Բնակարանային ծրագրից օգտվելու համար արցախցի 285 ընտանիք է դիմել

Հուլիսի 15-ի դրությամբ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 285 ընտանիք է դիմել։ Այդ դիմումներից 29-ը հաստատվել է և 29 ընտանիք արդեն հավաստագիր է ստացել։ Մնացածը մշակման փուլում է։ Կան նաև մերժված դիմումներ՝ պայմանավորված դիմումատուների՝ ծրագրի պայմաններին չհամապատասխանությամբ։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատվել է մայիսի 16-ին և մեկնարկել է հունիսի 15-ին։ Ծրագրի հիմնական պայմաններից մեկն այն է, որ շահառու ընտանիքի բոլոր անդամներն ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Առայժմ ծրագրից կարող են օգտվել միայն առաջին փուլի շահառուները։ Ծրագիրն ընդգրկում է երեք բաղադրիչ` բնակարանի կամ տան ձեռք բերում, բնակելի տան կառուցում և հիփոթեքային վարկի մարում։ Ընդ որում՝ այս փուլում առաջնահերթություն է սահմանվել երկու և ավելի անչափահաս երեխաներ, զոհվածի, կերակրողին կորցրածի կամ հաշմանդամության առաջին կամ երկրորդ խումբ ունեցող անդամով ընտանիքներին։ Կառուցապատման համար դիմումների ընդունման գործընթացը մեկնարկել է հուլիսի 15-ին։

Կարդացեք նաև՝

Այս ծրագրի կարևոր բաղադրիչը հատկացվող գումարն է ու բնակավայրերի ցանկը, որտեղ արցախցիները կարող են բնակարան ձեռք բերել կամ տուն կառուցել, ինչպես նաև մարել արդեն իսկ առկա հիփոթեքային վարկը։ Աջակցության չափը որոշվում է ընտրած բնակավայրով, այն 2-5 մլն դրամ է՝ ընտանիքի ամեն մի անդամի հաշվով, որտեղ 2 մլն դրամը նախատեսված է հիփոթեքի մարման համար։ Գերատեսչությունից չկարողացան հայտնել, թե շահառու ընտանիքները Հայաստանի ո՛ր բնակավայրերն են ընտրել, քանի որ այս պահին հնարավոր չէ վիճակագրություն ներկայացնել։

«Մարզային վիճակագրություն հնարավոր կլինի ներկայացնել հավաստագրերի իրացումից հետո, քանի որ հավաստագրում չկա որևէ սահմանափակում, և շահառուն ինքն է որոշում, թե որտեղ ձեռք բերի կամ կառուցի իր տունը»,- հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Հայկ Ղազարյան

Մեկնաբանել