու ծրագիրն է: Դա հնարավորություն կտա լուրջ ֆինանսական ներդրումներ կատարել քաղաքում և ձևավորել անհրաժեշտ ենթակառուցվածքներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Դիլիջանի միջազգային դպրոցը, որում ներգրավված են լինելու միջազգային փորձ ունեցող դասախոսներ և փորձագետներ, նախատեսված է լինելու 13-18 տարեկան 650 աշակերտի համար: Տեղեկացվել է, որ դպրոցի կառուցման աշխատանքները բաղկացած են երկու փուլերից: Առաջին փուլի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014թ. սեպտեմբերին: Այդ ժամանակ շահագործման կհանձվեն դպրոցի գլխավոր և սպորտային մասնաշենքերը, մարզադաշտերը, հանրակացարանների երկու համալիրները, բուժկետը, ուսումնական արհեստանոցը, բազմաֆունկցիոնալ կենտրոնը:

Դպրոցի շինարարության երկրորդ փուլում, որը նախատեսված է ավարտել 2016թ., կկառուցվի ևս երկու համալիր՝ հանրակացարաններ՝ աշակերտների համար, և մեկ համալիր՝ դասախոսական կազմի համար, ինչպես նաև թատրոն, ամֆիթատրոն, դպրոցական այգիներ։

Նշենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցը կառուցվում է ռուսաստանաբնակ գործարար, «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի ֆինանսավորմամբ:

Մեկնաբանել