3+3 ձևաչափով հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում՝ Թուրքիայում։ Այդ մասին իրանական SNN գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Այս հարթակի արտգործնախարարների հանդիպումն առաջին անգամ կայացավ Թեհրանում, հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս՝ Թուրքիայում»,- տեղեկացրել է Սոբհանին։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին՝ դեսպանը նշել է․ «Մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միանգամայն հստակ է. մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանն ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության»։
Նրա խոսքով՝ անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում բխում է Իրանի շահերից, և Թեհրանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ։
2020-ի ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի վեց երկրների (Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան) համագործակցության հարթակ ստեղծվելու առաջարկներ հնչեցին։ 2021-ի դեկտեմբերին Մոսկվայում կայացել է 3+3 ձևաչափով նախանիստ՝ փոխարտգործնախարարների մակարդակով։ 2023-ի հոկտեմբերին Թեհրանում արդեն հանդիպել էին վեց երկրների արտգործնախարարները։ Հարթակի երկու հանդիպումներին էլ Վրաստանը չի մասնակցել։