Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գովազդային կասկածելի գրառումներ, որոնք խոստանում են շաքարախտի արագ և «հրաշք» բուժում: Գովազդներում առաջարկվում է նոր դեղամիջոց, որն իբր կարող է հեշտությամբ բուժել շաքարային դիաբետը։

Գրառումները հաճախ պարունակում են կասկածելի և անհավանական պնդումներ «դեղամիջոցի» վերաբերյալ. օրինակ, թե այն «մեկ անգամ ընդունելով՝ կարող եք ազատվել շաքարախտի բոլոր ախտանիշներից»։

#CivilNetCheck-ը գնացել է այդ հրապարակումների հետքերով՝ փորձելով պարզել, թե որքանով են իրատեսական գովազդային խոստումները։
Կեղծ կայքը նման է Հայաստանի էլեկտրոնային ազգային առողջապահական համակարգին
Գովազդվող կասկածելի գրառումների հղումները տանում են վեբկայք, որը բացելուն պես առաջարկում է գնել «մեկ ամսում շաքարախտը բուժող դեղամիջոցը»՝ նշելով, որ ակցիան շուտով ավարտվում է: Սա դասական խաբեության տեխնիկա է՝ մարդկանց ստիպելու գործել առանց մտածելու:

Ուշագրավ է, որ կեղծ կայքը ներկայանում է որպես «eHealth ազգային էլեկտրոնային առողջապահական համակարգ» և այդպիսով ապակողմնորոշում քաղաքացիներին՝ կրկնօրինակելով Հայաստանի պաշտոնական ԱրՄեդ / E-Health էլեկտրոնային առողջապահության համակարգը:
Կեղծ հոդվածներ՝ հորինված բժիշկների անունից
Կայքը գովազդում է Dialux անունով հորինված դեղամիջոց՝ այն ներկայացնելով որպես շաքարախտի արագ բուժման միջոց: Հոդվածը լի է ապակողմնորոշող պնդումներով, որոնք նպատակ ունեն խաբել հիվանդներին և վաճառել անարդյունավետ արտադրանք՝ դեղամիջոցի անվան տակ։

Կայքը հղում է կատարում «Նիկոլայ Նեստերով» անունով մտացածին բժշկի, որը պնդում է, թե Dialux-ը կարող է բուժել շաքարախտի բոլոր տեսակները մեկ ամսում: Բացի այդ, նշվում է, թե այդ միջոցը հաստատված է և վաճառվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից:

Համացանցում որոնումը ցույց է տալիս, որ «Նիկոլայ Նեստերով» անունով հայտնի էնդոկրինոլոգ գոյություն չունի, իսկ լուսանկարն իրականում մեկ այլ բժշկի է։ Նույն կայքում այս հոդվածի կողքին առկա է ևս մեկը, որը դարձյալ մոլորեցնող և կեղծ պնդումներ է վերագրում մեկ այլ գոյություն չունեցող գիտնականի։
Գովազդվող ապրանքը դեղամիջոց չէ և չի կարող բուժել դիաբետը
Կասկածելի կայքում Dialux միջոցը վաճառվում է 16 000 դրամով, այնինչ արտասահմանյան կայքերում այն 10-20 անգամ էժան է։
Կայքում դեղամիջոցի և շաքարախտի վերաբերյալ պնդումները հակասում են ժամանակակից բժշկության ընդունված գիտելիքներին. շաքարային դիաբետը իրականում բարդ, քրոնիկ հիվանդություն է, որը հնարավոր չէ բուժել, այն էլ` մեկ ամսում: Բացի այդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն, չի զբաղվում առանձին դեղամիջոցների երաշխավորմամբ և վաճառքով:
Նախ, Dialux անունով դեղամիջոց գրանցված չէ որևէ հեղինակավոր, այդ թվում՝ դեղագործական ազգային գործակալությունում։ Այդ մասին չկա հիշատակում նաև ԱՄՆ Սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկողության (FDA) կամ Եվրոպական դեղամիջոցների (EMA) գործակալություններում։
Որոշ նմանօրինակ կայքերում, որոնք փորձում են վաճառել այս միջոցը, նշված է դրա պարունակությունը. այն սննդային բնական հավելում է, դեղամիջոց չէ և չի կարող բուժել շաքարային դիաբետը:
Այս կեղծ դեղամիջոցի տարածմանը դեռ 2021-ին անդրադարձել էին վրացական Myth Detector-ի փաստեր ստուգող լրագրողները և պարզել, որ այս դեղամիջոցի վերաբերյալ խարդախությունը տարածվում է տասնյակ երկրներում:
Այսպիսով, շաքարային դիաբետը բուժել խոստացող գովազդվող միջոցը ակնհայտորեն կեղծ է: Այն վաճառող կայքը պարունակում է բազմաթիվ ապակողմնորոշող և վտանգավոր պնդումներ։