Վրացական ընդդիմադիր երեք կուսակցություն միավորվում է ընտրություններից առաջ

Շոթա Կինչա, OC Media

Վրացական ընդդիմադիր երեք կուսակցություն՝ «Լելոն», Աննա Դոլիձեի «Հանուն ժողովրդի» կուսակցությունը և նորաստեղծ «Ազատության հրապարակը», չորեքշաբթի հայտարարել են միավորվելու մասին՝ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։

«Լելոն», որը 2019-ին ստեղծել էր TBC Bank Group-ի հիմնադիր Մամուկա Խազարաձեն, փորձում է դիրքավորվել որպես նոր քաղաքական կենտրոն այն ընտրողների և կուսակցությունների համար, որոնք դժգոհ են թե՛ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից, թե՛ նախկինում իշխող «Միացյալ ազգային շարժումից»։ Նրանց կմիանան Աննա Դոլիձեի գլխավորած ձախակողմյան «Հանուն ժողովրդի» կուսակցությունը և նորաստեղծ «Ազատության հրապարակ» քաղաքական խումբը, որը հիմնականում բաղկացած է նախկինում քաղաքական պատկանելություն չունեցող անձանցից:

Հայտարարությունից մեկ շաբաթ առաջ երեք այլ ընդդիմադիր խումբ՝ «Ահալին», «Դրոան» և «Գիրչին», որոնց առաջնորդները նախկինում բոլորն էլ կապված էին «Միացյալ ազգային շարժման»հետ, ստեղծեցին իրենց ընտրական կոալիցիան, որը ստացավ «Ավելի շատ ազատություն» անունը:

Խազարաձեն «Լելոն» հիմնադրել է 2020-ի ընտրությունների նախօրեին՝ անմիջապես այն բանից հետո, երբ նա կառավարությանը մեղադրեց իր ղեկավարած «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» վրա ճնշում գործադրելու և Վրաստանի սևծովյան Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծում իր դեմ գործելու համար։

Նախագիծը դեռ կասեցված է, Վրաստանի կառավարությունը վերջերս հայտարարեց դրա զարգացման մեջ սինգապուրա-չինական ընկերության ներգրավման ծրագրերի մասին: «Լելոն» արևմտամետ այն կուսակցություններից է, որոնք վերջերս խոստացել էին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի օժտել իրավասությամբ՝ ընտրելու հաջորդ կառավարության անդամներին, եթե ընդդիմադիր խմբերը կարողանան թույլ չտալ, որ «Վրացական երազանքը» մեծամասնության ստանա աշնանը կայանալիք ընտրություններում։

Վրացի հանրահայտ ընդդիմադիր գործիչ Աննա Դոլիձեն «Հանուն ժողովրդի» կուսակցությունը հիմնադրել է 2021-ին: Քորնելի համալսարանի իրավաբանական դպրոցի շրջանավարտ Դոլիձեն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարության երկարամյա քննադատն էր:

Նա կարճ ժամանակ եղել է Վրաստանի պաշտպանության՝ առաջին կին նախարար Թինաթին Խիդաշելիի տեղակալը՝ նախքան 2016-ին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի աշխատակազմում աշխատանքի անցնելը: Ժամանակի ընթացքում և՛ Դոլիձեն, և՛ Մարգվելաշվիլին ավելի ու ավելի էին հիասթափվում «Վրացական երազանքի» գլխավորած կառավարությունից։ Պատճառներից մեկն այն էր, որ ըստ նրանց՝ իշխող կուսակցությունը չափազանց մտերմացել էր դատավորների հետ, որոնց Դոլիձեն ավելի վաղ քննադատում էր, երբ Մարդու իրավունքների պաշտպան էր։

«Հանուն ժողովրդի»-ն առանձնանում է որպես ընդգծված ձախակողմյան հակում ունեցող ուժ՝ հիմնականում աջ կենտրոնամետ արևմտամետ քաղաքական դաշտում: Դոլիձեն նախկինում աջակցել է մոլախաղերի ոլորտը կարգավորող արշավին՝ փորձելով պայքարել մոլախաղերից կախվածության դեմ, և քննադատել պատանդառու [2020-ի նոյեմբերին Թբիլիսիում բանկի աշխատակիցներին պատանդ վերցրած] Լևան Զուրաբաշվիլիի դատավարությունը՝ որակելով այն «խտրական արդարադատության» օրինակ։

Դոլիձեի կողմից Վրաստանի դատական ​​համակարգի և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նախկին համախոհների՝ կառավարությունում չափազանց մեծ ներկայություն ունենալու վերաբերյալ քննադատությունը համահունչ է լիբերալ խոշոր խմբերի քաղաքական օրակարգին: Բացի այդ, Դոլիձեն, ըստ երևույթին, համակարծիք է նախագահ Զուրաբիշվիլիի հետ, որը նույնպես հանրաճանաչություն էր ձեռք բերել իր նախկին դաշնակից Իվանիշվիլիի և «Վրացական երազանքի» բացահայտ քննադատությունից հետո:

«Ազատության հրապարակը» դեռ չի մասնակցել որևէ ընտրության, քանի որ այն ստեղծվել է այս ամսվա սկզբին՝ «Բազմակուսակցական ժողովրդավարության Արևելյան Եվրոպայի կենտրոն» դիտորդական խմբի գործադիր տնօրեն Լևան Ցուցկիրիձեի կողմից։ Նա հայտնի է որպես օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքի դեմ բողոքի վերջին ալիքի առաջնորդներից մեկը։ Ցուցկիրիձեն ձգտել է իր «Ազատության հրապարակում» ներգրավել մասնագիտական կավ ​​փորձ, բայց նվազագույն քաղաքական անցյալ ունեցող անձանց:

Մեկնաբանել