Էդուարդ Շարմազանովն ամփոփել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի կոնֆերանսի արդյունքները

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 22-ին հրավիրված մամլո ասուլիսում ամփոփել է Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ԱՊՀ ՄԽՎ համաժողովի արդյունքները, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Համաժողովը, որտեղ ելույթ է ունեցել նաև Էդուարդ Շարմազանովը, վերաբերել է մարդու իրավունքների հարգման տեսանկյունից իրավախախտումների կանխարգելմանը և կիբերտարածությունում հանցագործությունների դեմ պայքարին: Իր ելույթում անդրադառնալով ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ ինտենսիվ պայքարի անհրաժեշտությանը` նա արձանագրել է, որ ԱՊՀ տարածքում կա Ադրբեջան երկիր, որտեղ խրախուսվում են ռասիզմի երևույթները: Այդ երկրում ռազմական հռետորաբանությունն առավել հաճախակի բնույթ է կրում, մինչդեռ Հայաստանն իր հասարակությանը պատրաստում է խաղաղության:

Էդուարդ Շարմազանովը հիշեցրել է այս տարվա գարնանը Ադրբեջանի նախագահի՝ կառավարության նիստում արտասանած ելույթի այն խոսքերը, թե իրենց հիմնական թշնամին աշխարհասփյուռ հայությունն է: ԱԺ փոխնախագահը նաև տեղեկացրել է, որ նման ռասիստական, հակամարդկային հայտարարություններով ու հակահայկական քարոզչությամբ են հեղեղված ադրբեջանական լրատվամիջոցներն ու համացանցը:

Աժ փոխնախագահը ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչներին հիշեցրել է Բուդապեշտում ՆԱՏՕ-ի համատեղ ուսուցման ծրագրի շրջանակում դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած, դատարանի կողմից ցմահ ազատազրկված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու ու Ադրբեջանի կողմից նրան ներում շնորհելու փաստը՝ այն որակելով որպես քսենոֆոբիայի ամենացայտուն օրինակը:

«Պատահական չէ, որ բազմաթիվ երկրներ և միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, այդ թվում` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հայտարարել են, որ Սաֆարովին ներում շնորհելը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և նպաստում տարածաշրջանում ապակայունության և լարվածության աճին»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն իր ելույթում մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ Հայաստանն ընտրել է ժողովրդավարությունն ու հանդուրժողականությունը, այլ ոչ թե քսենոֆոբիայի ճահիճը:

Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ փաստարկված իր ելույթը ընկալումով է ընդունվել բոլորի կողմից՝ բացառությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների, որոնք փորձել են Խոջալուի դեպքերը բարդել հայերի վրա: Դրան ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահը հիշեցրել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի՝ իրադարձությունների վրա լույս սփռող խոսքերը՝ նկատելով, որ Խոջալուի բնակիչների գնդակահարությունը ադրբեջանական «Ժողովրդական ճակատի» ներկայացուցիչների ձեռքի գործն է եղել, իսկ սադրանքը կազմակերպվել է քաղաքական նկատառումներով:

Համաժողովի նախորդ օրը Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման և տարածաշրջանային հնարավոր զարգացումների վերաբերյալ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների խորացմամբ և ակտիվորեն ներգրավված է դրանցում: Նրա խոսքով` դրա վառ ապացույցներից մեկը Հայաստանի կողմից ԱՊՀ-ում ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի վավերացումն է:

Տարածաշրջանային կայունության և անվտանգության համատեքստում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս փուլին` Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ խնդրի ռազմական լուծումը և Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն անթույլատրելի են: Նա հավելել է, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի ադրբեջանական որևէ սադրանք:

ԱԺ փոխնախագահը վերահաստատել է ՀՀ պաշտոնական տեսակետն այն մասին, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների արդյունքում` երեք հայտնի սկզբունքների հիման վրա:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը` ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, խնդրի բացառապես խաղաղ լուծման կողմնակիցն է:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի գալիք նախագահական ընտրություններին: Ալեքսեյ Սերգեևը տեղեկացրել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն այս ընտրություններին ևս պատրաստ է հանդես գալ դիտորդական առաքելությամբ: