Իտալիայում սեյսմոլոգներին ազատազրկման են դատապարտել սխալ կանխատեսման համար

Իտալիայի Ակվիլա քաղաքի դատարանը մեղավոր է ճանաչել վեց սեյսմոլոգների և մեկ՝ ռիսկի գնահատման հանձնաժողովի անդամ պետական պաշտոնյայի 2009թ-ին սեյսմիկ դրությունը սխալ գնահատելու համար. հաղորդում է BBC-ն: Յոթն էլ դատապարվել են վեց տարվա ազատազրկման:

2009թ. ապրիլին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Իտալիայի կենտրոնում՝ Ակվիլա քաղաքի մոտ, մահացել է 309 մարդ: Դատարանը մեղադրյալներին մեղավոր է ճանաչել չկանխամտածված սպանության մեջ:

Ըստ մեղադրանքի՝ նրանք սխալ հայտարարություն էին արել՝ նվազեցնելով քաղաքին սպառնացող վտանգի աստիճանը: Պաշտպանությունը, իր կողմից, հայտարարել է, որ հնարավոր չէ ճշգրիտ կանխորոշել երկրաշարժը: Ինչպես հաղորդում է La Repubblica-ն դատապարտյալներին վեց տարվա ազատազրկումից հետո անգամ արգելվելու է զբաղեցնել քաղծառայողի պաշտոն:

Սեյսմոլոգների դատավարությունը շարունակվում է 2011թ-ից: Բազմաթիվ երկրների գիտնականներ մտահոգված են դատավճռով: Հետևելով դատավարության ընթացքին՝ նրանք հայտարարել են, որ դատարանի առաջ է կանգնած գիտությունը: Նրանք կարծում են, որ այս դատավճռի արդյունքում բազմաթիվ գիտնականներ ուղղակի կվախենան իրենց եզրակացությունները հրապարակել՝ ենթադրելով, որ վաղն իրենք կարող են հայտնվել դատապարտյալի աթոռին:

Ավելի քան հինգ հազար գիտնական բաց նամակով դիմել է Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին՝ հուսալով, որ նա կսատարի սեյսմոլոգներին:

Մեկնաբանել