Երբ դու ինքդ քեզ չես հարգում, ուրիշներն էլ չեն հարգում. Արման Նավասարդյան

Դիվանագիտական սեկտորն իրեն համարում է էլիտար, իրեն պահում է առանձնացած, ամբողջ աշխարհում իրենք իրար լավ են ճանաչում, և ներքին առումով միմյանց նկատմամբ հարգանք կա. «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում նշեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով երկու նախկին արտգործնախարարների նկատմամբ ՀՀ իշխանությունների հարուցած «փողերի լվացման» մեղադրանքով քրեական գործերին: «Արտգործնախարարներին նման մեղադրանք ներկայացնելը սխալ է, իշխանությունը նման բան չպիտի աներ»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Հեֆֆերնի՝ ի նպաստ Օսկանյանի, և Ռուսաստանի Դաշնության դեսպանի՝ («Հայրենակիցներ» ծրագրի մասին խոսելիս) ՀՀ կառավարությանն ուղղված քննադատական հայտարարություններին՝ նա դրանք որակեց «մեր երկրի գործերին միջամտություն, Վիեննայի 1961թ. կոնվենցիայի խախտում»: Նման հայտարարություններ, ըստ նրա, առաջին անգամ չէ, որ հնչում են: «Նախկին դեսպան Մարի Յովանովիչը շուրջ մեկ տարի առաջ, համալսարանում ելույթ ունենալով, անվանարկեց մեր իշխանություններին, թե ինչու են երկարաձգել Ռուսաստանի հետ ռազմական պայմանագիրը: Սա ևս կոպտագույն միջամտություն էր մեր երկրի ներքին գործերին, և սրանից հետո մեր իշխանությունները իրեն պիտի «պերսոնա նոն գրատա» հայտարարեին,- ասաց նա՝ հավելելով,- սրա պատճառը մեկն է. երբ դու ինքդ քեզ չես հարգում, ուրիշներն էլ չեն հարգում»:

Ըստ Նավասարդյանի՝ եթե մենք, ինչպես Գալուստ Սահակյանը, համարենք, որ դեսպանների հայտարարությունները իրենց անձնական կարծիքն են, ուրեմն մենք այդ մարդկանց զրկում ենք դեսպանի լիազորություններից. «Այս դեպքում կամ նրանց հետ են կանչում, կամ նրանք հրաժարական են տալիս: Թե դեսպան Հեֆֆերնին, թե Ռուսաստանի դեսպանին պիտի պատասխաներ մեր արտգործնախարարությունը»,- վստահեցրեց նա:

Փորձառու դիվանագետի գնահատմամբ՝ արտգործնախարարությունը նաև ակտիվ գործունեություն պիտի ծավալի մշակույթի բնագավառում՝ ոչ միայն երկրի ներսում՝ էսթետիկ նպատակներով ներկայացնելով համաշխարհային գոհարներ, այլև՝ մեր մշակույթը և մշակութային զարգացման մակարդակը ներկայացնի արտերկրում, քանի որ մշակույթն այն ոլորտն է, որում մենք, իրապես հարուստ ենք, Ադրբեջանը՝ ոչ:

Նրա դիտարկմամբ՝ առանցքային կարևորության հարցերը հաճախ դիվանագիտական սխալների պատճառով վերածվում են մանր նպատակների համար շահարկվող թեմաների: «Լեռնային Ղարաբաղի կամ Ցեղասպանության խնդիրները, լինելով դոմինանտ մեր արտաքին քաղաքականության համար, ներքին քաղաքականության մեջ վերածվում են մանր սպեկուլյացիայի»,- նշեց Արման Նավասարդյանը: