Ցորենը թանկացման ուղին է բռնել

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը ցորենի տեղական շուկայում գների հետագա աճ է կանխատեսում: Հոկտեմբերի 15-ի տվյալներով՝ 3-րդ կարգի ցորենը Ռուսաստանի եվրոպական մասում թանկացել է մինչև 9255 ռուբլի/տ (299,5 $/տ)։ Մեկ շաբաթում է ցորենի այս տեսակի գինը բարձրացել է 1,3%-ով։ 4-րդ կարգի ցորենը մեկ շաբաթում թանկացել է 1,7%-ով՝ մինչև 8941 ռուբլի/տ (289,3 $/տ), 5-րդ կարգինը՝ 2,2%-ով՝ մինչև 8630 ռուբլի/տ (279,2 $/տ):

Ռուսաստանի ասիական մասում ևս թանկացել է պարենային և ֆուրաժային ցորենը։ Այսպես՝ 3-րդ կարգի ցորենի գներն այստեղ աճել են 0,4%-ով՝ մինչև 8831 ռուբլի/տ (285,7 $/տ): 4-րդ կարգի ցորենը թանկացել է 0,5%-ով՝ մինչև 8388 ռուբլի/տ (271,4 $/տ), 5-րդ կարգին՝ 2,3%-ով, մինչև 8436 ռուբլի/տ (273 $/տ):

Հացահատիկը թանկանում է արտահանող մյուս երկրներում ևս։ Այսպես՝ փափուկ ցորենի արտահանման միջին գինը ԱՄՆ-ում բարձրացել է մինչև 348 $/տ՝ մեկ շաբաթում արձանագրելով 2,1% աճ։

Համաձայն Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալների՝ ընթացիկ գյուղատնտեսական տարում Ռուսաստանից ցորենի արտահանումը կազմել է 8,6 մլն տ՝ նախորդ տարվա $10,7 մլն-ի համեմատ։ Հոկտեմբերի 1-10-ը Ռուսաստանից արտահանվել է 717 հազ. տ հացահատիկ, այդ թվում՝ 521 հազ. տ ցորեն, 87 հազ. տ գարի, 82 հազ. տ եգիպտացորեն և 27 հազ. տ հացահատիկային այլ կուլտուրաներ:

Հոկտեմբերի 23-ից Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը սկսելու է ապրանքա-ցորենային ինտերվենցիաներ։ Վաճառքները կազմակերպվելու են շաբաթը երկու անգամ՝ մինչև 110 հազ. տ ծավալով։

Ուշագրավ է, որ Ուկրաինան կարող է էմբարգո սահմանել ցորենի արտահանման վրա՝ պայմանավորված երկրում հացամթերքի դեֆիցիտով և գների աճի մտավախությամբ։ Սահմանափակումների մասին պաշտոնական հայտարարություններ դեռ չկան, և արգելքները, ամենայն հավանականությամբ, կվերաբերեն նոր ստորագրվող, և ոչ արդեն ստորագրված պայմանագրերին: Կառավարության և մատակարարների միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ 2012-2013 արտահանման սեզոնին Ուկրաինան արտերկրում կարող է վաճառել մինչև 4 մլն տ ցորեն:

Այս գյուղատնտեսական տարում Ուկրաինայում ցորենի բերքը կրճատվել է մեկ երրորդով՝ կազմելով 15,5 մլն տ: Ցորենի տարեկան պահանջարկը Ուկրաինայում 12 մլն տ է: Ուկրաինայի Գյուղատնտեսության նախարարության տվյալների համաձայն՝ արտահանման չափից ավելի մեծ ծավալները արդեն նոյեմբերի 15-20-ը ընկած ժամանակահատվածում կարող են հանգեցնել առկա ավելցուկային ամբողջ պաշարների սպառմանը: Այժմ արտահանման ամսական ծավալները 1,3 մլն տ-ի շրջանում են։

Հայաստան տարեկան ներկրվում է 350 հազ. տոննա ցորեն, թեև հացահատիկի ընդհանուր ցանքատարածքների (158 հազ. հա) 50%-ը զբաղեցված է ցորենով։ Ներկրումների առյուծի բաժինը կատարվում է Ռուսաստանից, որոշ քանակությամբ՝ Ղազախստանից։

Մեկնաբանել