Իսպանիայի իշխող կուսակցությունը պարտվել է Բասկերի երկրում, հաղթել՝ Գալիսիայում

Իսպանական երկու ինքնավարությունում՝ Գալիսիայում և Բասկերի երկրում, երեկ տեղի են ունեցել շրջանային ընտրություններ, որոնցում երկրի իշխող Ժողովրդական կուսակցությունն արձանագրել է ոչ այնքան վատ արդյունք, որքան ակնկալվում էր, հաղորդում է Euronews-ը։

Մի կողմից՝ Բասկերի երկրում կուսակցությունը չի կարողացել հայտնվել անգամ առաջատարների եռյակում․ այստեղ խորհրդարանական առաջատար ուժ են դարձել անջատողականները Բասկերի ազգայնական կուսակցության գլխավորությամբ, որը ստացել է 25 մանդատ 75-ից։ Երկրորդ տեղում «Բիլդու»-«Միասնություն» ազգային կոալիցիան է։

«Այսօր, ինչպես և երեկ, մենք թաղվել են ֆինանսական ճգնաժամում։ Մեզ մոտ աճում է գործազրկությունն ու աղքատությունը, մեր պետական հաստատություններն ունեն ֆինանսական խնդիրներ։ Այսօր, ինչպես և երեկ, ինչպես և վաղը, մեր առջև կանգնած է հաստատուն խաղաղության կառուցման և Բասկերի երկրում համագոյակցության համար պայմանների ստեղծման անխուսափելի խնդիրը»,- ասել է Բասկերի ազգայնական կուսակցության առաջնորդ Ինյիգո Ուրկուլիուն։

Ուրկուլիուն արդեն հայտարարել է, որ մտադիր է մինչև 2015թ․ հասնել Բասկերի երկրի համար «քաղաքական նոր կարգավիճակի»։ Այսօր այս շրջանն արդեն իսկ ունի ամենալայն ինքնավարությունը Մադրիդից։ Այդ իսկ պատճառով Բասկերի ազգայնական կուսակցության առաջնորդի խոսքերը մի բանի մասին են վկայում․ նա չի բացառում Բասկերի երկրի լիակատար անջատումը Մադրիդից։

Մյուս կողմից՝ Ժողովրդական կուսակցությունը վստահ հաղթանակ է տարել Գալիսիայում, իսկ նրա ներկայացուցիչ Ալբերտո Նունյես Ֆեյխոն դարձել է շրջանի նոր ղեկավար։ Այս շրջանը միշտ համարվել է Ժողովրդական կուսակցության հենարանը․ 1976թ․ ստեղծման պահից ի վեր այն միայն յոթ տարի է այստեղ ընդդիմություն եղել։ Գալիսիայում ընտրությունների արդյունքները Ժողովրդական կուսակցության համար ունեին նաև խորհրդնշական նշանակություն․ ծագումով այս շրջանից է եղել կուսակցության հիմնադիր Մանուել Ֆրագան, Իսպանիայի ներկայիս վարչապետ Մարիանո Ռախոյը ևս ծագումով Գալիսիայից է։

Գալիսիայում նույնպես վախենում էին անջատողական տրամադրությունների աճից․ այս իմաստով Գալիսիան շարունակում է գլխացավանք մնալ Մադրիդի համար Բասկերի երկրի և Կատալոնիայի հետ միասին։ Ալբերտո Նունյես Ֆեյխոն անգամ չի թաքցրել զարմանքը իր հաղթանակի կապակցությամբ․ «Բավական անսովոր է, որ այսպիսի ճգնաժամի պայմաններում կառավարությունը ստանում է այսպիսի ուժեղ աջակցություն, որն այսօր ստացանք մենք»։

Իսկապես, նախքան ընտրությունները վերլուծաբանները կանխատեսել էին, որ Ժողովրդական կուսակցությանը չի հաջողվի պահպանել դիրքերը․ անջատողականությունը անջատողականություն, սակայն ընտրողների համար գլխավոր շարժառիթը տնտեսական իրադրությունն է երկրում։ Բյուջետային խնայողության միջոցառումները դուր չեն գալիս իսպանացիների մեծ մասին։

Շրջանային հաջորդ ընտրությունները Իսպանիայում նշանակված են նոյեմբերի 25-ին․ դրանք տեղի կունենան Կատալոնիայում։

Մեկնաբանել